ԱԳՆ-ն աշխատում է Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշումը չկատարելու հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնելու ուղղությամբ |armenpress.am|
11:13 - 20 մարտի, 2023

ԱԳՆ-ն աշխատում է Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշումը չկատարելու հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնելու ուղղությամբ |armenpress.am|

armenpress.am: Լաչինի միջանցքն արգելափակելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն Ադրբեջանի կողմից չկատարելու հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարձրացնելու առնվազն 2 տրամաբանություն կա, և Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունն աշխատում է այդ ուղղությամբ: Այս մասին հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, դիտարկելով Հաագայի դատարանի որոշումը, որպես պարտադիր կատարման ենթակա ակտ, կիրառի ՄԱԿ կանոնադրության 7-րդ գլխով սահմանված սանկցիաները, հարկադրանքի միջոցները կամ առնվազն սկսի այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, և, թե արդյոք Հայաստանն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկում է:

Կիրակոսյանը վերահաստատեց՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն իրավաբանորեն պարտադիր ուժ ունի՝ համաձայն ՄԱԿ-ի և դատարանի կանոնադրության․ այն Ադրբեջանի կողմից ենթակա է պարտադիր կատարման: «Մենք, ցավոք, առերեսվում ենք իրականության հետ, որ Ադրբեջանն առհասարակ անտեսում է որոշումը, ոչ միայն անտեսում է, այլ ամենաբարձր պաշտոնական մակարդակից մինչև ցածր պաշտոնական մակարդակներում փորձում է նաև աղավաղել որոշման բովանդակությունը: Դա նաև վերջերս արտահայտվել էր Ադրբեջանի ԱԳ նախարարի նամակում, որն ուղղված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որին, ի պատասխան, նամակ ներկայացվել է նաև մեր նախարարի կողմից»,-ասաց Կիրակոսյանը:

Նա ընդգծեց, որ ՄԱԿ-ի կանոնադրության 94-րդ հոդվածը որոշակի նեղ ձևակերպում է տալիս, վերաբերում է վճիռներին: Բայց հոդվածի կիրառման պրակտիկան մի քիչ ավելի լայն է: Եվ եղել են փորձեր՝ դատարանի միջանկյալ որոշումները կամ ժամանակավոր միջոց կիրառելու որոշումները ներկայացնել Անվտանգության խորհուրդ: Ցավոք, այդ դեպքերը շատ հաջողությամբ չեն պսակվել: Դեպքերը վերաբերել են մշտական անդամին: Եվ մշտական անդամը, որպես կանոն, կիրառել է վետոյի իրավասությունը, և ԱԽ-ում հարցը վերջնական քննարկման չի արժանացել:

«Սակայն մեր պարագայում, կարծում եմ, անհրաժեշտ է այդ ուղղությամբ աշխատել: Ես գիտեմ,որ ԱԳ նախարարության գործընկերներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ: Շատ կարևոր է, որ Անվտանգության խորհրդում հարցը բերվի օրակարգ: Եվ պետք է հնարավորինս օգտագործելով բոլոր դիվանագիտական խողովակները՝ այդ ուղղությամբ աշխատանք տարվի հարցի բարենպաստ քննարկում ապահովելու համար»,-ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:

Նա նաև ներկայացրեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշման հարցը ԱԽ օրակարգ բերելը երկու տեսանկյուն ունի: Առաջինը ֆորմալ տեսանկյուն է. կա կանոնադրության 94-րդ հոդվածը, որը նման լիազորություն տալիս է ԱԽ-ին: Երկրորդ տրամաբանությունը ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլուխն է՝ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման լիազորությամբ օժտված լինելը:

«Գաղափարը նրանում է, որ այս որոշման չկատարումն ամեն դեպքում ստեղծում է ռիսկեր միջազգային խաղաղության և անվտանգության համար: Այսինքն՝ մենք առնվազն 2 տրամաբանությամբ հարցն ԱԽ-ում բարձրացնելու հնարավորություն ունենք: Ակնհայտ է, որ դատարանի որոշման չկատարումը, այսինքն՝ շրջափակումը շարունակելն առաջացնում է լրջագույն ռիսկեր միջազգային անվտանգության համար»,-նշեց Կիրակոսյանը:

Հաագայի դատարանը փետրվարի 22-ին պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղությամբ: Արդարադատության միջազգային դատարանը մերժել է նաև Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու Ադրբեջանի պահանջը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել