4 տարի է անցել այն օրվանից, երբ Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում ՀՀ վարչապետի ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի ենթարկեց հղի մի կնոջ՝ Սոնա Մնացականյանին։ Եւ արդեն չորս տարի է՝ ամեն ապրիլի 26-ին քաղաքացիները յասամաններ են խոնարհում Լեո-Պարոնյան խաչմերուկում՝ ի հիշատակ Սոնայի եւ նրա լույս աշխարհ չեկած երեխայի՝ լռեյայն եւ կամ երբեմն աղմուկով պահանջելով արդարադատություն։
Սոնա Մնացականյանի վրաերթի դեպքը տեղի է ունեցել 2022 թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:19-ի սահմաններում։ Երեւանի Պարոնյան եւ Լեո փողոցների խաչմերուկով անցնող՝ ՀՀ վարչապետի ավտոշարասյանը ուղեկցող սպայական վաշտի հրամանատար մայոր Արամ Նավասարդյանը, իր վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկելով հետիոտնային անցումով եւ կանաչ լույսի տակ անցնող Սոնա Մնացականյանին, առանց կանգ առնելու շարունակել է ընթացքը՝ օգնություն ցույց չտալով հղի կնոջը:
Կնոջ եւ նրա չծնված երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
Գործի նախաքննությունը տեւել է 6 ամիս, եւ 2022թ. հոկտեմբերի 14-ին մեղադրական եզրակացությամբ գործը միայն վարորդի մասով է ներկայացվել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ մակագրվելով դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Մինչ այժմ էլ մահվան ելքով վրաերթի պատասխանատու է համարվում միայն վարորդը, իսկ խաչմերուկը կարգավորող ոստիկանի, ինչպես նաեւ շքախմբի պատասխանատու ղեկավարի ու շարասյան ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը մերժվել է։
Արամ Նավասարդյանը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի վճռով նախորդ տարվա ամռանը դատապարտվել է 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։
Գործով տուժող կողմը՝ Սոնա Մնացականյանի հայրը եւ նրա ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը, միջնորդել էին դատարանին վարորդին ազատազրկել 4 տարի ժամկետով։ Իսկ մեղադրող կողմը միջնորդել էր ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։
Կարող եք կարդալ Infocom-ի հոդվածը՝ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ձգձգվող դատալսումների մասին
Արամ Նավասարդյանի դատավճռից դժգոհ էին բոլոր կողմերը՝ հայտնելով, որ բողոքարկելու են այն։ Գործն այժմ Վերաքննիչ դատարանում է․ Նավասարդյանն արդարացում է պահանջում, իսկ տուժող կողմը՝ պատժի խստացում։ Եւ թեեւ պատժի խստացում էր պահանջում նաեւ մեղադրող կողմը, այդուհանդերձ Դատախազությունը չի բողոքարկել Առաջին ատյանի վճիռը։ Ի դեպ՝ այդ գործով հանրային մեղադրողն այս տարվա հունվարին սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։
Վերաքննիչում արդեն 5 դատական նիստ է կայացել։ Տուժողի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանն Infocom-ի հետ զրույցում հայտնեց, որ մայիսի 18-ին նախատեսվում է վերաքննիչ որոշման հրապարակումը։
Եթե նշված օրը որոշումը հրապարակվի, կողմերը, կախված որոշման բովանդակությունից, կարող են մեկամսյա ժամկետում բողոքարկել կամ չբողոքարկել այն։ Միայն թե այս գործի վաղեմության ժամկետը լրանում է 2027 թվականին, եւ եթե Վերաքննիչի որոշումը բողոքարկվի, եւ այդ ընթացքը տեւի նույնքան երկար, որքան առաջին ատյանում ընթացած քննությունը, վաղեմության ժամկետը կարող է լրանալ։
Իրավապաշտպան Մարիամ Կանայանը, որը տեւական ժամանակ մշտադիտարկել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործի ընթացքը, մեր զրույցում նշեց, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործը բավականին դժվար ընթացքով է գնացել։ Այժմ նա եւս կիսում է վաղեմության ժամկետն անցնելու մասով պաշտպանի մտահոգությունը։
Իրավապաշտպանը գործը ձգձելու միտում նկատում է մեղադրողի պաշտպանների մոտ, միաժամանակ նշում է, որ որոշ դեպքերում Առաջին ատյանում նախագահող դատավորն ինքը կարծես միտված չի եղել գործի ընթացքն արագանցելու։
«Շատ այլ գործերով երբեմն նիստեր են նշանակվում ամեն օր, մինչդեռ այս գործում նման ակտիվություն չի եղել, չնայած սա այնպիսի հնչեղություն ունեցող գործ էր, որ կարող էր մեկ տարվա ընթացքում ավարտված լինել»,- մեր զրույցում ասաց Կանայանը՝ նկատելով, որ նիստերի ժամանակ պաշտպանները այնպիսի հարցեր էին քննարկում ժամերով, որոնց անհրաժեշտությունը օբյեկտիվորեն չէր կարող լինել, սակայն դատավորն էլ, իր հերթին, այդ վարքագծի վրա ուշադրություն չէր դարձնում․
«Օրինակ, 2024 թվականի նիստերից մեկում տեսաձայնային փորձագետին հարցնում էին` ինչո՞ւ է 1 տեսագրություն հիմք ընդունվել մեքենայի արագությունը որոշելու համար, երբ գործին կցված են եղել 5 տեսանյութեր, եւ երբ փորձագետը պարզաբանում էր, որ միայն 1-ն է պիտանի եղել արագությունը որոշելու համար, նույնանման հարցերը շարունակվում էր։ Նույնանման հարցերի քննարկումը տեւել է գրեթե չորս ամիս»,- ասաց իրավապաշտպանը՝ հիշեցնելով, որ նիստերից մեկի ժամանակ, երբ Սոնա Մնացականյանի հորեղբայրն իմացել է, որ դարձյալ, արդեն քանիերորդ անգամ պետք է ներկայացվել վթարի պահի տեսագրությունները, սիրտը վատացել է։
Այս առնչությամբ մեր զրուցակիցը ուշադրություն է հրավիրում նաեւ նրա վրա, որ հարազատների վրա հոգեբանական ճնշում է գործադրվել՝ այդ թվում քննարկելով այնպիսի հարցեր, որոնք գործի բուն էությանն ուղղակի առնչություն չեն ունեցել։ Այդպիսի հարցերից մեկն է եղել, թե տուժողին փոխհատուցված գումարն ինչի վրա է ծախսվել։ Նա նկատում է, որ հաշվի չեն առնվել հարազատների զգացմունքներն ու ապրումները, նույնիսկ փորձ չի արվել հարցերն այնպես ձեւակերպել, որպեսզի նույն տեսագրությունը մի քանի անգամ դիտելու անհրաժեշտություն չլինի։
Ինչ վերաբերում է մեղադրյալի պատժաչափին՝ Կանայանն ընդգծում է, որ բացի այն, որ մեղմ պատիժ է սահմանվել, կա նաեւ մեկ այլ հանգամանք․
«Որպես իրավապաշտպաններ՝ մենք տեսնում ենք, որ միայն Արամ Նավասարդյանը չէ, որ պիտի պատասխանատվության ենթարկվեր։ Եվ եթե ամբողջությամբ պարզվեր, թե դեպքն ինչպես է տեղի ունեցել, որ քայլից ինչ է բխել, գուցե եւ պատասխանատվությունը բաշխվեր բոլոր մեղավորների միջեւ․ եղել են շարասյան պատասխանատուներ, արագությունը որոշողներ, եւ այլք։ Այս դեպքում ամբողջ պատկերը չենք տեսնում»։
Մարիամ Կանայանը հիշեցնում է նաեւ որոշ ապացույցների անհետացման մասին։ Խոսքը, մասնավորապես, ռադիոկապի ձայնագրության մասին է։ Վարույթի ընթացքում պարզվել է, որ անհետացել կամ ոչնչացվել են քրեական գործի համար կարեւոր նշանակություն ունեցող նյութեր՝ շարասյան ռադիոկապի ձայնագրությունները:
«Ռադիոկապ գոյություն ունեցել է ՊՊԾ եւ ՃՈ ուղեկցող բոլոր մեքենաների մեջ, բայց քննիչի հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնել են, որ խոսակցությունը չի ձայնագրվել տեխնիկական անսարքության պատճառով»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է տուժողի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը։
Իրավապաշտպանն ուշադրություն է հրավիրում այս հանգամանքի վրա՝ նշելով, որ դրա առկայության պարագայում նոր հանգամանքներ կարող էին ի հայտ գալ, որոնք, սակայն, պարզապես մնացել են անհայտ։
Մեկ այլ հանգամանք, որ, ըստ մեր զրուցակցի, ուշադրության է արժանի, դա Սոնա Մնացականյանի մահվան ելքով վրաերթից հետո՝ 2023 թ. մայիսին «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում կատարված փոփոխությունն է, որը նոր հնարավորություն է ստեղծում շրջանցելու արագության նույնիսկ արդեն եղած բավականին բարձր սահմանափակումը․ «Հստակ չէ, թե որ դեպքերը կարող են համարվել «հարձակման …․ անմիջական սպառնալիք», ինչը տեղ է թողնում կամայական մեկնաբանությունների եւ ենթադրությունների, որ «սպառնալիքներով» պայմանավորված կարելի է անսահմանափակ գերազանցել արագությունը, եւ թե
ինչ չափանիշներից ելնելով է շարասյան պատասխանատուն որոշելու «հարձակման» կամ դրա «անմիջական սպառնալիքի» առկայությունը»,- նշում է մեր զրուցակիցը։
«Այս գործը վատ նախադեպ է իրականում, իշխանական ռեսուրսների ամբողջական օգտագործման թողտվությունը՝ սկսած քարոզչական մակարդակից, դատական պրոցեսի ձգձգումից, պաշտպանական կողմի հարձակումից եւ այլն, կարող է կրկնվել։ Այսինքն` մենք հասկանում ենք, որ քաղաքացին մենակ է մնում այս մեխանիզմի դեմ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Սոնա Մնացականյանի մահվանը հաջորդող օրվանից մինչ օրս չեն դադարում տարբեր տեսակի մանիպուլյացիաներն ու կեղծ տեղեկությունները, որոնցով փորձ է արվում մեղքը վերացնել եւ կամ այն անուղղակի բարդել հետիոտնի վրա։
Իրավապաշտպանը նաեւ հավելում է, որ մինչ օրս ճնշումները շարունակվում են նաեւ այն մարդկանց նկատմամբ, որոնք խոսում են այս գործի մասին․
«Օրինակ` երեկ չէ առաջին օրը Սոնայի հիշատակի կապակցությամբ մի խումբ մարդիկ, այդ թվում ես, Պարոնյան փողոցում էինք, եւ այդ միջոցառման լուսաբանումների տակ բազմաթիվ են մեզ թիրախավորող եւ անպատվող մեկնաբանությունները՝ պնդումներով, թե ինչու եք բարձրաձայնում, ինչու եք ցավեցնում հարազատներին եւ այսպես շարունակ։ Անձամբ ես շփվել եմ Սոնայի հարազատների հետ, մեր զեկույցը պատրաստելիս նրանց տեղեկացրել եմ, թե ինչ թեմաների եւ զգայուն հարցերի է անդրադարձ լինելու, որոնք ուղղակի չեն կարող չհրապարակվել»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ առանց այս խնդիրների մասին խոսելու պարզապես հնարավոր չէ հասնել արդարադատության։
Լուսանկարը՝ 2025, ապրիլ, Պարոնյան փողոց