Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Վաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ Սրբազան

Վաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ Սրբազան

Բագրատ սրբազանը հանրահավաքի ժամանակ հանձնարարեց մինչև կիրակի  երեկոյան մշակել և կազմել խաղաղ բանակցությունների սահմանազատման և գծման  հստակ հայեցակարգը և այդ  բանակցությունների անընդհատականությունը։  «Որպեսզի այս մարդկանց ներկայացնենք թե  ինչ ենք ուզում։ Ցույց տանք տարբերությունը, որ մարդիկ իմանան ինչպես են խաբված ու ստված, որ իմանան իրական պատկերը որը պետք է լինի։ Երկրորդը՝ մեր խնդրանքն է, որ նախկին զինվորականներն ու պահեստազորի սպաներ  պետական անվտանգության բարձրացման հայեցակարգ ներկայացնեն»,- ասաց Սրբազանը։ Սրբազանը հավաքի մասնակիցներին կոչ արեց մինչև մյուս ուրբաթ, խաղաղ, բարեկիրթ, համառ զրույցներ ունենան ՔՊ խմբակցության պատգամավորների հետ։  Անդրադառնալով գալիք օրերի պլաններին Բագրատ Սրբազանը հայտնեց․ «Եթե ուզում ենք ունենալ պետություն, արժանապատիվ կյանք, պատիվ ունենալ, գործել սիրո, հաշտության, արդարության մեջ, սա է ճանապարհը, մենք ձեզ ոչ ցրում ենք, ոչ մարում ենք, հակառակ, պարտավոր ենք տեղեկացնել ձեզ, խոսել սխալների մասին, չտրվել զգացմունքներին՝ միաժամանակ չոչնչացնելով դրանք։ Վաղը Հայաստանի 10-ը վայրերում, Երեւանում, մարզերում, խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու։ Բնականաբար, դրանց մասին չենք կարող նախապես տեղեկացնել։ Կիրակի երեկոյան, ժամը 18:30-ին  հավաքվում ենք եւ կոնկրետ պայմանավորվում ենք, թե ինչ ենք իրականացնելու, որտեղ, ինչ չափով, ինչ ձեւ։ Մենք տարբեր մասնագիտական, փորձագիտական խմբերի հետ վերածրագրելու ենք մեր առաջիկա անելիքները՝ նպատակային, թիրախային։ Այսօր սրանով ամփոփում ենք։ Մեր սրտերի մեջ կրակը չմարած, մեր մտքերի մեջ՝ կամքը, ելնելու ուղղությունը ճշգրտված՝ գնալու ենք առաջ»։
20:44 - 10 մայիսի, 2024
Պարեկները հսկողություն են իրականացնում Կոտայքից Երևան մտնող  ճանապարհին
 |azatutyun.am|

Պարեկները հսկողություն են իրականացնում Կոտայքից Երևան մտնող ճանապարհին |azatutyun.am|

azatutyun.am: Պարեկները հսկողություն են իրականացնում Կոտայքից Երևան մտնող ճանապարհին։ Մասնավորապես, Ջրվեժի մոտ նրանք ստուգում են քաղաք մտնող բեռնատարների վարորդների փաստաթղթերն ու հորդորում Երևանի կենտրոն չմտնել։ «Ազատության» հարցմանն ի պատասխան, թե արդյո՞ք պատճառն իրականացվող ցույցերն են, Ներքին գործերի նախարարությունից պարզաբանեցին՝ արտառոց բան չկա, ստուգումներն անվտանգության նկատառումներով են։ Վարորդներից մեկը, մինչդեռ, «Ազատության»-ն ասաց, որ իրեն առաջին անգամ են նման հորդորով կանգնեցնում։ Տեղում աշխատող պարեկներից մեկն էլ նշեց, որ ստուգումները խցանումներ թույլ չտալու նպատակով են՝ շեշտելով՝ մեծ բեռնատարները կենտրոն օրենքով մտնել չեն կարող։ Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ մայիսի 4-ին Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Այնուհետ նա կոչ արեց մայիսի 10-ից սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։   
17:09 - 10 մայիսի, 2024
Եթե ժողովուրդը ցանկանա, և դա լինի Աստծո կամքը, և Հայոց հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ։

Եթե ժողովուրդը ցանկանա, և դա լինի Աստծո կամքը, և Հայոց հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ։

