ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ը բողոքարկել է Վարչական դատարանի որոշումը, որով վերջինս վերացրել է ՊՈԱԿ-ի տարածքում շինարարությունը կասեցնելու իր որոշումը։
Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետարանը 2022 թ․ հոկտեմբերի 10-ին «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին թույլատրել էր ոռոգման համակարգի արդիականացման շրջանակում «Աբուհայաթ» պատմական ջրանցքի մի մասը տեղափոխել ՊՈԱԿ–ի տարածք, ինչին ՊՈԱԿ-ի աշխատակիցները դեմ են։ Նրանք այն համոզմանն են, որ ջրանցքը տեղափոխվում է, քանի որ անցնում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի տարածքով, որը ՓԲԸ-ն նախատեսում է կառուցել։ Քաղաքապետարանի որոշումը բողոքարկելով Վարչական դատարան՝ ՊՈԱԿ-ը նաեւ միջնորդել էր կասեցնել շինթույլտվության որոշումը, ինչը դատարանի՝ նոյեմբերի 25-ի որոշմամբ բավարարվել էր, եւ շինարարական աշխատանքները անժամկետ դադարեցվել էին։
Նախնական դատական նիստերի ժամանակ կառուցապատող ընկերությունը, որ գործով երրորդ անձ է ներգրավվել, միջնորդել էր վերացնել շինարարական աշխատանքների կասեցման որոշումը։ ՓԲԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Մարիամ Ղուլյանը նշել էր, որ շինաշխատաքների հիմնական մասն արդեն արվել է, հողը փորվել է, խողովակները՝ տեղադրվել, եւ եթե դա իրենից վտանգ ներկայացներ, հայցվորն արդեն պետք է ունենար որեւէ ապացույց, որ իրեն վնաս է պատճառվել, ինչը, սակայն, ըստ Ղուլյանի, առկա չէ։ Միեւնույն ժամանակ վերջինս նույն պահանջով վերաքննիչ բողոք էր ներկայացրել։ Միջնորդության քննության ժամանակ դրա դեմ առարկել էր ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Նաղդալյանը՝ պնդելով, որ շինարարության հետեւանքով գիտաշխատողների կյանքը եւ առողջությունը վտանգվել է, իսկ այդ աղմուկի տակ մտավոր գիտական աշխատանքի իրականացումը՝ դարձել անհնար։
Վարչական դատարանը, դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, այս տարվա հունվարի 31-ին միջնորդությունը մերժել է այն հիմնավորմամբ, որ երրորդ անձը արդեն իսկ իրացրել է իր դատավարական իրավունքը՝ կասեցման որոշումը բողոքարկելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։ Այնուհանդերձ, ՊՈԱԿ-ի ներկայացրած դիրքորշումների, միջնորդության համադրման և վերլուծության արդյունքում Դատարանը միաժամանակ վերացրել է շինարարությունը կասեցնելու իր իսկ որոշումը՝ հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 5-րդ մասը, ըստ որի՝ Վարչական դատարանն իրավասու է ցանկացած ժամանակ փոխել կամ վերացնել իր որոշումը։
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ որոշմամբ Վարչական դատարանը նշել է, որ ՊՈԱԿ-ը շինարարությունը կասեցնելու ահրաժեշտությունը հիմնավորում է այնպիսի փաստարկներով, որոնք վերաբերում են շինարարական աշխատանքների իրականացման մեթոդին եւ եղանակներին, եւ պայմանավորված են այդ աշխատանքների իրականացման արդյունքում առաջ եկած իրավիճակով: Չբացառելով վնասների հավանական առաջացումը՝ Դատարանը համարել է, որ այդ վնասները, դրանց հատուցման հետ կապված հարցերը կրում են մասնավոր իրավահարաբերությունների բնույթ, ենթակա չեն քննարկման հանրային արդարադատության կարգով, ուստի չեն կարող դառնալ վարչական դատավարության քննության և գնահատման առարկա։
Միեւնույն ժամանակ Դատարանն արձանագրել է, որ ՊՈԱԿ-ը չի վկայակոչել վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ որեւէ փաստարկ, որով պայմանավորված կլիներ իրեն զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հանգամանքը․ «Ինչ վերաբերում է Դատարանի կողմից 25.11.2022թ.-ի որոշմամբ սկզբնապես վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելուն, ապա այդ որոշման կայացումը պայմանավորված է եղել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի ընդհանուր կարգավորումով, նման որոշումն անհապաղորեն կայացնելու անհրաժեշտությամբ՝ հայցվորի իրավունքների և օրինական շահերի խախտումը բացառելու նպատակով»,- ասված է որոշման մեջ։
Քանի որ շինարարության կասեցման որոշումը վերացվել է, կառուցապատող ընկերությունը շինարարությունը վերսկսել է՝ հետ վերցնելով իր վերաքննիչ բողոքը։
Այժմ ՊՈԱԿ-ը պահանջում է, որ Վերաքննիչ դատարանը բեկանի շինարարության կասեցումը վերացնելու որոշումը եւ այն դարձյալ կասեցնի մինչեւ գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացումը։
ՊՈԱԿ-ի բողոքը մակագրվել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանին։ Այն վարույթ ընդունելու եւ դատական նիստ նշանակելու վերաբերյալ տեղեկություն դեռեւս չկա։
Գլխավոր լուսանկարը՝ Hetq.am-ի
Միլենա Խաչիկյան
comment.count (0)