«Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն»,- այս մասին Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, թե ինչու, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․
«Մեղավորները դեռևս պատժված չեն ամենատարբեր պատճառներով, այդ թվում՝ ձեզ հայտնի իրավական մի շարք որոշումներով։ Բայց ասեմ ձեզ՝ այն, որ մինչև հիմա Մարտի 1-ի մարդասպանները հայտնաբերված չեն, դա չի նշանակում, որ այդպես չի լինի։ Ամենամեծ խնդիրներից մեկը հետևյալն է, որ նաև քրեական գործի վարույթներով հիմնավորվել, ապացուցվել է, որ նախաքննությունը 2008 թ․ մարտի 1-ից անմիջապես հետո ոչ միայն ամբողջ ջանքերը չի գործադրել, որպեսզի տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվի, այլև բոլոր հնարավոր ջանքերը գործադրվել են, որպեսզի բացահայտումը կա՛մ դժվար լինի, կա՛մ անհնար դառնա»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ օրինակ, այդ տարածքից հավաքված պարկուճները հետագայում քրեական գործի շրջանակներում եղած իրական պարկուճները փոխարինվել են այլ պարկուճներով և այսպիսի այլ բազմաթիվ դեպքեր։
«Էնքանով, ինչքանով ես կարող եմ դիրքորոշում հայտնել իրավապահ մարմինների վերաբերյան, իմ դիրքորոշումն այն է, որ լիարժեք և ամբողջական մենք պետք է հասնենք բացահայտմանը և դա մեր օրակարագից դուրս չի եկել ու դուրս չի գա»,- ասաց Փաշինյանը։
Դիտարկմանը, թե այդ դեպքում ի՞նչ համոզմամբ է վարչապետը հայտարարում, որ բացահայտված է, Փաշինյանը նշեց․
«Ես հիմա էլ եմ համոզմամբ հայտարարում, որ բացահայտված է։ Երբ ասում եմ Մարտի 1-ը բացահայտված է, նկատի ունեմ՝ իրականությունը, քայլերի ինչ հերթականություն է տեղի ունեցել․․․ Այն, որ մարտի 1-ը բացահայտված է առնվազն մինչև կատարողների մակարդակ, այսինքն՝ բուն կատարողները հայտնի չեն, իսկ մնացած շղթաները թե ոնց են աշխատել, իհարկե, բացահայտված է»։
comment.count (0)