Ինչպես արդեն հայտնել ենք, Բագրատ Սրբազանը, պատասխանել էր «Ինֆոքոմի» հարցին, թե արդյո՞ք ինքը երկքաղաքացիություն ունի, ասել էր՝ այո։ Ճշտող հարցին՝ Կանադայի՞ քաղաքացիություն ունի, նույնպես դրական պատասխան էր տվել։ Հետևաբար Բագրատ Սրբազանի չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու։ Վերջինս նույնպես հայտարարել էր, որ հավակնություն և ցանկություն չունի վարչապետի թեկնածու առաջադրվելու և, ոչ էլ կարծում է, որ դա ճիշտ է։ Նա նման հայտարարություն էր արել՝ պատասխանելով ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որ «վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի»։ Բագրատ Սրբազանը քիչ առաջ նորից նշեց՝ վարչապետ դառնալու հավակնություն ու ցանկություն չի ունեցել նաև իր սկզբունքների պատճառով, նա նշեց՝ նաև երկքաղաքացիություն ունի․ «Մի հոգի ասել է՝ ժողովուրդը պետք է Սահմանադրություն գրի, էդ էլ հերթական պոպուլիզմը, ժողովուրդը երբեք Սահմանադրության մեջ ներկայություն չունի, է հիմա եթե ժողովուրդը որոշեց Սահմանադրության մեջ ներկայություն ունենալ ու երկքաղաքացի մարդուն ասել՝ ինքն էլ կարող է լինել, ձեր ի՞նչ գործն է։ Դու պիտի ընդդիմանա՞ք, օրինակ եմ ասում»։ Լրագրողի հարցին, թե «անգամ եթե ժողովուրդը ցանկանա, որ Դո՞ւք լինեք», Բագրատ Սրբազանը պատասխանեց․ «Եթե ժողովուրդը ցանկանա և դա լինի Աստծո կամքը, և Հայոց հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ։ Նորից եմ ասում՝ իմ կռիվը վարչապետի աթոռը չի, իմ ունեցած պաշտոնն ավելի բարձր է քան վարչապետի աթոռը»։ Նա նշեց, որ Կանադայի անձնագիրն իրեն տրվել է, երբ ծառայության է եղել Կանադայում 10 տարի․ «Տրվել է ավելի ճանապարհորդական դյուրություններ ունենալու համար։ Հիմա էլ այդ նպատակով է, ես 11 տարի է արդեն գտնվում եմ ՀՀ-ում՝ ամենադժվար վայրերում»։
14:27 - 10 մայիսի, 2024
Արման Բաբաջանյանի սխալ պնդումները Հայ առաքելական եկեղեցու մասին
 |media.am|

Արման Բաբաջանյանի սխալ պնդումները Հայ առաքելական եկեղեցու մասին |media.am|

media.am: «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը մայիսի 8-ին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ Հայ առաքելական եկեղեցին 44-օրյա պատերազմում համախմբման և մոբիլիզացիայի մասին հայտարարություն չի արել, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանի տարածքների վրա հարձակման ժամանակ «ծպտուն չի հանել». «Եկեղեցին որևէ անգամ ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում հայտարարություն՝ համախմբման, համերաշխության, ներդաշնակեցման մեր բոլորի տրամադրությունները, ուշք ու միտքը կետրոնացնելու համար հայտարարություն տարածե՞լ է։ Ոչ։ Եկեղեցին երբեևէ մոբիլիզացիայի վերաբերյալ որևէ հայտարարություն տարածե՞լ է էն ժամանակ, երբ որ…. 2021 թվականի մայիսին, 2021 թվականի նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերին հարձակում էր իրականացվում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամաբ։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Արցախը երբ որ հայաթափվում էր, դուք տեսե՞լ եք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը որևէ ծպտուն հանի էդ դաժան իրադարձությունների կապակցությամբ։ Դուք տեսե՞լ եք մի հոգևորական, որ Գորիսում գնա արցախցի դիմավորի, տասը արցախցի եկեղեցին տանի, իր հարկի տակ պահի»,- ասաց Բաբաջանյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։ Բաբաջանյանն այս պնդումներն արել էր նաև Freenews-ի եթերում։ Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, պարզեց, որ Արման Բաբաջանյանի այս պնդումները սխալ են։ Եկեղեցին 44-օրյա պատերազմի ընթացքում բազմիցս համախմբման, միասնականության և ուժերի մոբիլիզացիայի կոչեր է արել, կազմակերպել դրամահավաքներ՝ հավաքված գումարը նվիրաբերելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին, զորակցություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հետագայում՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացման ժամանակ, եկեղեցին ևս հանդես է եկել համախմբման կոչերով, իսկ Արցախի հայության տեղահանումից հետո աջակցության ծրագրեր իրականացրել նրանց համար։ Եկեղեցին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի հարձակման օրը, Մայր Աթոռի ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակվեց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ուղերձը, որում կար համախմբման կոչ՝ «Կոչ եմ անում մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն Հայրենիքի պաշտպանության կարիքների»։ Նույն օրը նա հեռախոսազրույց էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այդ օրերի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Երկու դեպքում էլ ընդգծել էր «աշխարհասփյուռ հայության» համախմբման անհրաժեշտությունը։ Սեպտեմբերի 29-ի իր ուղերձում Գարեգին Երկրորդը կրկին ուժերը միավորելու կոչ արեց՝ ազգային միասնականությունն ու համախմբումն անվանելով հաղթանակի երաշխիք։ Սկսած սեպտեմբերի 30-ից Ամենայն հայոց կաթողիկոսը հանգանակություն էր նախաձեռնել։ Հավաքված միջոցները, ըստ հաղորդագրությունների, տրամադրվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին։ Հոկտեմբերի 1-ին հայտարարվեց Մայր աթոռի միջոցներից Համահայկական հիմնադրամին 500.000 դոլար փոխանցելու որոշման մասին։ Նույն ամսվա 14-ին հայտարարվեց, որ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից փոխանցվել է 15 մլն ռուբլի, Գերմանիայի հայոց թեմից 50 հազար եվրո, Ֆրանսիայի հայոց թեմից 60 հազար եվրո, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից՝ 37 հազար դոլար։ Հոլանդիայի Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կողմից հանգանակվել և փոխանցվել է 87 հազար եվրո։ Հոկտեմբերի 3-ին, 11-ին, 14-ին, նոյեմբերի 1-ին եկեղեցին ևս համախմբման ու միասնականության կոչերով է հանդես եկել։ Ավելի ուշ Ամենայն հայոց կաթողիկոսը, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նաև կոչ արեցին զենք վերցնել ու պահել սահմանագիծը։ Հոկտեմբերի 27-ին հանդիպում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Գարեգին Երկրորդի միջև, որի ժամանակ կաթողիկոսը եկեղեցու զորակցությունը հայտնեց Հայաստանի և Արցախի կառավարություններին։ Այս ամենով հանդերձ՝ 2020-ի դեպտեմբերի 8-ին Ամենայն հայոց կաթողիկոսը հորդորել էր Փաշինյանին վայր դնել վարչապետի լիազորությունները՝ «կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները»։ Կաթողիկոսը 2021, 2022, 2023 թթ.-ի հարձակումների ժամանակ «ծպտուն հանել է» 2021-ի մայիսի 12-ին՝ ադրբեջանական ուժերի ներխուժման ժամանակ, Մայր Աթոռի ֆեյսբուքյան էջում որևէ հրապարակում չի եղել։ Մայիս ամսվա ընթացքում, սակայն, եկեղեցին համախմբման կոչ արել է։ Մայիսի 26-ին Էջմիածնում գումարված քահանայից հավաքի մասնակիցները հորդորել են համախմբվել արտաքին և ներքին մարտահրավերների հաղթահարման ու իրավիճակի կայունացման համար։ Նույն տարում Ադրբեջանի նոյեմբերյան ագրեսիայի ժամանակ Մայր Աթոռը կոչ արեց միջազգային հանրությանը և միջկրոնական կառույցներին հասու բոլոր միջոցներով ձայն բարձրացնելու և կասեցնելու ադրբեջանական կողմի հերթական ոտնձգությունները։ Միևնույն ժամանակ հորդորեց համախմբվել աշխարհասփյուռ հայությանը՝ պայքարելու Ադրբեջանի անօրինական գործողությունների դեմ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:24 - 10 մայիսի, 2024
Բագրատ Սրբազանը չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու. նա երկքաղաքացի է

Բագրատ Սրբազանը չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու. նա երկքաղաքացի է

Քիչ առաջ՝ պատասխանելով «Ինֆոքոմի» հարցին, թե արդյո՞ք ինքը երկքաղաքացիություն ունի, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ այո։ Ճշտող հարցին՝ Կանադայի՞ քաղաքացիություն ունի, վերջինս դարձյալ դրական պատասխան տվեց։ Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝  վարչապետ կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Հետևաբար Բագրատ Սրբազանի չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու։ Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը ինքը մինչ այս հայտարարել էր, որ հավակնություն և ցանկություն չունի վարչապետի թեկնածու առաջադրվելու և, ոչ էլ կարծում է, որ դա ճիշտ է։ Միևնույն ժամանակ, այսօր նախկին ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանն այսօր ասել էր, որ «վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի»։ 
13:41 - 10 մայիսի, 2024
Երեկոյան դարձալ հանրահավաք է նախատեսված, մինչ այդ «խաղաղ այցելություններ, գործողություններ»․ Բագրատ Սրբազանը հայտնեց  անելիքների մասին

Երեկոյան դարձալ հանրահավաք է նախատեսված, մինչ այդ «խաղաղ այցելություններ, գործողություններ»․ Բագրատ Սրբազանը հայտնեց անելիքների մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրապետության հրապարակում հայտնեց, որ սկսում են գործողությունները։  «Ինչպես երեկ ասացի՝ կարող են լինել խումբ-խումբ, միասին։ Ես ուզում էի առավոտ այցելել բուհեր, ուսանողներին հանդիպել, որոնք արդեն իսկ որոշակի պատրաստակամություն հայտնել են դասադուլի։ Ուղղակիորեն պետք է ճնշում գործադրենք, անհնազանդության խաղաղ գործընթացներ անենք, որպեսզի երեկ հնչած պահանջը իրականացնենք»,- ասաց նա՝  կոչ անելով Երևանում և ՀՀ բոլոր վայրերում, հնարավոր եւ անհնար, սկսել խաղաղ անհնազանդության գործողություններ, անհամաձայնության գործողություններ։  Բագրատ Սրբազանը հայտնեց, որ կարճ խորհրդակցությունից հետո շարժման մասնակիցները շարժվելու են ԵՊՀ։ Երեկոյան 18։30-ին դարձյալ հրապարակում հանրահավաք է նախատեսված, մինչ այդ «խաղաղ այցելություններ, գործողություններ»։ Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ մայիսի 4-ին Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Այնուհետ նա կոչ արեց մայիսի 10-ից սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։  
11:00 - 10 մայիսի, 2024
Տարբեր անուններ են քննարկվում․ Բագրատ Սրբազանը խոսեց հնարավոր թեկնածուների մասին

Տարբեր անուններ են քննարկվում․ Բագրատ Սրբազանը խոսեց հնարավոր թեկնածուների մասին

 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրապետության հրապարակում է։  Լրագրողներից մեկը հարց հնչեցրեց, որ մարդիկ մեղադրում են իրենց՝ հանրությանը մոլորեցնելով հրապարակ բերելու և քաղաքական պահանջ հնչեցնելու մեջ։ Ինչին նա պատասխանեց՝ հանրությունն ինքն էր պահանջում, ինքը ուղղակի այդ եղած զգացումները ձևակերպել, հնչեցրել է․   «Երեկ մեր քայլերը ներկայացնելու հերթականությունը այն չէր, ինչ եղավ, ժողովրդի ստիպմամբ եղավ, մենք ծրագրել էինք սահմանազատման դադարեցնելու մասին խոսել, հանդիպում նշանակել ու հետո տեսնել, թե ինչ է տեղի ունենալու, բայց ժողովրդի պահանջն էր այդպիսինը, ես չէի կարող ուրիշ բանի մասին խոսել, հնչեցրել եմ այն պահանջը ինչ էստեղ կուտակված էր»,- ասաց Բագրատ Սրբազանը։ Վերջինս նշեց, որ մինչև հիմա իրենց գործը չի եղել քաղաքական գործընքաց։   «Հիմա, մեր կարծիքով, քաղաքական գործիչների խորհրդակցության արդյունքում, արդեն ծրագրվի։ Երեկ փորձեցինք խորհրդարանական պատգամավորների հետ հանդիպել, խոսել, թե ինչ ձևերով կգնա գործընթացը․ նրանք պատրաստ են այդ գործընթացը այս փուլում շարունակելու և օրինական  ճանապարհով հասցնելու ավարտին։ Այդ ժամանակ պահանջվելու է նաև վարչապետի թեկնածու և այդ ժամանակ էլ երևի կհնչի [անուն]»,- Հանրապետության հրապարակում ասաց Բագրատ Սրբազանը։  Հարցին՝ անուններ քննարկվու՞մ են, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ այո․ «Տարբեր անուններ են քննարկվում, ձեր սիրած ու չսիրած անուններ, բայց ի վերջո համաձայնություն կգոյանա, թե ով կլինի, ում անձի շուրջ կլինի, սա արդեն երկրորդ փուլ է»,- ասաց նա։  Հարցին՝ քաղաքական ո՞ր ուժերից են անուններ շրջանառվում, Բագրատ Սրբազանը ասաց․ «Հնարավոր է քաղաքական ուժերից չլինի»։  Իսկ հարցին, թե արդյո՞ք բացառում են Ռոբերտ Քոչարյանի անձը քննարկելը, նա ասաց․ «Այդպիսի հարց չկա հրապարակում։ Մարդիկ ստեղծեցին այդ միֆը․․․ ես Ռոբերտ Քոչարյանին կյանքում հանդիպել եմ մի անգամ՝ 2001 թվականին Սևանի թերակղզում, երբ Վեհափառի հետ այցելել եմ Վազգենյան դպրոց, ընդամենը հինգ րոպե»,- ասաց նա։ Արման Թաթոյանի՝ հնարավոր թեկնածու լինելու մասին հարցին, Բագրատ Սրբազանը ասաց․ «Հնարավոր է, ամեն ինչ էլ հնարավոր է»։
10:35 - 10 մայիսի, 2024
«Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ բանակցություններ լավ չեմ պատկերացնում». Վահագն Ալեքսանյան

«Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ բանակցություններ լավ չեմ պատկերացնում». Վահագն Ալեքսանյան

Հանրապետության ղեկավարը մշտական երկխոսության մեջ է ՀՀ ժողովրդի հետ, բայց թե Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ երկխոսության գնալը ինչ իմաստ ունի՝ մեծ հաշվով լավ չեմ հասկանում։ Իմ տպավորությամբ, «Հայրենիքի փրկության շարժման», «Դիմադրության» շարժման նույն անձնակազմը, ինչքան հասկացա նաև նույն քանակով իրագործում են իրենց սահմանադրական իրավունքը, շատ լավ։ Մի քանի անգամ շարժում են արել, հիմա էլ էլի նույն մարդկանցով երրորդ կամ չորրորդ անգամ շարժում են անում․ իրենց սահմանադրական իրավունքն է։  Այն հարցին, թե արդյոք վարչապետը չի գնա Բագրատ Սրբազանի հետ երկխոսության, Ալեքսանյանը պատասխանեց, որ իրավասու չէ վարչապետի անունից հայտարարություններ անել, սակայն շեշտեց, որ նման երևույթ՝ ինչպիսին Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ բանակցություններն է, լավ չի պատկերացնում։ Հրապարակում հնչած այն կարծիքին, որ Փաշինյանը ձախողել է 2021 թվականի նախընտրական խոստումները, և հիմա Կիրանցի և հարակից գյուղերի բնակիչներին պատերազմի սպառնալիքի տակ ստիպում է գնալ սահմանազատման, Ալեքսանյանն արձագանքեց․ «Նախ կհորդորեմ, որ Բագրատ Գալստանյանը խոսի միայն իր հովանավորների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ այլ գործիչների անունից, այլ ոչ թե Հայաստանի տարբեր գյուղերի բնակիչների։ Եվ երկրորդն էլ, եթե պարոն Գալստանյանը ուզում է տեսնել ձախողում բառի վառ արտահայտումը, ապա կարող է նայել իր հովանավորների դեմքին»։
19:37 - 09 մայիսի, 2024
Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան

Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ելույթով մեկնարկեց Հանրապետության հրապարակի հանրահավաքը։ Բագրատ արքեպիսկոպոսը ելույթը սկսեց իրենց կարգախոսի վանկարկումներով՝ «Հայ, հայրենիք, Հայաստան ու Աստված»։ Հանրահավաքի մասնակիցները նրա հորդորով սկսեցին երգել Հայաստանի Հանրապետության օրհներգը, ապա արտասանեցին Տերունական աղոթքը։ «Այս պայծառ օրը, երբ մեր զգացումները խառն են, մայիսի 9-ը՝ մեր երբեմնի Եռատոնը, մեզանից գողացված ուրախության մեջ, այս անպատվության ժամանակներում, մենք միասին հավաքվել ենք՝ վերստին հաստատելու և ասելու, որ ոչինչ եւ ոչ ոք՝ ո՛չ երկնքում, եւ ո՛չ երկի վրա, ո՛չ իշխանություններ, և ո՛չ պետություններ, ո՛չ որևէ տեսակի ուժ, չի կարող հայոց փառավոր հոգին ընկճել։ Մենք այս գյուղերում հռչակեցինք, որ հոգին հաղթել է դուխին, և հիմա ժամանակն է, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին»,- շեշտեց Սրբազանը։ «Մենք Տավուշից ենք գալիս՝ Հայաստանի դարպասներից, պատվով ժողովրդից՝ դեպի պատվով քույրեր ու եղբայրներ», - ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով մարդկանց, որոնք միացել են, մասնակցել, այցելել Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, ինչպես նաև լրագրողներին ու ոստիկաններին։ Բագրատ Սրբազանն իր ելույթում նշեց՝ առաջին հաղթանակն են գրանցել․ «Առանց որևէ խոչընդոտի ուզում էին սահմանազատման, այսպես ասած, վերջին քարերը դնել, լուրը ստացանք երեկ, որ վերջին այդ քարերը սահմանագծման, այսպես կոչված, չեն դրել։ Կասեցվել կամ դադարեցվել է այդ գործընթացը՝ ի շնորհիվ այս ժողովրդի պայքարի և այդպես լինելու է բոլոր հանգրվաններում։ Մենք եկել էինք մի պահանջով՝ պատասխան պահանջելու ՀՀ կառավարության ղեկավարից, որ շարունակաբար այցելել է մեր համայնքներ, դժբախտաբար, ստել, խաբել, մոլորեցրել և հետո այդ բոլորի վրա ահաբեկել ու սպառնացել ժողովրդին։ Մենք եկել էին պատասխանը պահանջելու այդ սպառնալիքների, մեր էն փոքրիկ Գոհարիկի արցունքների, հերոսական Մհերի արցունքների, պահանջելու այդ պատասխանը և ժամանակ տալու՝ դադարեցնելու այս մկիակողմանի, ապօրինի, հակասահմանադրական, հակամարդկային, հակաբարոյական գործընթացը։ Մենք դեմ չենք եղել ո'չ խաղաղությանը, ո'չ սահմանազատմանը, ոչ էլ սահմանագծմանը, բայց այն ինչ տեղի է ունենում այս միջոցով, միակողմանի, ծնկած զիջելով, անընդունելի էր մեզ համար։ Աշխարհում չկա նախադեպը ուժի սպառնալիքի ներքո զիջել ու երաշխիք չտալ, որ պատերազմ չլինի։ Մենք չենք պատերազմի. հրձիգը, պատերազմ հրահրողն էլ եք դուք, պատերազմը կառավարելու անկարողն էլ եք դուք, պայմանավորվողն էլ եք դուք։ Մենք հստակ, արժանապատիվ խաղաղություն ենք ուզում, պատվով խաղաղություն»։ Սրբազանը ներկայացրեց նաև իրենց պահանջը․  «Այս կառավարությունը, իրենց ղեկավարի գլխավորությամբ, ծայրից- ծայր ձախողել են երկրի կառավարումը, քանդել են ամբողջ անվտանգային համակարգը՝ ֆիզիկական իմաստով, առաջին օրվանից թիրախավորել են եկեղեցին, հարված են հասցրել մեր ինքնության կարևոր հիմնասյուներին։ Եվ հաջորդը՝ ցեղասպանության գաղափարի ժխտումը։  Քայքայել են կրթական համակարգը։ Այսօր մեր դպրոցներում՝ պատանինների շարքերում առատացրել են թմրանյութերի առկայությունը՝ սերունդին զրկելով մտածելու կարողությունից, սպառնալիք դառնալով գալիք սերունդի համար։  Ձախողել են բոլոր ուղղություններով, արտաքին հարաբերությունների մեջ՝ չկա մի սեղան, որտեղ Հայաստանը ասելիք ունենա։ Եվ ամենակարևորը՝ Արցախ աշխարհը, չկա։ Հայրենքիը կորցնում, հետո ասում են իրական Հայաստանը պետք է տեսնել։ Իրական Հայաստան էր Արցախը, ավելի իրական, քան կարող էիք պատկերացնել։  Նայեք ՀՀ սահմանները, քանի հարյուր քառակուսի կիլոմետր  է նվաճված թշնամու կողմից, որը չի էլ պատրաստվում դրանք վերադարձնել։  Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու: Ես պատրաստ եմ, այս մեկ ժամվա ընթացքում հանդիպելու և քննարկելու հեռանալու բոլոր պայմանները։ Դուք այլևս Հայաստանում որևէ իշխանություն չունեք և ձեր հրաժարականով կվերադարձնեք հայոց եռատոնը, որը գողացել եք այս ժողովրդից»։
18:43 - 09 մայիսի, 2024
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում

Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում

Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում (տեսանյութը՝ այստեղ)։  Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի խոսքով՝ ոստիկանական ուժերն այնտեղ են՝ պահպանելու հասարակական կարգը։  «Լավատես ենք, որ ժողովրդի միջից ոչ մի արտառոց արարք թույլ չեն տա իրենց», - նշեց ոստիկանապետը։ Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում սպասվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։ Հրապարակում քաղաքացիները հավաքված սպասում են երթի մասնակիցներին։  Հիշեցնենք, որ շարժման մասնակիցները մայիսի 4-ից Տավուշից քայլերթով գալիս էին Երևան։ Նրանց պահանջն է դադարեցնել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին սկսած սահմանազատման գործընթացը։  Շարժման մասնակից, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը հայտարարել էր, որ իրենց օրակարգում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չկա, շարժման օրակարգը միակողմանի հանձնման, պետականության անկման գործընթացը կասեցնելն է։   
17:00 - 09 մայիսի, 2024
Ձեզ օրենքի սահմաններում կպահեք․ Բագրատ սրբազանի պատասխանը իրավապահ համակարգին |tert.am|

Ձեզ օրենքի սահմաններում կպահեք․ Բագրատ սրբազանի պատասխանը իրավապահ համակարգին |tert.am|

tert.am: Եթե որևէ ձևով՝ որևէ քայլ, որևէ բռնություն, որևէ ապօրինի հրաման եղավ, անհանդուրժելի է լինելու, ես առաջինն եմ կանգնած լինելու այդ շարքում, մենք կանգնելու ենք ձեր դիմաց, այս ժողովուրդն անտեր ժողովուրդ չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում Երևան-Սևան մայրուղում հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով իրավապահների կողմից հնարավոր բռնի ուժ կիրառելուն։ Հարցին՝ ի՞նչ է լինելու Եկեղեցու հետ, եթե շարժումը չհաջողի, պատկերացնո՞ւմ եք ինչ հարվածներ է ստանալու Եկեղեցին, Սրբազանն արձագանքեց, որ հիմա դրա ժամանակը չէ․ «Մեր երկիրը գտնվում է օրհասական վիճակում, ժողովուրդը ստորացած, նվաստացած է, ամեն տեղից ելնող ու չելնող՝ մանավանդ թշնամական կողմից, մեզ պարտադրում են, թելադրում, մեզ ի՞նչ է  մնացել անելու, բացելու ձեր սուրն ու մեր պարանո՞ցը, այդպես հա՞, մենք պարզ, խաղաղ, հանգիստ, հաշտության կոչով, ներելու պատրաստ, խաղաղության ձգտումով, հաղթանակի տեսիլքով դուրս ենք եկել»։ Հարցին էլ՝ բախում կլինի՞, նապատասխանեց՝ ոչ, ինչո՞ւ պետք է բախում լինի։ Սրբազանը դիմեց ուժային կառույցներին․ Իրավապահ մարմիններին ասում եմ՝ ձեզ օրենքի սահմաններում կպահեք, որևէ բռնություն չեք կիրառելու, անօրինական որևէ գործողություն չեք անելու ձեր իսկ սեփական ժողովրդի նկատմամբ։ Եթե որևէ ձևով՝ որևէ քայլ, որևէ բռնություն, որևէ ապօրինի հրաման եղավ, անհանդուրժելի է լինելու, ես առաջինն եմ կանգնած լինելու այդ շարքում։ Մենք կանգնելու ենք ձեր դիմաց, այս ժողովուրդն անտեր ժողովուրդ չէ, վախեցրել եք սարսափեցրել եք, անզորության զգացում եք փոխանցել, հիմա ոտքի է կանգնել,  իր իրավունքներն է պահանջում, իր արժանապատվությունն է պահանջում և ձեզ համար էլ է պահանջում,- ասել է Բագրատ Սրբազանը։  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում  
13:29 - 09 մայիսի, 2024
Ամեն ինչ կախված է շարժման կազմակերպիչներից, եթե ճիշտ ուղերձներ դնեն՝ կհաջողեն. Զուրաբյան |news.am|

