yfathdy8df5ex4jp

Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կկառուցվի․ շինարարությունը կսկսվի 2027-ին

Պետական եկամուտների կոմիտեի և իտալական «IRD Engineering» ընկերության միջև ստորագրված պայմանագրով պաշտոնապես մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը։ 14,4 մլն եվրո արժողությամբ նախագիծը ֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի կառավարության կողմից, իսկ շինարարության մեկնարկը նախատեսված է 2027-ին։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

«Ծրագիրը նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության գործնական արտացոլումն է, քանի որ այն դառնալու է տարածաշրջանային կայունության և տնտեսական համագործակցության ժամանակակից ու նորագույն տեխնիկայով հագեցած ենթակառուցվածք»,- ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ։

Ըստ միջոցառմանը ներկա միջազգային կառույցների ներկայացուցիչների, Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը կարևոր ներդրում է տարածաշրջանային համագործակցության և առևտրի դյուրացման, ինչպես նաև ենթակառուցվածքային զարգացման գործում։

Նախաձեռնությամբ Հայաստանի հարավում կձևավորվի նոր տնտեսական և լոգիստիկ հանգույց՝ միտված միջազգային բեռնափոխադրումների և մաքսային գործընթացների սպասարկման արդիականացմանը, ինչպես նաև ժամանակակից և թվայնացված մաքսային միջավայրի ձևավորմանը։

Կենտրոնը կկառուցվի Սյունիքի մարզի Շաքի համայնքի հարակից տարածքում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին կից և միտված է դեպի հարավ իրականացվող բեռնափոխադրումների  դյուրացմանը՝ ապահովելով մաքսային գործընթացների արագ և թվայնացված սպասարկում։

Ծրագրով նախատեսվում է ներդնել ժամանակակից մաքսային և լոգիստիկ լուծումներ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական X-ray սկանավորման և զննման սարքավորումներ, բեռնատարների սպասարկման և կայանման գոտիներ, վարչական և օժանդակ ենթակառուցվածքներ, ինչպես նաև թվային կառավարման և էներգաարդյունավետ համակարգեր։

Ծրագրի նախագծման և տեխնիկական աշխատանքները վստահվել են միջազգային փորձ ունեցող իտալական IRD Engineering ընկերությանը, իսկ շինարարությունն իրականացվելու է FIDIC Yellow Book միջազգային չափանիշներին համապատասխան։ Միաժամանակ, նախագիծը հավակնում է ստանալ LEED կանաչ շինարարության հավաստագիր, որի շրջանակում նախատեսվում են էներգաարդյունավետ և ջրախնայող լուծումներ, կանաչ տարածքների զարգացում, ինչպես նաև վերականգնվող էներգիայի կիրառման հնարավորություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն