Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը վերջին 3 տարում 200 մլն դրամի գիտական խոշոր սարքեր է ձեռք բերել․ 150 մլն դրամը՝ միջազգային դրամաշնորհների շրջանակում, 50 մլն դրամը՝ պետական դրամաշնորհների։
Բոլոր դեպքերում կենտրոնը սարքերը ձեռք է բերել՝ 2017-ին ընդունված «Գնումների մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան։ Օրենքի նպատակը կոռուպցիոն ռիսկերից խուսափելն է, բայց գիտական կազմակերպությունների ղեկավարներն ու գիտաշխատողները մեկ անգամ չէ, որ խոսել են դրա խնդրահարույց կարգավորումներից։
Գնումների գործընթաց․ բարդ ընթացակարգերով մրցույթներ և միջնորդ ներկրողներ
Երբ որևէ գիտական կազմակերպություն որոշում է սարքավորում ձեռք բերել, պիտի գնման գործընթացն իրականացնի՝ «Գնումների մասին» օրենքում նշված կարգավորումներին հապատասխան, մեկ անձնից գնման կամ մրցութային ընթացակարգով։ Մեկ անձից գնում կարելի է իրականացնել միայն այն դեպքում, երբ ձեռք բերվող ապրանքի կամ ծառայության գինը չի գերազանցում 1 մլն դրամը (արտասահմանից գնումներ իրականացնելու դեպքում այդ շեմը 70 մլն դրամ է):
Ընդ որում, կապ չունի՝ գիտական կազմակերպությունը ձեռք է բերում պարզապես որևէ փորձի համար քիմիկատնե՞ր, թե՞ թանկարժեք սարքավորում․ «Գնումների մասին» օրենքի կարգավորումներին հետևելը պարտադիր է։ Ե՛վ մեկ անձից գնման, և՛ մրցութային ընթացակարգերը ենթադրում են փաստաթղթային ժամանակատար աշխատանքներ։
Սովորաբար Հայաստանից գիտական սարքեր ձեռք բերել հնարավոր չէ, քանի որ մեր երկրում չկան նման սարքեր արտադրող կազմակերպություններ։ Այդ պատճառով մեկ անձից գնման ընթացակարգով գնում իրականացնելիս պետք է գնահարցում ուղարկել արտասահմանյան կազմակերպություններին, իսկ մրցույթ հայտարարելու դեպքում այդ կազմակերպությունները պետք է հայտ լրացնեն ու մասնակցեն մրցույթին։
Սակայն «Գնումների մասին» օրենքում կան որոշ կարգավորումներ, որոնց պատճառով արտասահմանյան կազմակերպությունները շատ հաճախ խուսափում են հայաստանյան մրցույթներին մասնակցելուց։ Այդպիսի կարգավորումներից մեկն այն է, որ գիտական կազմակերպությունը կարող է վճարել ձեռք բերվող սարքի գնի ընդամենը 30%-ի չափով կանխավճար, իսկ արտադրող կազմակերպությունները հատկապես թանկարժեք սարքեր մատակարարելու համար սովորաբար պահանջում են 100% կանխավճար։ Մեկ այլ խնդիր է այն, որ սարքերի մատակարարումը պետք է իրականացվի մինչև մեկ տարվա ընթացքում, իսկ ուշացնելու դեպքում մատակարարող ընկերությունը կտուգանվի։
Հենց այս պատճառով էլ Հայաստանում գիտական հաստատությունները սարքեր ձեռք են բերում հիմնականում միջնորդ ներկրող կազմակերպությունների միջոցով։ Այս կազմակերպությունները մասնակցում են մրցույթներին և հաղթելու դեպքում արտասահմանյան արտադրողներից գնում ու ներկրում սարքերը։ Բայց քանի որ սա ռիսկային գործընթաց է՝ հաշվի առնելով «Գնումների մասին» օրենքի խիստ կարգավորումները, միջնորդ կազմակերպություններն ավելացնում են սարքերի գինը։
Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը նշում է, որ այս ամենին գումարվում են նաև ներկրման համար վճարվող հարկերը, և իրենք սարքերը գնում են մոտ 30%-ով ավելի թանկ։ Նա շեշտում է նաև այն փաստը, որ գնում կատարելու համար ինստիտուտները պետք է գնումների սերտիֆիկացված մասնագետ ունենան, ինչը ևս լրացուցիչ ծախս է։
Լիլիթ Սահակյանը
Կենտրոնի տնօրենը մի դեպք է հիշում, երբ լոգիստիկ խնդիրների պատճառով սարքը, որը պետք է մատակարարվեր 3 ամսում, տեղ հասավ 8 ամսից։ Կենտրոնը ստիպված եղավ տուգանել ներկրող միջնորդ կազմակերպությանը, չնայած, ըստ Լիլիթ Սահակյանի, տնտեսվարողը մեղք չուներ, և պատճառը լոգիստիկ, տրանսպորտային հարցերն էին։
«Այսօր նաև գտնել ներկրողներ, որոնք կմասնակցեն մրցույթին, եթե խոսքը մեծ սարքերի մասին չէ, խնդիր է, որովհետև նրանց համար էլ մրցույթին մասնակցելը բավականին խնդրահարույց է»,- նշում է նա։
Մեկ այլ խնդիր է այն, որ գիտաշխատողները մցրույթ հայտարարելիս կամ գնահարցում իրականացնելիս պետք է լրացնեն ձեռք բերվող սարքի տեխնիկական նկարագիրը, և եթե այդ նկարագիրը կոնկրետ չլինի, կամ շեղումներ լինեն, հնարավոր է, որ միջնորդ կազմակերպությունը ներկրի այնպիսի սարք, որը գիտաշխատողների պահանջներին չի համապատասխանում։
Լիլիթ Սահակյանը նշում է, որ տարիների ընթացքում արդեն փորձ են ձեռ բերել և գիտեն՝ ինչպես ճիշտ գրեն նկարագիրը։ Միջնորդ կազմակերպություններն էլ շատ չեն․ մի քանի հիմնական խաղացողներ կան, որոնց հետ համագործակցելով՝ ինստիտուտներին հաջողվում է ձեռք բերել հենց այն սարքը, որն իրենց պետք է։
Լիլիթ Սահակյանը նշում է՝ «Գնումների մասին» օրենքի դրական կողմն այն է, որ երբեմն իրոք հնարավոր է պետք եղած սարքը գնել ավելի մատչելի, քան նախատեսված էր, քանի որ մրցույթ հայտարարելիս և գնահարցում իրականացնելիս նախապատվությունը տրվում է այն մատակարարին, որն ավելի քիչ գին է առաջարկել։ Սակայն սա էլ խնդրահարույց է, որովհետև միշտ չէ, որ ամենամատչելի սարքն ամենաորակյալն է և հենց այն է, ինչի կարիքն ունեն գիտաշխատողները։
«Գիտական համայնքի համար «Գնումների մասին» օրենքը խիստ սահմանափակող է, որովհետև գիտական գործունեությունը ստեղծագործ գործունեություն է, մի կողմից, մյուս կողմից էլ սիրում է հստակ սարքավորումներ, այսինքն՝ երբեմն քո այս գիտական խնդրի լուծման համար պետք է հենց այս ֆիրմայի այս սարքը»,- ասում է Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենը։
Ժամանակը՝ մրցակցությունից դուրս մնալու պատճառ
Այս բոլոր ժամանակատար գործընթացների հետևանքով երբեմն առաջանում են այնպիսի խնդիրներ, որոնց պատճառով տուժում է գիտնականների աշխատանքը։ Լիլիթ Սահակյանը կրկին հիշում է այն դեպքը, երբ իրենց անհրաժեշտ սարքը 8 ամիս անց էր տեղ հասել։ Այդ պատճառով նրանք հետաձգել էին որոշ աշխատանքներ, իսկ անալիզների մի մասի իրականացումը ստիպված էին եղել պատվիրել արտասահմանյան կազմակերպություններից մեկին՝ այդպիսով լրացուցիչ ծախսեր կատարելով։
Բացի այդ՝ կան երևույթներ, որոնք գիտաշխատողները պետք է հետազոտեն կոնկրետ որևէ սեզոնի, և համապատասխան սարքերը նրանց անհրաժեշտ են հենց այդ սեզոնի սկզբին։
«Գնումների ամբողջ պրոցեսը շատ երկարաժամկետ է, և գիտական կազմակերպությունները ճկուն չեն։ Շուկայի մեջ դիրքավորվելու համար (չէ՞ որ մենք ծառայություններ էլ ենք մատուցում) ժամանակային կոմպոնենտը շատ կարևոր է»,- ասում է Լիլիթ Սահակյանը։
Կենտրոնի տնօրենը նշում է, որ իրենք քիմիական լաբորատորիա ունեն, որը ժամանակին բավականին շատ տնտեսական պայմանագրեր ուներ և ծառայություններ էր մատուցում։ Բայց նրանք շուկայից կամաց-կամաց դուրս մղվեցին, քանի որ ի հայտ եկան մրցակից լաբորատորիաներ, որոնք սահմանափակված չեն «Գնումների մասին» օրենքի կարգավորումներով և ավելի արագ են աշխատում։ Եթե, օրինակ, որևէ պատվիրատու հողերի նմուշներ բերի անալիզի ենթարկելու համար, կենտրոնի քիմիական լաբորատորիան, գնումների ընթացակարգին հետևելով, պիտի համապատասխան քիմիկատներ ձեռք բերի, ինչը կտևի մի քանի ամիս։
«Երբ որ մեր լաբորատորիան եզակի էր Հայաստանի համար, կարող էր լինել, բայց հիմա մեզ նման լաբորատորիաները աճում են, այսինքն՝ մենք «Գնումների մասին» օրենքի պատճառով դուրս մնացինք շուկայից»,- ասում է Լիլիթ Սահակյանը։
Նրա խոսքով շատ հաճախ գիտնականներին մեղադրում են Հանրապետությունում առկա խնդիրներին արագ չարձագանքեու համար․ «Եթե արագ արձագանքման համար անհրաժեշտ ֆինանսների բացակայությունը դնենք մի կողմ, ապա մենք Հանրապետության խնդիրներին չենք կարողանում արագ արձագանքել, որովհետև պետք է սարք գնենք «Գնումների մասին» օրենքով, պետք է այդ ամեն ինչի միջով անցնենք և այլն։ Գիտության մեջ ժամանակը շատ կարևոր կոմպոնենտ է, որ դու ճկուն լինես, կարողանաս տեղավորվել և՛ գիտական շուկայի, և՛ տնտեսական շուկայի մեջ»։
Արտաբյուջետային միջոցներով իրականացվող գնումներն ազատված չեն բարդ ընթացակարգերից
Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենն առանձնացնում է նաև այն խնդիրը, որ իրենք գնումների ընթացակարգին պետք է հետևեն միջազգային դրամաշնորհային ծրագրեի շրջանակում, այսինքն՝ արտաբյուջետային միջոցներով ձեռք բերվող սարքերի դեպքում ևս։ Նա հիշում է, որ երբ եվրոպական դրամաշնորհներից մեկի շրջանակում իրենք տարածաշրջանային ERLEP գիտակրթական լաբորատորիան ստեղծեցին, սարքերը ձեռք բերեցին՝ ըստ «Գնումների մասին» օրենքի կարգավորումների․ «Շատ դժվար է բացատրել եվրոպական գործընկերներին, թե ինչու, օրինակ, մի քանի անգամ գնման պրոցեսը չի ստացվում, ինչու ժամանակացույցին չես համապատասխանում։ Մեր ասածն այն է, որ այո՛, եթե պետության գումարնեը գնման ընթացակարգի մեջ փորձում ենք տեղավորել, մի քիչ տրամաբանությունը հասկանալի է, բայց մեր դրամաշնորհային ծրագրերը ինչո՞ւ են մտցնում «Գնումների մասին» օրենքի մեջ»։
Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի սարքերից մեկը, որ կոչվում է հեղուկային քրոմատոգրաֆ
Այսուհետ որոշ սարքերի գնումը կիրականացնի Գիտության կոմիտեն
Անցած տարվա վերջին Գիտության կոմիտեն սարքերի ձեռբերման մցրույթ հայտարարեց, որի պայմանները մի փոքր այլ են․ այս մրցույթն ամփոփելուց հետո սարքերի գնումն իրականացնելու են ոչ թե հաղթող գիտական կազմակերպությունները, այլ կոմիտեն։
Գիտկոմի նախագահ Սարգիս Հայոցյանը մեզ հետ զրույցում պարզաբանել էր, որ այսուհետ Գիտկոմն իրականացնելու է բյուջեի կապիտալ ծախսերով կատարվող գնումները (եթե գիտական փոքր սարքավորումները հնարավոր է բյուջեի ընթացիկ ծախսերով ձեռք բերել, ապա մեծ սարքավորումները ձեռք են բերվում կապիտալ ծախսերով)։
Լիլիթ Սահակյանի խոսքով ուրախալի է այն փաստը, որ ինստիտուտները չեն իրականացնելու գնման այդ ողջ գործընթացը, բայց դժվարանում է ասել՝ սա դրակա՞ն փոփոխություն է, թե՞ ոչ, և արդյո՞ք այն կթեթևացնի գիտաշխատողների խնդիրները․ «Այս փորձը և՛ կոմիտեի համար է եզակի, և՛ մեզ համար։ Հուսամ, որ կստացվի, և գուցե պետությունը կկարողանա այդ ֆիրմաներից, որոնցից մենք սարք ենք ուզում գնել, ուղիղ գնում անել»։
Իհարկե, պետք է հաշվի առնել, որ ինստիտուտներն այսպիսով ամբողջովին չեն ազատվում գնումների գործընթացից, քանի որ նրանք կշարունակեն իրականացնել բյուջեի ընթացիկ ծախսերով կատարվող գնումները։
Հետաքրքիր է, որ երբ շրջանառության մեջ էր դրվել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, կետերից մեկով առաջարկվում էր Գիտկոմին հնարավորություն տալ հրատապության սկզբունքով ձեռք բերելու գիտական սարքավորումները, որպեսզի գործընթացն ավելի արագ իրականացվի։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ սարքերի ձեռքբերման գործընթացը որոշ դեպքերում տևում է մինչև 2.5 տարի, «ինչը չի համընկնում ոլորտի զարգացման նախանշված տեմպերին»։
«Այս կարգավորման նպատակն է ստեղծել իրավական հիմք` մեկ անձից կամ հրատապության հիմքով գնման այլ, ավելի արագագործ եղանակներով սարքերի ձեռքբերման համար, քանի որ գիտության ոլորտում ժամանակակից հետազոտությունների տեմպերը էապես արագ են, և մի քանի տարի ձգվելու պարագայում հնարավոր է սարքավորման ակտուալությունն այլևս նույնը չլինի, ինչ դրա ձեռքբերման կարիքի առաջացման պահին»,- ասվում էր հիմնավորման մեջ:
Նախագծի արդեն լրամշակված տարբերակում այս փոփոխությունը հանվեց։ Մենք հարցում էինք ուղարկել Գիտկոմ՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու է փոփոխության առաջարկը հանվել նախագծից։ Ի պատասխան՝ կոմիտեից նշել են․ «ֆինանսների նախարարության առաջարկով համապատասխան հոդվածը հանվել է նախագծից՝ հաշվի առնելով այն, որ դուրս է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի կարգավորման ոլորտից»:
Մենք նաև հետաքրքրվել էինք, թե ինչպես են լուծվելու նախագծի նախնական տարբերակի հիմնավորման մեջ նշված, ժամկետներին վերաբերող խնդիրները։
«Խնդիրները լուծելու համար այս փուլում գործընթացն իրականացվելու է ֆինանսների նախարարության հետ սերտ համագործակցությամբ, որի ընթացքում կվերհանվեն գնման գործընթացի հետ կապված իրական խնդիրները, և ըստ անհրաժեշտության՝ որոշում կկայացվի դրանց լուծման նպատակով իրավական համապատասխան ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ»,- պատասխանել են Գիտկոմից։
Լիլիթ Սահակյանը կատակում է, թե ում ձեռքին ֆինանսներն են, նա էլ որոշում է․ «Ես վստահ եմ, որ Գիտության կոմիտեն փորձում է այդ լուծումները գտնել, որովհետև այնտեղ էլ գիտնականներ են, բայց փաստորեն, Ֆինանսների նախարարությունն ավելի որոշիչ ձայն ունի»։
Խնդիրների լուծման տարբերակներ
«Գնումների մասին» օրենքից բացի՝ կա կառավարության որոշում, որով սահմանվում է գնումների կազմակերպման գործընթացի կարգը։ Այս որոշման մեջ անցած տարի փոփոխություններ են կատարվել, որոնցից մեկը կարող է անդրադառնալ նաև գիտական ինստիտուտներին։ Այս փոփոխության համաձայն՝ հրատապության հիմնավորում ունենալու պարագայում գիտական կազմակերպության ղեկավարի որոշմամբ հնարավոր է ավելի դյուրացված ընթացակարգերով գնում կատարել։ Դրա համար անհրաժեշտ է ներկայացնել կառավարության որոշման նախագիծ՝ գործադիրից խնդրելով թույլտվություն, որ գնման գործընթացն իրականացվի այլ պայմաններով։
Լիլիթ Սահակյանը նշում է, որ այս տարբերակով գնում իրականացնել դեռ չեն փորձել՝ մտածելով, որ դա ևս կարող է ժամանակատար լինել․ «Այնպես չէ՝ հիմնավորեցիր, կառավարությունը որոշեց, և վերջ։ Դա էլ է ժամանակ խլելու, դրա համար օրենքի կարգով ուզած-չուզած մտնում ենք այդ գնման ընթացակարգի մեջ։ Գուցե մի օր ունիկալ սարք ունենանք գնելու, փորձենք դիմել»։
Նշենք, որ Հայաստանի գիտական կազմակերպությունների կողմից այս գործընթացով գնումներ իրականացնելու նախադեպեր արդեն կան։
Ամփոփելով վերը նշված խնդիրները՝ Լիլիթ Սահակյանն ասում է՝ իդեալական տարբերակ կլիներ, եթե գիտնականներին ազատեին այս ողջ գործընթացն իրականացնելու պարտավորությունից․ «Մի կողմից, ելքը ակնհայտ է․ եթե ուզում ենք՝ գիտությունը զարգանա, ապա մի քիչ պետք է այդ կապանքներից ազատենք, չմտցնենք այդ քառակուսի օրենքների մեջ։ Բայց մյուս կողմից էլ չենք անում, որովհետև մտածում ենք, որ կոռուպցիոն ռիսկեր կան։ Լավ, գիտնականներին չեք վստահում, մտածում եք՝ կոռուպցիոն ռիսկեր կան, դուք ինքնե՛րդ կազմակերպեք դա այնպես, որ գիտնականները դրա մասին չմտածեն։ Որովհետև գիտնականից այսօր շատ բան են պահանջում․ աշխատավարձ են բարձրացրել, բացառապես աշխատավարձ, բայց պահանջում են ամեն ինչ։ Շատ դժվար է, և գիտնականների մոտ այդ օբյեկտիվ պոռթկումը կա, որ ինչու ես պետք է գիտական գործունեությունս թողնեմ, զբաղվեմ ինչ-որ բաներով։ Ես ասե՞լ եմ՝ ինձ այս սարքն է պետք այս խնդիրը լուծելու և ձեր գիտաչափությունն ապահովելու համար, ադմինիստրացիա՛, ապահովե՛ք»։
Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենն առանձնացնում է երկու կարևորագույն փոփոխություն, որոնք գոնե, ըստ նրա, կարելի է իրականացնել․
Գլխավոր լուսանկարում՝ կենտրոնի սպիտակուցների անալիզատորը
Աննա Սահակյան
comment.count (0)