Ամեն ինչ կախված է շարժման կազմակերպիչներից, եթե ճիշտ ուղերձներ դնեն՝ կհաջողեն. Զուրաբյան |news.am|

news.am: Եթե մարդիկ դուրս են գալիս փողոց, չի կարող շարժումը չունենալ քաղաքական պահանջներ: Այս մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախգահ Լեւոն Զուրաբյանը: «Ինչ-որ պահից պետք է ձեւակերպվի քաղաքական օրակարգը, գործողությունների ծրագիրը: Բայց մենք այդ ձեւավորողների, ձեւակերպողների մեջ չենք, եւ չենք էլ կարող հավակնել ուրիշի փոխարեն որոշումներ ընդունել: Չի կարող լինել այնպես, որ մեծ զանգվածներ հավաքվեն եւ չլինի գործողությունների ծրագիր, չլինի քաղաքական օրակարգ»,-ասաց նա: Զուրաբյանի խոսքով, բնականաբար, այս բողոքը հասունացել է ժողովրդի մեջ, այլ հարց է, թե այս բողոքը ճիշտ կտանեն կազմակերպիչները, թե սխալ. դա վճռվելու է այս օրերին: Հարցին՝ կհաջողվի՞ մեծ զանգվածներ հանել պայքարի, ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց. «Դժգոհությունը շատ մեծ է, ժողովրդի զանգվածային ընդվզման նախադրյալները շատը մեծ են, ամեն ինչ կախված է այսօրվա կազմակերպիչներից, նրանց քաղաքական ուղերձներից, քայլերից: Եթե ճիշտ ուղերձներ ներկայացնեն, կհաջողեն»: Նա կարեւորեց, թե ինչ հարցերում են քննադատում իշխանություններին. «Կարող է մեկը գա ասի՝ եկեք վիլսոնյան Հայաստանը վերականգնենք, ու եթե դու այդ հարցը չես դնում, դրա համար քեզ քննադատում ենք: Կամ այն, ինչ արեց խորհրդարանական ընդդիմությունը, որ ասաց՝ եկեք 1993 թվականի շփման գծով սահմանազատում անենք: Դա հիմարություն է: Եթե այդ տեսակետից պետք է քննադատեն Նիկոլ Փաշինյանին, դրանով նրան կուժեղացնեն: Իսկ եթե խոսքը լինի ռեալիստական, նորմալ պահանջների մասին, օրինակ, որ մերժելով այս անգլուխ, հտվածային սահմանազատումը, առաջարկեն ամբողջական սահմանազատում, բայց չմերժեն սահմանազատման գաղափարը կամ Ադրբեջանի հետ հաշտության գալու գաղափարը: Եթե մոտեցումները դա լինեն, դա կհավաքի ժողովուրդ: Եթե ամեն ինչ ճիշտ արվի, շատ մեծ է հավանականությունը, որ կարելի է հասնել արդյունքների: Բայց ոչ մի բան երաշխավորված չի կարող լինել»,- ասաց Զուրաբյանը:
13:22 - 09 մայիսի, 2024
Մի խումբ արցախցիներ Աբովյանի մոտ սպասում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին

Մի խումբ արցախցիներ Աբովյանի մոտ սպասում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին

Մի խումբ արցախցիներ հավաքվել են Աբովյան քաղաքի մոտ, նրանք սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթին:   Նշենք, որ երեկ Արցախի թեմի առաջնորդ էր արցախցիներին հորդորել միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին:   «Տավուշը հանուն Հայաստանի» շարժումը այսօր ժամը 13։00-ից Չարենցավանից մեկնարկել է երթը դեպի Աբովյան քաղաք։ Շարժումը Երևանում կլինի վաղը՝ մայիսի 9-ին, և ժամը 16։00-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակում։ Հիշեցնենք, որ շարժման մասնակիցների պահանջն է դադարեցնել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին սկսած սահմանազատման գործընթացը։  Շարժման մասնակից, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը հայտարարել էր, որ իրենց օրակարգում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չկա, շարժման օրակարգը միակողմանի հանձնման, պետականության անկման գործընթացը կասեցնելն է։ 
17:13 - 08 մայիսի, 2024