Նեթանյահուն և Բայդենը հեռախոսազրույց են ունեցել ու քննարկել են «իրանական սպառնալիքը»
10:12 - 20 մարտի, 2023

Նեթանյահուն և Բայդենը հեռախոսազրույց են ունեցել ու քննարկել են «իրանական սպառնալիքը»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Զրույցի հիմնական թեման է եղել «իրանական սպառնալիքը»։ Այս մասին նշված է Իսրայելի վարչապետի գրասենյակի թվիթերյան միկրոբլոգի գրառման մեջ։

Գրասենյակից հավելում են, որ Իսրայելի վարչապետը հայտնել է ԱՄՆ նախագահին, որ Թել Ավիվը շարունակելու է ամենուր գործողություններ ձեռնարկել ահաբեկիչների և ահաբեկչություններ կազմակերպողների դեմ։

«Զրույցը կենտրոնացած էր իրանական սպառնալիքի ու խաղաղության շրջանակի ընդլայնման վրա»,- ընդգծված է գրառման մեջ։

Նեթանյահուն անդրադարձել է նաև դատաիրավական բարեփոխումներին՝ ընդգծելով, որ Իսրայելը «եղել է և կմնա հզոր ու դինամիկ ժողովրդավարությամբ» երկիր։ Բացի այդ՝ նա նաև շնորհակալություն է հայտնել Բայդենին «Իսրայելի անվտանգությանը նրա նվիրվածության համար»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցում ողջունել է իսրայելա-պաղեստինյան պայմանավորվածությունները Արևմտյան ափում լարվածությունը թուլացնելու համար և օգնություն առաջարկել հրեական պետության ներքաղաքական հակասությունները լուծելու հարցում։

Շուրջ երեք ամիս Իսրայելում հազարավոր մարդիկ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ ընդդեմ Նեթանյահուի կոալիցիայի կողմից իրականացվող իրավական բարեփոխումների:

«Բայդենը ողջունել է Իսրայելի, Պաղեստինի, Եգիպտոսի, Հորդանանի և ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումը, որը տեղի է ունեցել մարտի 19-ին Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում՝ նպատակ ունենալով թուլացնելու լարվածությունը։ Նախագահն ընդգծել է բոլոր կողմերի կողմից հրատապ հավաքական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ ուղղված անվտանգության համակարգումն ուժեղացնելուն, ահաբեկչության բոլոր գործողությունները դատապարտելուն և երկու պետությունների որոշման կենսունակության պահպանմանը»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել