Արցախում աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները
17:49 - 27 փետրվարի, 2023

Արցախում աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արդեն 78 օր շարունակ արգելափակված լինելու պայմաններում, ինչպես նաև վերջին շրջանում ադրբեջանական հանցավոր գործողություններից բխող անորոշությունների ու սպառնալիքների հարուցած շարունակական սթրեսով պայմանավորված՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Արցախում աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

Դրանց թվում են՝ սրտի իշեմիկ հիվանդությունը՝ 58%, գլխուղեղի կաթվածը՝ 36%, ծննդաբերական բարդությունները՝ 11.6% և մի շարք այլ հիվանդություններ:

Չափահասների և հատկապես երեխաների շրջանում արձանագրվում է նյարդային ու հոգեբանական խնդիրների աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որը դրսևորվել է նյարդաբանի ու հոգեբանի մոտ երեխաների այցերի 46%, իսկ չափահասների դեպքում՝ 47% աճով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 25%-ով աճել են աղիքային անանցանելիության պատճառով վիրահատական միջամտությունների դեպքերը, որը կարող է պայմանավորված լինել սննդում բջջանքի սղությամբ:

Իսկ գազամատակարարման պարբերական լրիվ ընդհատումներով ու թերի վերականգնմամբ պայմանավորված՝ արձանագրվել է շմոլ գազից թունավորման 30 դեպք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել