ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնակատարին
19:26 - 15 մարտի, 2023

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնակատարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին է ներկայացրել բուհի ռեկտորի պաշտոնակատար, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանին:

ԿԳՄՍ նախարարը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհուրդ ձևավորելու և ռեկտորի պաշտոնակատար նշանակելու իրավական հիմքերին՝ նշելով, որ այդ մասին համապատասխան որոշումը նախապես ուղարկվել է նաև բուհ:

«Կառավարության համար՝ որպես բուհի հիմնադրի, առաջնային պարտավորությունն է գործադրել բոլոր ջանքերը՝ բուհի բնականոն աշխատանքը և կրթական ծրագրերի անխափան իրականացումն ապահովելու համար, որն ամենակարևորն է: Սա է մեր գերխնդիրը:

Կարծում եմ՝ դրանում համոզվել եք դեռևս հունվարի վերջին, երբ ունեինք իրավական փակուղի. թե՛ բուհի կանոնադրության և թե՛ որևէ այլ իրավական ակտում չկար կարգավորում, որն այդ պահին թույլ կտար լուծելու բուհի անխափան գործունեության, աշխատավարձերի վճարման և այլնի հետ կապված մի շարք հրատապ հարցեր:

Կառավարությունն իր լիազորությունների շրջանակում իրականացրեց կանոնադրության փոփոխություն, որը թույլ տվեց կանոնադրության ուժով ռեկտորի պարտականությունների կատարումը պատվիրակել բուհի պաշտոնատար անձին, ինչի արդյունքում այս ընթացքում կազմակերպվեց բուհի գործունեությունը»,- նշել է նախարարը:

Համաձայն «Հիմնադրամների մասին» օրենքի՝ երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհուրդ չձևավորելու հետևանքով որոշվել է ստեղծել ժամանակավոր խորհուրդ, որը առավելագույնը 6-ամսյա ժամկետով պետք է իրականացնի անհրաժեշտ քայլերը՝ խորհրդի ձևավորում, պաշտոնակատարի նշանակում և այլն:

Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ այս ընթացքում բուհին առնչվող իրավական գործընթացները հանգուցալուծում կստանան և, հիմք ընդունելով դատական որոշումները, կիրականացվեն հաջորդ քայլերը: «Հենց այս նպատակով է ձևավորվել ժամանակավոր խորհուրդ»,- պարզաբանել է նախարարը՝ հավելելով, որ սա չի սահմանափակում բուհական ինքնավարությունը:

ԿԳՄՍ նախարարը բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում հույս է հայտնել, որ Դավիթ Գյուրջինյանը կկարողանա ամբողջացնել բուհի ներսում ակադեմիական մթնոլորտի, կրթության որակի, կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված ջանքերը:

«Դավիթ Գյուրջինյանը նոր մարդ չէ բուհի համար, այստեղ ունի ավելի քան 2 տասնյակ տարիների աշխատանքային փորձ: Հուսով եմ՝ կունենանք բավարար ակադեմիական միջավայր և մակարդակ՝ բոլոր հարցերը քննարկելու համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ նախարարությունը բաց է կառուցողական բոլոր քննարկումների համար:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Ես սկզբունքային, ճիշտ աշխատանքի կողմնակիցն եմ՝ ակադեմիական պատշաճ միջավայրի ապահովման համար: Կուզեի, որ մեր համատեղ աշխատանքի ընթացքն անխաթար լիներ: Ակնկալում եմ ձեր աջակցությունը: Կարևորում եմ նաև ուսանողներին այս գործընթացները ճիշտ բացատրելու անհրաժեշտությունը»:

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հարցերին՝ անդրադառնալով բուհական ոլորտում նախանշված բարեփոխումներին, դրանց առնչությամբ շրջանառվող թյուրընկալումներին և շահարկումներին:

Նախարարն ընդգծել է, որ բուհերի միավորման և խոշորացման ծրագիրը նախատեսված է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրով» և վերաբերում է բուհական ողջ համակարգին: Նախատեսվող միջոցառումները միտված են բուհերի մրցունակության բարձրացմանը՝ միջազգային վարկանշային սանդղակներում տեղ գտնելու նպատակով:

Հիշեցնենք, որ ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերության 1-ին, 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհրդի որոշմամբ մարտի 15-ին Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ռեկտորի պաշտոնակատար՝ մինչև հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու հիմնադրի կողմից ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել