ԱԺ-ն  կողմ քվեարկեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին երեք միջնորդագրերին
16:05 - 08 փետրվարի, 2023

ԱԺ-ն կողմ քվեարկեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին երեք միջնորդագրերին

Ազգային ժողովը համաձայնություն տվեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի երեք միջնորդություններին։

Նրան անձեռնմխելիությունից զրկելու երկու միջնորդություններին կողմ են քվեարկել քվեարկությանը մասնակցած բոլոր 68 պատգամավորները։ 

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը նշեց, որ միջնորդությանը, որը վերաբերել է գաղտնի տվյալներ պարունակող քրեական գործին, 66 կողմ ձայն է ստացել։ ՔՊ խմբակցության երկու պատգամավոր չեն մասնակցել քվեարկությանը, քանի որ չեն ունեցել  գաղտնիության հասանելիություն։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ նախագահին։ 

Միջնորդագրերից առաջինը վերաբերում է պաշտպանության նախարարության զորամասերից մեկի օտարման գործարքին։ 

Երկրորդ միջնորդությունը ԱԺ-ում քննարկվել է դռնփակ․ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խոսքով՝ օրենքով պաշտպանվող գաղտնիք պարունակող միջնորդություն է։

Ըստ երրորդ միջնորդագրի՝ Սեյրան Օհանյանը, 2008թ․ ապրիլի 14-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել