Վերջին օրերին սկսել է քննարկվել գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի հնարավոր միավորման հարցը։ Այս թեմայով խոսակցություններ կային դեռևս նախորդ տարվա սկզբին, երբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) շրջանառության մեջ դրեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։
Հնարավոր միավորման մասին առաջին խոսակցությունները
2022-ի ամռանը կառավարությունը հաստատեց «ՀՀ կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։ Կառավարության նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նախագիծը ներկայացնելիս խոսեց նաև առաջարկվող կարևոր փոփոխությունների մասին․ «Արմատական բարեփոխումների մեջ պետք է առանձնացնել պետական բուհերի, ըստ ուղղությունների, խոշորացումը, գիտահետազոտական ինստիտուտների հետ միավորումը, հետազոտությունների որակի և մրցունակության բարձրացման, ինչպես նաև արդյունավետ սերնդափոխության նպատակով բուհերի խոշորացման ծրագրի շրջանակներում բուհերի կառավարման համակարգի վերանայումը։ Կստեղծվեն 100% պետական ֆինանսավորմամբ 5-8 բուհ՝ չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը»։
Նախագծում նշվում է նաև, որ առաջարկվող փոփոխություննների արդյունքում 2030 թ․ առնվազն 4 բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ։
Խորհրդարանն ընդունել է նախագիծը, իսկ Հանրապետության նախագահն այն ստորագրել է 2022-ի դեկտեմբերին։
Գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի միավորման թեման վերջին օրերին սկսեց կրկին քննարկվել այն բանից հետո, երբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելեց Գիտությունների ազգային ակադեմիա (ԳԱԱ)։ Այստեղ նա հանդիպեց Ակադեմիայի ղեկավարության և ԳԱԱ կազմում ընդգրկված ինստիտուտների տնօրենների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։
Հանդիպման ընթացքում, դատելով ԳԱԱ տարածած մամուլի հաղորդագրությունից, քննարկվել է նաև ինստիտուտների ու բուհերի միավորման թեման։ Ինստիտուտների տնօրենները դեմ են արտահայտվել նման հնարավոր փոփոխությանը, իսկ ԳԱԱ ղեկավարությունն ունի փոփոխությունների սեփական առաջարկը։
Ինչպես հարցը բերվեց օրակարգ
ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը պատմում է, որ 2022-ի հուլիսին «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծն իր վերջնական փուլում էր և համաձայնեցված էր գերատեսչությունների, շահագրգիռ կողմերի միջև․ «Հուլիսի 1-ին այն պետք է արժանանար վերջնական հավանության և ապա գնար Ազգային ժողով»։
Հիշեցնենք, որ օրենքի նախագծի առաջին տարբերակն ԱԺ-ն ընդունել էր 2021-ին, սակայն դրա որոշ դրույթներ հակասահմանադրական էին ճանաչվել։ 2022-ի ամռանն այն լրամշակման փուլում էր (վերջին լրամշակված տարբերակը հրապարակվել է 2022-ի հոկտեմբերին)։
2022-ի հուլիսին օրենքի լրամշակված տարբերակը չդրվեց շրջանառության մեջ, քանի որ կառավարությունը նախընտրեց սկզբում գնահատել իրավիճակը, ապա ռազմավարական որոշումներ կայացնել, որոնցից էլ պետք է բխեր «Բարձրագույն կրթության և գիտության» մասին նոր օրենքը։ Ապա վարչապետի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որն, ըստ Արթուր Իշխանյանի, սկսեց գործել 2022-ի աշնանից։
«Ստեղծվեց այդ աշխատանքային խումբը, որի կազմում ընդգրկված է, որքան գիտեմ, 9 հոգի։ Ոչ մի բուհի ռեկտոր չկա, գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն չկա․ միայն Ակադեմիայի նախագահն է, Գիտկոմի նախագահը, իսկ մյուսները բավականաչափ հեռու են ոլորտից։ Եվ սա շատ մեծ անհանգստություն է առաջացնում։ Քննարկումները եղել են փակ, օպերացիոն մակարդակի հիմնական շահառուների մասնակցայնության զրո աստիճանով»,- ասում է ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը։
Նրա խոսքով հենց այս աշխատանքային խումբն էլ քննարկել է գիտահետազոտական ինստիտուտները բուհերին միավորելու սցենարը, ընդ որում՝ առաջարկվում է այս փոփոխությունն իրականացնել 8 ամսվա ընթացքում։ Ակադեմիայի ղեկավարությունը դեմ է եղել նման փոփոխությանը։ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, որն ընդգրկված է աշխատանքային խմբում, ներկայացրել է Ակադեմիայի մշակած առաջարկը, որին, ըստ Արթուր Իշխանյանի, իրենց համաձայնությունն են տվել նաև ԳԱԱ ինստիտուտների տնօրենները։ Կառավարությունը, սակայն, հակված չէ ընդունելու ԳԱԱ առաջարկը։
Արթուր Իշխանյանը շեշտում է՝ այն հանգամանքը, որ քննարկումը կայացել է առանց ռեկտորների և ինստիտուտների տնօրենների հետ խորհրդակցելու, ինստիտուտների տնօրենների մոտ զարմանք և դժգոհություն է առաջացրել։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը նշում է, որ ունեցել են մասնավոր քննարկումներ բուհերի ռեկտորների հետ, և իրենց տպավորությամբ նրանք էլ են դեմ որոշմանը։
«Արմատական փոփոխությունները հաջողության կարող են հասնել միայն մեծ, լայն կոնսենսուսի պարագայում։ Այդ կոնսենսուսին կարելի էր հասնել, եթե նմանատիպ քննարկումներին մասնակցեին շահագրգիռ կողմերը։ Այսպիսի հարցում այս գործելաոճն անընդունելի է»,- նշում է ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը։
Ինչու է ԳԱԱ-ն դեմ միավորմանը
Խոսելով հետազոտական ինտիտուտների և բուհերի համագործակցության կարևորությունից՝ Արթուր Իշխանյանը նախ նշում է երկու խնդիր։ Առաջին խնդիրն ինստիտուտներում է․ գիտական համակարգը կարիք ունի սերնդափոխության, նոր, երիտասարդ կադրերի ներգրավման, և այդ նոր կադրերը պետք է գան բուհերից։ Երկրորդ խնդիրը բուհերում է․ «Բուհերն ունեն ուսման մակարդակի բարձրացման խնդիր։ Բուհերում գոյություն ունեն որոշ դեպքերում հնացած կրթական ծրագրեր, շատ քիչ են այդ ծրագրերն առնչվում արդիական գիտական ուսումնասիրություններին»։
Խնդիրներից մեկն էլ, ըստ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի, այն է, որ բուհերի դասախոսների ծանրաբեռնվածությունը նրանց հնարավորություն չի տալիս զբաղվելու գիտական աշխատանքով։
Անդրադառնալով արդեն ինստիտուտների և բուհերի հնարավոր միավորմանը՝ Արթուր Իշխանյանը նշում է․ «Խոսքն ավելի շատ մեխանիկական միավորման մասին է, որ բուհերի հաշվետվություններում ներգրավվի Ակադեմիայի տված գիտական արդյունքը, որը դեռևս բավականաչափ բարձր դիրքեր է զբաղեցնում։ Արդյունքում տվյալ համալսարանի գիտական արդյունքը կշատանա, և դա նրան հնարավորություն կտա վարկանիշային աղյուսակներում ինչ-որ զարգացում ունենալ, բարձրանալ։ Սկսենք նրանից, որ թեպետ գիտական արդյունքը ռեյտինգների կազմման հարցում կարևոր ցուցանիշ է, բայց միայն դրանով չէ, բազմաթիվ այլ ցուցանիշներ կան՝ սկսած սաքավորումների քանակից և այլն։ Միայն դրանով շատ բանի հասնել հնարավոր չէ։ Կա Վրաստանի տապալված փորձը, երբ այդ մեխանիկական միավորման արդյունքում ինստիտուտները բացարձակ տուժեցին, մեծամասամբ վերացան․ օրինակ, 270 գիտաշխատող ունեցող 3 ինստիտուտից մնաց գումարային ընդամենը 32 գիտաշխատող։ Իսկ 20 տարվա ընթացքում Վրաստանի համալսարանը կարողացավ միայն 100 կետով բարձրանալ մինչև մոտ 1500-րդ տեղ։ Այսինքն, մեխանիկական միավորման իրական արդյունքն, ըստ երևույթին, լինելու է բավական աննշան»։
Հիշեցնենք՝ կառավարությունը խոստանում է, որ 2030 թ․ առնվազն 4 բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-յակում։
Արթուր Իշխանյանի խոսքով կառավարությունը ռիսկերի գանահատում չի իրականացրել։ Նա մի քանի կարևոր կետեր է առանձնացնում, թե ինչու է ռիսկային գիտահետազոտական ինստիտուտները բուհերին միացնելը։
Արթուր Իշխանյանը հավելում է, որ, ընդհանուր առմամբ, Ակադեմիան ավելի զարգացած է, քան բուհական համակարգը․ «Ուստի, առնվազն ինտուիտիվ մակարդակով տրամաբանական չէ պակաս զարգացած համակարգի գերակայությունը ավելի զարգացածի նկատմամբ։ Ես հակառակը կառաջարկեի՝ Ակադեմիայի կողմից բուհերի նկատմամբ որոշ վերահսկողություն՝ առնվազն գիտական մասով, կարելի է նաև՝ ուսումնական։ Դե իսկ, բացի ասվածից, գաղտնիք չէ նաև, որ բուհական համակարգը շատ ավելի քաղաքականացված է և կոռումպացված, քան Ակադեմիան (hամենայն դեպս, այդպիսին է հանրային կարծիքը)։ Ընդհանրապես, պետք է ասել, որ Ակադեմիան շատ ավելի դեմոկրատական կառույց է։ Եվ մենք հիմա դմեոկրատական քայլեր ավելի ենք անում, որովհետև բաց հարթակներ ենք ստեղծել, որտեղ լսում ենք բոլորին։ Ամեն գիտնական կարող է գալ, ներկայացնել ծրագիր, մենք դա քննարկում ենք, ընթացք ենք տալիս, կարող է բարեփոխումների պրոցեսին մասնակցել և այլն։ Նմանատիպ բաներ պատկերացնել բուհերում քիչ հավանական է հենց թեկուզ այն պատճառով, որ բուհերում շատ ավելի շատ են քաղաքականացված անձինք, իսկ Ակադեմիայի կազմում հիմնականում առավելապես միայն գիտությամբ հետաքրքրված մարդիկ են, նրանք ավելի քիչ են դրան ենթակա»։
Բարձրագույն կրթության և գիտության համագործակցության սցենարներ
2018-ին ՀՀ կառավարությունը դիմել էր ԵՄ Եվրոպական խորհրդին խորհրդատվական աջակցության համար։ Եվրոպական խորհուրդն անկախ փորձագետներից աջակցման խումբ էր ձևավորել, որը ՀՀ կառավարությանը պետք է առաջարկություններ ներկայացներ հետազոտական ինստիտուտների գործունեության ամրապնդման և բուհերի ու ինստիտուտների միջև համագործակցության ընդլայնման համար։
Անկախ փորձագետների խումբը 2019-ին երկու անգամ այցելել էր Հայաստան, իսկ ուսումնասիրություններից հետո զեկույց կազմել, որը հրապարակվեց 2020-ին։ Փաստաթղթում ներկայացված են Հայաստանի կրթության ու գիտության առկա վիճակը, զարգացման հնարավոր սցենարները, ինչպես նաև այլ երկրների օրինակներով խորհուրդ-առաջարկներ, թե ինչ փոփոխություններ է պետք իրականացնել։
Հետազոտական համակարգի համախմբման համար անկախ փորձագետներն այս փաստաթղթում ներկայացնում են երեք հնարավոր սցենար․
Փորձագետները խորհուրդ չեն տալիս միանգամից ռադիկալ փոփոխություններ իրականացնել, որ սցենարն էլ ընտրելու լինի կառավարությունը։ Փաստաթղթում նշվում է, որ գիտահետազոտական ինստիտուտների արագ միավորումը բուհերի հետ կարող է հանգեցնել արդյունավետության թուլացման․ «Հայաստանյան բուհերի կարողությունները՝ ապահովելու այնպիսի հիմք, որի շրջանակներում ինստիտուտները կարող են որակյալ հետազոտություններ իրականացնել, թույլ է: Բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացի արդյունքներն ընդգծում են, որ քիչ բուհեր ունեն բավարար ռազմավարություններ՝ իրենց ԳՀՓԿ գործառույթը կառավարելու համար: Հայաստանը պետք է ուշադիր ուսումնասիրի Վրաստանում և Մոլդովայում նմանատիպ բարեփոխումների դասերը և խուսափի սխալներ թույլ տալուց, ինչպես, օրինակ, թերի բարեփոխում իրականացնելը՝ թողնելով ինստիտուտներին անորոշ կարգավիճակով, առանց բավարար ֆինանսավորման, համալսարաններ տեղափոխված հետազոտողներին դարձնելով «երրորդ կատեգորիայի» կադրեր և այլն»։
Ինչ է առաջարկում ԳԱԱ-ն
Արթուր Իշխանյանը նշում է, որ ԳԱԱ-ն այս երեք սցենարներից բացառում է առաջինը և երկրորդը։ Առաջինն, ըստ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի, պահպանողական տարբերակ է․ «Մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները մեզնից պահանջում են ավելի ակտիվ քայլեր։ Մենք շատ երկար ժամանակ չունենք, պիտի ձգտենք նաև ինչ-որ արագություն ապահովել»։
Երկրորդ՝ միավորման սցենարին դեմ են և՛ ԳԱԱ ղեկավարությունը, և՛ ինստիտուտների ղեկավարները վերևում թվարկված ռիսկերի պատճառով։
ԳԱԱ-ն, ինչպես արդեն նշեցինք, իր սեփական առաջարկությունների ծրագիրն է մշակել ու ներկայացրել կառավարությանը, և այդ ծրագիրը շատ նման է փորձագետների ներկայացրած երրորդ սցենարին։
Այսպիսով, ԳԱԱ-ն առաջարկում է, որ չփոխվեն ո՛չ ինստիտուտների, ո՛չ բուհերի կարգավիճակները, փոխարենը ստեղծվեն համատեղ հետազոտություններ իրականացնող գիտաուսումնական ցանցեր, որտեղ կներառվեն և՛ բուհերը, և՛ ինստիտուտները։ Արթուր Իշխանյանը նշում է, որ կարող է, օրինակ, ձևավորվել կենսաբանական ուղղության ինստիտուտների և համալսարանների կենսաբանական ուղղվածության ֆակուլտետների ցանց։ Այս ցանցերում կիրականացվեն համատեղ գիտական աշխատանքներ, որոնց համար Գիտկոմը կհայտարարի համապատասխան դրամաշնորհային մրցույթներ։ Հետազոտությունները համատեղ կղեկավարեն Ակադեմիայի և բուհերի գիտնականները, իսկ խմբերում կներառվեն բուհերի մագիստրոսներն ու ասպիրանտները։ Ակադեմիային նաև կտրվի համապատասխան բուհական ծրագրերի փորձաքննությունը։
Արթուր Իշխանյանը նշում է, որ ըստ ԳԱԱ առաջարկի՝ այս ցանցերը չեն լինելու միայն «մաքուր» հետազոտական․ որոշ ցանցեր կլինեն գիտաարտարդրական, այսինքն՝ գիտական արդյունքը կհասցվի մինչև արտադրական փուլ։
ԳԱԱ առաջարկած սցենարն, ըստ Արթուր Իշխանյանի, կլուծի և՛ ինստիտուտներում կադրերի խնդիրը, և՛ բուհերում հետազոտական բաղադրիչի խնդիրը․ «Այսպիսի ցանցերի ձևավորումը կբարձրացնի համալսարանական գիտության մակարդակը և միաժամանակ կսկսի անդրադառնալ մագիստրոսական ծրագրերի վրա, որովհետև այդ ծրագրերում պարտադիր ընդգրկվելու են մագիստրոսներ և ասպիրանտներ։ Ակնհայտարաբար, այն գիտնականները (ինչպե նաև մագիստրոսները և ասպիրանտները), որոնք կընդգրկվեն այդ հետազոտություններում, կծանոթանան գիտության առաջնագծային արդյունքներին․ դա չի կարող չարտացոլվել ծրագրերում։ Մագիստրոսական ուսումը հետազոտական բաղադրիչ է ենթադրում, և մագիստրոսները հենց այդ հետազոտական բաղադրիչը կսկսեն անել»։
Անդրադառնալով այն հարցին, որ բուհերի դասախոսները հաճախ գործող գիտնականներ չեն և գիտությամբ չեն զբավում՝ Արթուր Իշխանյանը նշում է, որ ինստիտուտները բուհերին միավորելը չի լուծի այս խնդիրը։ Նրա խոսքով այժմ էլ ակադեմիայի 600 գիտնականներ դասավանդում են հայաստանյան բուհերում, իսկ բուհերն ավելի շատ կադրեր չեն կարող վերցնել, քանի որ դասաժամերը զբաղված են։
«Պետք է դասախոսների ծանրաբեռնվածություններն իջեցվեն, և որոշակի ժամանակ պրոֆեսորադասախոսական կազմը հատկացնի գիտական հետազոտություններին, դրանով տեղյակ լինի արդի զարգացումներից և արտացոլի դա իր ուսումնական ծրագրերում։ Դա՝ մեկ։ Ապա՝ իր հետազոտական ծրագրերում պետք է ներգրավի իր ուսանողներին՝ նրանց մագիստրոսական ծրագրերն իրականացնելու համար։ Ակնհայտ է, որ այդ ծանրաբեռնվածության նվազեցումը կբերի կրկնակի էֆեկտի,- նշում է Արթուր Իշխանյանն ու շեշտում, որ իրենց առաջարկած սցենարով շարժվելու դեպքում փոփոխությունները չպետք է իրականացվեն միանգամից։- Այսպիսի մի ցանց պետք է ստեղծել, փորձարկել 1-2 տարի այդ մոդելը, եթե հաջողված է, եթե մենք տեսնում ենք, որ արդիականացվեցին ուսումնական ծրագրերը, և գիտական արդյունքի աճ գրանցվեց, այդ գնահատականի հիման վրա արդեն հաջորդ քայլին ստեղծել այդպիսի 5-10 ցանց»։
Ով պիտի ղեկավարի ցանցերը
ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում Արթուր Իշխանյանը նաև նոր առաջարկ էր արել, որն, ըստ նրա, լրացնում է ԳԱԱ մշակած առաջարկը։ Այն է՝ ստեղծվելիք ցանցերն ունենան ղեկավար մարմին, որտեղ մեծամասնություն կլինի և որոշումներ կայացնելու լիազորություն կունենա Ակադեմիան։
ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը նշում է, որ այս առաջարկն ունի երկու պատճառ․ առաջինն այն է, որ Ակադեմիան ավելի կայացած կառույց է, քան բուհերը, երկրորդը, որ Ակադեմիայի ինստիտուտներն ունեն ավելի մեծ աշխատակազմ, քան բուհերի համապատասխան ֆակուլտետները, և տալիս են ավելի շատ գիտական արդյունք․ «ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետն, օրինակ, ունի համեմատաբար քիչ թվով աշխատակիցներ, իսկ մեր 7-8 ինստիտուտներն ավելի մեծ թվով աշխատակիցներ, որոնք տալիս են շոշափելի գիտական արդյունք։ Կամ պատմության ֆակուլտետում կա 30-ի կարգի աշխատակից, իսկ Հնագիտության և ազգագրության ինստիտուտն ունի 180 աշխատակից։ Անտրամաբանական է վերջիններս միավորել բուհերին, ընդ որում՝ բուհերի թուլության պարագայում»։
Արթուր Իշխանյանի խոսքով Ակադեմիայն պատրաստ է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել․ «Մենք կարող ենք բուհերին մեր դրական փորձը փոխանցել, բայց եթե պահպանողական միջավայր լինի, նրանք լինեն մեծամասնությունը, ապա մեր առաջարկներին ընդառաջ չեն գնալու, որովհետև այդ առաջարկներն իրենց համար երբեմն ցավոտ են լինելու»։
Արթուր Իշխանյանի խոսքով ԳԱԱ ղեկավարությունը կողմ է իր այս առաջարկին։
Հաշվի առնելով, որ ինստիտուտները բուհերին միավորելու նախագիծ դեռ չկա, և խոսքն աշխատանքային խմբի առաջարկի մասին է, Արթուր Իշխանյանը կարծում է, որ խոհեմությունը կհաղթի։
Ինստիտուտների օպտիմալացումը և ԳԱԱ բարեփոխումների օրակարգը
Ինստիտուտները բուհերին միավորելու խոսակցությունների ֆոնին հարց է առաջանում՝ արդյո՞ք շարունակում է օրակարգում մնալ ԳԱԱ ինստիտուտների օպտիմալացման թեման, որի մասին խոսվում է դեռ 2021-ից։
Արթուր Իշխանյանը նշում է, որ ինստիտուտների միացմամբ խոշոր կենտրոնների ստեղծման հարցը շարունակում է օրակարգային մնալ։ Չնայած Ակադեմիան պլանավորում էր ինստիտուտների միավորմամբ 8-9 խոշորացված կենտրոն ստեղծել, կառավարությունն առաջարկում է առայժմ 2 նման կենտրոն ստեղծել։ Պատճառն այն է, որ օպտիմալացումը ենթադրում է ֆինանսական միջոցների հատկացում՝ ենթակառուցվածքների, շենքային պայմանների բարելավման նպատակով, և այս պահին միջոցներ կան միայն 2 կենտրոնի ստեղծման համար։
Նշված երկու կենտրոնները կստեղծվեն այս տարի․ առաջինում կմիավորվեն Բուսաբանության և Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտները, երկրորդում՝ Մոլեկուլային կենսաբանության և Կենսաքիմիայի ինստիտուտները։
Արթուր Իշխանյանը նշում է, որ գործընթացը ոչ շատ արագ տեմպերով իրականացնելն ունի դրական կողմեր․ «Մենք էլ շատ չէինք ուզի շտապել այն պատճառով, որ բոլոր դեպքերում, որքան սահուն, անցնցում տեղի ունենան պրոցեսներն, այնքան լավ։ Բացի այդ՝ երկրորդ, իմ անձնական տեսակետն ավելացնեմ․ մենք այնպիսի աշխարհաքաղաքական վիճակում ենք գտնվում, որ չափից շատ են տարատեսակ ցնցումները, և կայուն ու սահուն քայլերն ավելի նպատաահարմար եմ համարում։ Ավելացնեմ երրորդը․ նմանատիպ գործունեություն ծավալելիս միգուցե մարտավարական տեսանկյունից ձեռնտու է ունենալ մեկ-երկու այդպիսի միավորում, հագեցնել դրանք ժամանակակից սարքավորումներով, արդիականացնել ենթակառուցվածքները, ապա փորձարկել, ցույց տալ, որ այդ միավորումը աշխատում է գործնականորեն, նոր արդեն միանգամից անել մնացած 6-ը»։
Քննարկումներ են եղել նաև Ակադեմիայից անկախ գործող գիտական կազմակերպությունների հետ, և ապագայում ստեղծվելիք կենտրոններում ԳԱԱ ինստիտուտների հետ կմիավորվեն նաև այդպիսի մի քանի կառույցներ։
Արթուր Իշխանյանը նշում է, որ ինստիտուտների միավորմամբ նոր՝ խոշոր կենտրոնների ստեղծման նախագիծը ԳԱԱ-ն մշակել ու ներկայացրել է վաղուց, սակայն ինչպես այլ դեպքերում, այս դեպքում ևս գործադիրը ուշ է արձագանքել։ ԳԱԱ կառուցվածքին, կանոնադրությանը, անդամների ընտրության կարգին վերաբերող մի շարք հարցեր կան, որոնք օրենսդրական փոփոխություններ են պահանջում, իսկ կառավարությունն ամիսներով ԳԱԱ առաջարկները թողնում է անպատասխան, երբեմն՝ առանց հիմնավորման։ Այս խնդրի մասին ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը խոսել էր նաև ԳԱԱ նախագահը։
Ակադեմիան ունի բարեփոխումների օրակարգ․ հինգ բաժանմունքի փոխարեն ԳԱԱ-ն ցանկանում է ունենալ երեքը, քանի որ բաժանմունքներն այս տարիներին տկարացել են։ Փոփոխության առաջարկով դիմել են կառավարությանը, բայց դեռ արձագանք չկա։
Մի տարի առաջ ԳԱԱ-ն առաջարկել էր ղեկավար կազմում պաշտոններ զբաղեցնելու համար տարիքային շեմի սահմանում։ Անցած տարվա վերջին միայն Ակադեմիայի առաջարկը ներառվեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի փոփոխությունների նախագծում, սակայն նախագիծը դեռ չի ընդունվել։
Պետք է իրականացվեն Ակադեմիայի նոր անդամների ընտրություններ, և ԳԱԱ-ն ցանկանում է ընտրությունների համար բարձր չափանիշներ սահմանել, ինչը հնարավորություն կտա երիտասարդ, բարձրակարգ կադրերի ներգրավելու, որ վերջիններս ղեկավարեն ԳԱԱ բաժանմունքները։ Այս առաջարկին ևս արձագանք չկա։
Չնայած «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի փոփոխությունները քննարկվել էին ԳԱԱ ղեկավարության հետ, և նախագծում ներառվել էին Ակադեմիայի որոշ առաջարկներ, օրենքի լրամշակված տարբերակում այլ լրացումներ էլ են արվել, որոնց մասին ԳԱԱ-ն տեղյակ չէ։ Խոսքը, մասնավորապես, ԲՈԿ-ի և Գիտության կոմիտեի միավորմամբ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե ստեղծելու մասին է։ Ստեղծվելիք կառույցը կիրականացնի նաև ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները։
ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը նշում է, որ այս կառույցների՝ միմյանցից առանձին լինելը գործադիրի թևերի միջև լծակների որոշ հավասարակշռություն էր տալիս․ «Ընդհանուր դատողությունների տեսակետից՝ ամեն ինչ բերել մի կետի տակ պարունակում է և՛ վարչական միջամտությունների, և՛ սուբյեկտիվ որոշումների, և՛ քաղական ռիսկեր։ Այսինքն՝ հավասարակշռության մեխանիզմներից մենք զրկվում ենք։ Բայց ամեն ինչ, իհարկե, կախված է այն բովանդակությունից, որ կդրվի այդ միավորման տակ»։
Աննա Սահակյան
comment.count (0)