ՌԴ-ն կոչ է անում լիովին ապաշրջափակել Լաչինի միջանցքը․ Մարիա Զախարովա
16:46 - 27 հունվարի, 2023

ՌԴ-ն կոչ է անում լիովին ապաշրջափակել Լաչինի միջանցքը․ Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է՝ կոչ են անում լիովին ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության, և հորդորում Բաքվին ու Երևանին արագորեն լուծել առկա տարաձայնությունները։

«Ռուսաստանը, ի տարբերություն արտաքին խաղացողների մեծ մասի, որոնք սահմանափակվում են դեէսկալացիայի կոչերով, իրական լուծումներ է փնտրում տեղում և մարդասիրական օգնություն է ցուցաբերում», - ասել է Զախարովան։

Նա նշել է, որ վերահաստատում են պատրաստակամությունը՝ կազմակերպելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների եռակողմ հանդիպումը, որը նախկինում չէր կայացել․ «Կարծում ենք՝ պարբերաբար ծագող բարդությունները չպետք է խոչընդոտ, բանակցային գործընթացի «սառեցման» պատճառ դառնան»։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։

9 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 16 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 6-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 49 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։

Արցախը շրջափակման մեջ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել