ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովի բացմանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Մայիսի 11-16-ը Դիլիջանում անցկացվող գիտաժողովի ընթացքում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած մրցույթների շահառուները ներկայացնելու են իրենց գիտական խմբերի հետազոտությունների արդյունքները՝ «Առաջատար հետազոտությունների աջակցության ծրագիր», «Գիտական խմբերի/լաբորատորիաների մեկնարկի կամ ամրապնդման աջակցության ծրագիր», «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» և «Արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր»: Այս տարի ցանկում ընդգրկվել է նաև «Նպատակային ծրագրեր» դրամաշնորհը, որը միտված է պետական կառավարման ոլորտի ռազմավարական խնդիրների լուծմանը և գիտական արդյունքների կիրառական նշանակության ընդլայնմանը։
Ողջունելով մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է՝ ամենամյա գիտաժողովը դարձել է գիտության զարգացման շուրջ համատեղ քննարկումների, փորձի փոխանակման և տարբեր գիտական ուղղությունների միջև համագործակցության ձևավորման կարևոր հարթակ։ Նախարարի խոսքով՝ այս տարվա թեման և խորագիրը շեշտադրում են գիտության առանցքային դերը հանրային և պետական զարգացման գործում:
«Գիտությամբ զբաղվելն ինքնին արժեքավոր գործունեություն է, որովհետև հենց գիտական միտքն է առաջ մղում մտածողությունը, մեր առջև դնում նոր խնդիրներ ու զարգացման ուղիներ բացում։ Բոլորովին պարտադիր չէ, որ հենց սկզբից պարզ լինի, թե որ թեմաներն են հետագայում կարևոր զարգացում ունենալու։ Գուցե հարյուր թեմաներից միայն երկուսն են դառնալու նշանակալի ուղղություններ, բայց եթե այդ հարյուրի շուրջ չաշխատենք, չենք ունենա նաև այդ երկուսը։ Գիտության զարգացման տեսանկյունից պետք է շատ ուշադիր լինենք հասկանալու, թե ինչպես է գիտությունն ազդում պետության և հասարակության կյանքի վրա»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ համաժողովում առաջին անգամ քննարկվելու են նպատակային ծրագրերը, որոնց միջոցով պետական մարմինների կարիքներից բխող հետազոտական թեմաներ են իրականացվելու գիտնականների մասնակցությամբ։
Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ կարևոր է նաև, որպեսզի պետական գերատեսչություններն ունենան բավարար կարողություններ՝ հասկանալու՝ բազմաթիվ ոլորտային խնդիրների լուծման համար պահանջում է գիտական հետազոտություն։
Նախարարն անդրադարձել է նաև գիտական գործունեության կազմակերպման խնդիրներին՝ նշելով, որ տարիներ շարունակ ձևավորվել է մոտեցում, ըստ որի՝ գիտնականը պետք է միաժամանակ լինի և՛ հետազոտող, և՛ կառավարիչ, և՛ կազմակերպիչ։
«Ակնհայտ է, որ մենք կարիք ունենք աշխատանքի ճիշտ կազմակերպման, գործառույթների հստակ բաշխման և գիտական գործունեության պրոֆեսիոնալ կառավարման համակարգերի ձևավորման, որպեսզի դրանք դառնան ոչ թե բացառություն, այլ բնականոն գործելակերպ»,- նշել է նա։
Նախարարն առանձնահատուկ կարևորել է նաև գիտության հանրային հաշվետվողականությունը՝ հիշեցնելով, որ 2018 թվականի համեմատ գիտության ոլորտի ֆինանսավորումն աճել է 2.8 անգամ, էապես ավելացել են սարքավորումների ձեռքբերման և դրամաշնորհային ծրագրերի իրականացման ուղղությամբ ներդրումները։
«Հանրությունը, որպես այդ ներդրումների փաստացի ֆինանսավորող, պետք է հասկանա, թե ինչ է ֆինանսավորվում և ինչու։ Շատ կարևոր է, որ գիտության հանրային հաշվետվողականությունը դառնա մեր առօրյա գործունեության անբաժանելի առանցքներից մեկը: Կարևոր է նաև, որ կարողանանք գիտության լեզուն դարձնել ավելի հասկանալի, հետաքրքիր և գրավիչ լայն հասարակության համար»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։