Փետրվարի 6-ին Հայաստանի հարևան Թուրքիայում՝ Սիրիայի սահմանից ոչ հեռու տեղի ունեցավ 7.4 մագնիտուդով երկրաշարժ, հաջորդ օրը տեղի ունեցան 7.7, ապա 5.9 մագնիտուդով երկրաշարժեր, իսկ փետրվարի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը 4.4 մագնիտուդ է կազմել։ Վերջին տվյալներով՝ Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 15 000-ը։
Գիտությունների ազգային ակադեմիայի Ա․ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիուտի Սեյսմաբանության և երկրաշարժերի կանխագուշակման լաբորատորիան դեռ 2013-2018 թթ․-երի ընթացիկ սեյսմիկ մշտադիտարկման արդյունքում արձանագրել էր Հայաստանում և հարակից տարածքներում սեյսմիկ ակտիվության և սեյսմիկության անոմալ դրսևորումները։
Գիտնականները տարիներ առաջ կանխատեսել էին Տավրոկովկասի տարածքում սպասվող երկրաշարժերը
Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիուտի տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Ջոն Կարապետյանն ասում է, որ մոնիթորինգի արդյունքում բացահայտել են, որ 2020-2025 թթ․-երին մինչև 5.5 մագնիտուդ երկրաշարժեր են սպասվում ամբողջ Տավրոկովկասի տարածքում․ «Բացի դրանից՝ ինստիտուտում գործող Մաթեմատիկական երկրաֆիզիկայի և գեոինֆորմատիկայի գիտական խումբը, կիրառելով մաթեմատիկական մոդելներ, սկսեց սեյսմիկության ավելի մանրամասն տարածաժամանակային ուսումնասիրություններ իրականացնել, ինչի միջոցով կարողացանք հայտնաբերել երկարաշարժերի համախմբվածություններ (կլաստերներ) Հայաստանի և հարակից տարածքներում, Հայաստանի հյուսիսային մասում, Ջավախքում, Իրանում, Ադրբեջանում, Թուրքիայում և Մեծ Կովկասի տարածքում»։
Գիտնականը բացատրում է՝ երկրաշարժերի համախմբվածությունը նշանակում է, որ դրանք տարածքային և ժամանակային առումով համախմբվում են ինչ-որ մի ուղղությամբ, այսինքն՝ ձևավորվում են որոշակի հնարավոր գոտիներ, որի տիրույթում տեղի են ունենում ուժեղ երկրաշարժեր։
Երկրաշարժերի համախմբվածությունից բացի՝ ինստիտուտի գիտնականները դեռ տարիներ առաջ արձանագրել են սեյսմիկության անոմալ դրսևորումների գրեթե բոլոր տարատեսակները․ «Անոմալ դրսևորումների տարատեսակները արտահայտվել են զույգ երկրաշարժերի տեսքով, այսինքն՝ շատ կարճ ժամանակամիջոցում օջախային գոտում տեղի է ունենում զույգ երկրաշարժ։ Արձանագրել ենք նաև երկրաշարժերի պարս՝ այսինքն՝ երբ շատ կարճ ժամանակահատվածում (1-15 օր) նույն օջախային գոտիներում տեղի են ունենում մեծ քանակի երկրաշարժեր, որոնք սովորաբար հանդիսանում են ուժեղ երկրաշարժերի նախանշաներ:
Այս արդյունքները ներառվել են ԳԱԱ տարեկան հաշվետվություններում, ինչպես նաև ներկայացվել են գիտաժողովների, այդ թվում՝ European Geosciences Union միջազգային գիտաժողովի ընթացքում։
Ջոն Կարապետյանը հիշեցնում է օրեր առաջ Իրանում տեղի ունեցած երկրաշարժը և նշում, որ ինտիտուտի գիտնականները արձանագրել էին նաև երկրաշարժերի տեղաբաշխումները և փոխկապակցվածություններ․ «Օրինակ, երկրաշարժը Իրանում է տեղի ունեցել, հետո տեղաբաշխվել, տեղափոխվել է Թուրքիայի տարածք, կամ տեղի է ունեցել Ջավախքում, տեղափոխվել է Ադրբեջան, հետո տեղափոխվել է Իրան, Թուրքիա և դարձյալ վերադարձել է Հայաստանի հյուսիսային մաս։ Նմանատիպ տեղաբաշխումները մեկը մյուսի հետ փոխկապակցվածություն են դրսևորել»։
Կարապետյանը չի կիսում այն տեսակետները, ըստ որոնց՝ Հայաստանի տարածքում քիչ հավանական են նման երկրաշարժերը։ Նա ընդգծում է, որ, հաշվի առնելով երկրաշարժերի փոխկապակցվածությունը, Հայաստանում հնարավոր վտանգի մասին եզրակացություններ անելիս անհրաժեշտ է դիտարկել և լոկալ, և ռեգիոնալ տեսանկյունը․ «Օրինակ, Հայաստանի հյուսիսային հատվածում, Ջավախքում, Շորժայի տարածքում 2020-2022 թ․-երին նշածս համախմբվածություններրը եղել են։ Տավրոկովկասի սեյսմիկությանը և սեյսմոտեկտոնական իրավիճակին առանձին նայելը, առանձին հատվածներով նայելը սխալ է։ Ճիշտ չէ այն մոտեցումը, թե երկրաշարժի էպիկենտրոնը հեռու է, հետևաբար դա Հայաստանի որևէ խնդիր չի առաջացնում»։
Ջոն Կարապետյանը նաև նշում է, որ Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ շարժումների ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերել գրունտների տատանումների առավելագույն արագացումների արժեքները․ «Գրունտների առավելագույն արագացումների արժեքները սովորաբար օգտագործվում են շենքերի նախագծման փուլում, այսինքն՝ շենքերը նախագծում են այդ տվյալների hիման վրա։ Թուրքիայի երկրաշարժի ժամանակ գրանցվել է 2000 սմ/վրկ2 (2g) գերազանցող առավելագույն արագացումների արժեքներ, որոնք 4 անգամ գերազանցում են երկրաշարժադիմացկուն շինարարության նախագծման նորմերում բերված սեյսմիկ վտանգի գնաhատման գոտիավորման քարտեզում նշված արժեքներին»։
Ըստ գիտնականի՝ գրունտի նմանատիպ արագացումներ ֆիքսվել են Ճապոնիայում 2011 թ․-ին՝ Հոնսյու կղզու երկրաշարժի ժամանակ, որի մագնիտուդը կազմել է 9․ «Եվ տեկտոնական, և սեյսմոտեկտոնական, և սեյսմիկության տեսանկյունից Ճապոնիան և Թուրքիան տարբերվում են իրարից, և նմանատիպ արագացման արժեքների ֆիքսումը hետագա խորը ուսումնասիրությունների կարիք ունի։ Խորը ուսումնասիրություններից բացի՝ պրոֆեսիոնալ մեկնաբանման կարիք ունի, քանի որ ոչ միայն hորիզոնական բաղադիրիչներն են գերազանցել 2000 սմ/վրկ2 արագացման արժեքները, այլ նաև ուղղաձիգ բաղադրիչներն են այդքան մեծ ստացվել»։
Սա «մեսիջ» է, որպեսզի Հայաստանում զինվեն համապատասխան գործիքակազմով
Գիտնականը ասում է՝ պետք է հստակ հասկանալ բոլոր այն սցենարները, որոնք կարող են լինել Հայաստանում նման երկրաշարժերի դեպքում․ «Սցենարները ունենալու դեպքում մենք պիտի հասկանանք ՝ որքանով ենք պատրաստ թե կազմակերպական, թե մի շարք այլ տեսանկյուններից, որքանով ենք պատրաստված դիմակայելու և իրականացնելու համապատասխան աշխատանքներ»։
Նրա խոսքով՝ սա մեսիջ է, որպեսզի Հայաստանում զինվեն համապատասխան գործիքակազմով, զբաղվեն, օրինակ, շենքերի անձնագրավորման խնդրով․ «Իսկ շենքերի անձնագրավորման խնդիրը այսօր շատ ակտուալ է, քանի որ դրանում նշվում է շենքերի գործիքային դիտարկումների տվյալները, փաստացի տեխնիկական վիճակը, շենքի վնասվածության աստիճանը, որի պարագայում արդեն կարող ենք ունենալ համապատասխան սցենարները, թե, օրինակ, ինչպիսի արդյունք կլինի 6 մագնիտուդով երկրաշարժի դեպքում։ Այսօր բնակֆոնդի զգալի տոկոսը կազմում է խորհրդային տարիներին կառուցված շենքերը, որոնք եղել են նաև Սպիտակի երկրաշարժի ժամանակ և փլվել են։ Նմանատիպ շենքերը անհրաժեշտ է մանրամասն հետազոտել և ունենալ եզրակացություն։ Անհրաժեշտ է քանդել այն շենքերը, որոնք քանդման ենթակա են, դրա փոխարեն կառուցել նորը՝ առավելագույն որակով, որպեսզի մարդը երկրաշարժի ժամանակ ոչ թե շենքից փախչի, այլ շենքում մնալով վստահ լինի, որ շենքը չի փլվելու։ Ու այդ դեպքում ոչ մի խուճապ չի լինի և կազմակերպական տեսանկյունից արդեն կառավարելի իրավիճակ կստեղծվի»,-ասում է նա՝ ընդգծելով՝ այսօր և գործիքակազմով, և նյութատեխնիկական բազայով պատրաստ չենք դիմակայելու ուժեղ երկրաշարժին։
Երկրաշարժագիտությունը պետք է դառնա ռազմավարական ուղղություն
Ջոն Կարապետյանը նշում է, որ ինստիտուտում երկրաշարժագիտությունն ուսումնասիրող մի շարք լաբորատորիաներ ու գիտական խմբեր են գործում․ Սեյսմաբանության և երկրաշարժերի կանխագուշակման լաբորատորիայում իրականացվում են սեյսմիկության տարածաժամանակային մանրամասն վերլուծություններ, ընթացիկ սեյսմիկ մշտադիտարկում, սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրություն, սեյսմիկ վտանգի և ռիսկի գնաhատում։ Բացի դրանից՝ գործում է լաբորատորիա, որը զբաղվում է կառույցների սեյսմակայունության ուսումնասիրությամն, մեկ այլ լաբորատորիա զբաղվում է գիտական սարքաշինությամբ, որտեղ մշակվում են սեյսմիկ տպիչներ, որոնց միջոցով հնարավորություն է լինում գրանցել երկրաշարժերը։ Մաթեմատիկական երկրաֆիզիկայի և գեոինֆորմատիկայի գիտական խումբն էլ զբաղվում է երկրաշարժագիտության մեծ տվյալների մշակմամբ, մաթեմատիկական մոդելների կիրառմամբ։ Մեկ այլ լաբորատորիա էլ զբաղվում է Երկրի խորքային կառուցվածքի և երկրադինամիկական պրոցեսների ուսումնասիրությամբ։
Ինստիտուտում գործում է նաև միջազգային ստանդարտներին համապատասխան մագնիսական դաշտի դիտարան, որի ճշտությունն, ըստ Կարապետյանի, բավականին մեծ է։ Այս դիտարանի միջոցով էլ կարողանում են ուսումնասիրել երկրաշարժի նախանշանները․ «Երկրաշարժի նախանշանների 200 տարատեսակներ կան․ օրինակ՝ ջրի քիմիական կազմի փոփոխություն, ստորերկրյա ջրերի մակարդակի փոփոխությունն երկրաշարժից առաջ, երկրի մագնիսական դաշտի փոփոխություններն, որոնք ուսումնասիրում ենք։ Գիտությունների ազգային ակադեմիայի զեկույցներում և միջազգաին ամսագրերում տպագրել ենք մի աշխատանք, որում ցույց ենք տալիս երկրաշարժից առաջ երկրի մագնիսական դաշտի փոփոխությունները։ Կոնկրետ օրերով, ժամերով ունենք բավականին hետաքրքիր hամընկնումներ, ընդ որում, և Իրանի, և Թուրքիայի երկրաշարժից առաջ ֆիքսել ենք նմանատիպ անոմալ դրսևորումներ»։
Ջոն Կարապետյանն ասում է՝ այս ուսումնասիրությունները կարևոր են, քանի որ սեյսմաբանությունը անմիջապես առնչվում է մարդու կյանքի և նյութական բարիքների պաhպանության hետ․ «Երկրաշարժագիտությունը պետք է զարգացնել որպես ռազմավարական ուղղություն, այն hատուկ ուշադրության պետք է արժանանանա։ Պետք է իրականացվեն նպատակային ներդրումներ նշված ուղղությունների զարգացման hամար՝ թե պատրաստվածության, թե գործիքակազմի ձեռքբերման, թե դիտացանցերի արդիականացման առումով»։
Նանե Ավետիսյան
comment.count (0)