azatutyun.am Եվրամիության արտաքին գործերի նախարարներն այսօր «կանաչ լույս» վառեցին Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության մեկնարկին, որը պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների՝ ընտրական գործընթացների օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբեռհարձակումների և անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ։ Առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա երկու տարվա մանդատ և կկոչվի «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելություն» (EUPM Armenia)։
Այն գործուղելու համար Հայաստանը Եվրամիությանը խնդրանքով դիմել էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։ Բրյուսելում և Հայաստանում տեղի ունեցած քննարկումներից հետո դաշինքի դեսպաններն անցյալ շաբաթ միաձայն կողմ քվեարկեցին առաքելությունը ստեղծելու առաջարկին:
Նախապատմություն. EUPM Armenia-ն էապես կփոխարինի Հայաստանում ԵՄ մեկ այլ՝ 2023 թվականին ստեղծած EUMA անվանումով առաքելությանը, որը ստեղծվել էր Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը դիտարկելու, վստահության ամրապնդմանը նպաստելու համար։ Դրա չորսամյա մանդատն ավարտվում է 2027 թվականի սկզբին։ Այն ունի ավելի քան 200 անդամ և ստեղծվել է Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը նպաստելու, պարեկության ու հաշվետվությունների միջոցով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին աջակցելու համար:
Նոր առաքելությունը, մինչդեռ, ակնկալվում է, որ կունենա ընդամենը 20-30 ներկայացուցիչ, որոնք հիմնականում կաշխատեն Հայաստանի իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ՝ մայրաքաղաքում:
EUPM Armenia-ն որևէ կապ չի ունենա Ադրբեջանի հետ, չնայած առաքելությանը վերաբերող ԵՄ նախորդ փաստաթղթերից մեկում, որը տեսել է «Ազատություն» ռադիոկայանը, նշվում էր, որ Բրյուսելը «կշարունակի իր շփումները Ադրբեջանի հետ՝ բացատրելու ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության նպատակը և ընթացիկ խաղաղության գործընթացին բացասական ազդեցությունից խուսափելու անհրաժեշտությունը»:
Առավել մանրամասն
Չնայած «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ առկա` նախարարների կողմից հաստատված փաստաթղթում ուղղակիորեն նշված չէ, այնուամենայնիվ պարզ է, որ Հայաստան գործուղվող նոր առաքելության հիմնական մտահոգությունը Ռուսաստանի միջամտությունն է, մասնավորապես՝ հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։
Անանուն մնալու պայմանով ԵՄ մի քանի դիվանագետներ «Ազատությանը» հայտնել են, որ Բրյուսելը հույս ունի կրկնել այն, ինչը հայտնի է որպես «Մոլդովայի հաջողված փորձ»։ Այդ երկրում անցյալ տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում եվրոպամետ ուժերը պահպանեցին իշխանությունը։ Թեև այն ժամանակ Քիշնև լիարժեք առաքելություն չուղարկվեց, այնուամենայնիվ դաշինքը նախարարություններին տրամադրել էր ներկայացուցիչներ՝ ընտրությունների հետ կապված ռուսական ապատեղեկատվությունը բացահայտելու համար։
Առաքելությունը նաև պատրաստվում է աջակցել Հայաստանի հետագա տեղական ընտրություններին և խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր սահմանադրական հանրաքվեին։
Մասնավորապես, առաջարկում նշվում է, որ EUPM Armenia առաքելությունը «պետք է բարձրացնի Հայաստանի դիմադրողականությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ՝ համապատասխան անվտանգության ոլորտի կառույցներին տրամադրելով ռազմավարական խորհրդատվություն, ինչպես նաև գործառնական մակարդակի աջակցություն՝ կառավարության ընդհանուր մոտեցման համաձայն և համանման մտածողություն ունեցող այլ դերակատարների հետ սերտ համակարգմամբ»։
Փաստաթղթի համաձայն՝ սա ներառում է ռազմավարական խորհրդատվության տրամադրում Հայաստանի համապատասխան նախարարություններին և կառույցներին «հիբրիդային սպառնալիքներին, մասնավորապես՝ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիային և միջամտությանը (FIMI) և կիբեռհանցագործություններին, ինչպես նաև ընտրական և քաղաքական համատեքստում ապօրինի ֆինանսական հոսքերին հակազդելու համար»։
ԵՄ արտաքին քաղաքականության կորպուսի՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության նախորդ փաստաթղթում, սակայն, հստակ նշված էր Հայաստանում Կրեմլի ազդեցությանը հակազդելու անհրաժեշտությունը։
Մասնավորապես նշվում էր, որ տրամադրվող աջակցությունը «պետք է հստակորեն ուղղված լինի Ռուսաստանի ապակայունացնող գործունեության դեմ, որը կոշտացրել է իր հարկադրանքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ Երևանի՝ դեպի Եվրամիություն աստիճանական վերակողմնորոշման ֆոնին, օգտագործելով Հայաստանի խորը տնտեսական կախվածությունը և տարածաշրջանային անվտանգության փխրուն միջավայրը»։
Փաստաթուղթն ընդգծում է՝ եթե Բրյուսելը չաջակցի Հայաստանին, «ԵՄ-ն կկորցնի պատմական հնարավորությունը՝ թույլ տալու տարածաշրջանային դերակատարներին ազատվել Մոսկվայի գրկից մի փուլում, երբ Ռուսաստանի դիքրերը տարածաշրջանում թուլացել են»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում