Զոհված զինծառայողների ծնողները դարձյալ Եռաբլուրում էին՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի մուտքը
12:52 - 28 հունվարի, 2023

Զոհված զինծառայողների ծնողները դարձյալ Եռաբլուրում էին՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի մուտքը

Զոհված զինծառայողների ծնողները այսօր՝ Հայոց Ազգային բանակի կազմավորման 31-ամյակին, վաղ առավոտից դարձյալ հավաքվել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Նրանք նպատակ ունեին թույլ չտալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այցելել պանթեոն։ Ծնողներից մեկի խոսքով միանշանակ չեն կարող որևէ բան անել, որ չթողնեն, որովհետև մինչ հասել են Պանթեոն, ոստիկանական մեծաթիվ ուժեր են եղել, որոնք փակել էին մուտքերը։

«Մենք այսօր կսահմանափակվենք միայն այստեղ գտնվելով ու կոչ կանենք ամբողջ հայ ազգին, որ եկեք, համախմբվենք ծնողների շուրջ, որ հետագա քայլերը, որ նախաձեռնում են էս իշխանությունները, որ գան, ցույց տա, որ կարողացա գալ»,- նշեց նա, որ եթե անգամ հինգ հազար էլ լինեն, գալու են, անցնեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բանակի օրվա առթիվ «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Տեղում աշխատող լրագրողները հայտնում են, որ Պանթեոնում բանակի օրվան նվիրված միջոցառումը փակ է եղել լրատվամիջոցների համար։

Զոհված զինծառայողների ծնողներին ևս թույլ չեն տվել մտնել Պանթեոնի տարածք, որտեղ տեղի էր ունենում միջոցառումը։ Ոստիկանական շարքերի հետևից զոհված զինծառայողների ծնողները գոռում էին «թուրք», «ամոթ»։

Հիշեցնենք, որ 2021թ․ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը ևս զոհված զինծառայողների ծնողները վաղ առավոտից հավաքվել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի դիմաց՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանին մտնել այնտեղ։ Ոստիկանները բռնի ուժով հեռացրել էին ծնողներին։ Դեպքի առնչությամբ քրեական գործ է նախաձեռնված։ 

Հունվարի 26-ին Քննչական կոմիտեում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների առերեսում է տեղի ունեցել Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի հետ։ Ըստ ծնողների՝ հենց նա է իրենց բերման ենթարկելու հրամանը տվել։

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել