վերջջջ

Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 5-րդ օրը

Այսօր՝ մայիսի 12-ին, քաղաքական ուժերը շարունակել են նախընտրական քարոզարշավ իրականացնել հանրապետության տարբեր մասերում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում ներկայացրել է մշակութային ոլորտի հիմնական դրույթները։

Գագիկ ծառուկյանն այսօր Կոտայքի մարզում իրականացրած քարոզարշավի ժամանակ խոսել է իր և Լուկաշենկոյի հարաբերությունների մասին․

«Լուկաշենկոն ասել է՝ ես հայերին այնքան եմ հարգում, սիրում, հարց չկա, ասել է՝ տար Հայաստան։ Նա հայերին սիրում է, հայերի կողքին կանգնած է»,- նշել է նա։

Հարցին, թե արդյո՞ք իր որդին Բելառուսում մնում է Լուկաշենկոյի հովանու ներքո՞, Ծառուկյանը պատասխանել է․

«Ինքը տեղյակ էլ չի, որ իմ տղան այնտեղ է։ Որ ասում են՝ կրակել է տղաս, նման բան գոյություն չունի։ Ով որ կրակել է, զենքը տարել հանձնել է, 3 փամփուշտ պակաս, ասել է, որ կենդանիներ են դուրս եկել, օդ է կրակել, որ իր վրա չհարձակվեն։ Տղայիս հետ եղել են 5 հոգի, նրանց բաց են թողել»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մայիսի 12-ին քարոզարշավ է իրականացրել Երևան քաղաքի վարչականն շրջաններում։ Կուսակցության անդամները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շրջել են փողոցներում, թռուցիկներ բաժանել մարդկանց։

Այսօր քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ Լուկաշենկոյի մասին խոսքերին, ասել էր․

«Մեկը կա, մեծ-մեծ խոսում ա, Բելառուսի նախագահին ա պաշտպանում ՀՀ-ում: Տղեն մի անգամ առաջնագծում չի կրակել, Կոտայքում կրակել ա ու հիմա փախած ա: Բռնելու ենք, բերենք նստեցնենք: Լակո՛տ, չես փախնելու, հերդ էլ չի փրկելու, Ռոբիկ հորեղբայրդ էլ։ Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք»։

Ավելի ուշ ՀՀ դատախազությունը հաղորդագրություն տարածեց, դեռ 2025թ․-ի հունվարին Բելառուսի Հանրապետություն է ուղարկել Նվեր Ծառուկյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու մասին միջնորդություն, հաղորդում է Գլխավոր դատախազությունը: 

«2025 թվականի նոյեմբերին ստացվել է Բելառուսի գլխավոր դատախազության գրությունն այն մասին, որ հանձնման մասին միջնորդությունը կքննարկվի կիրառելի միջազգային պայմանագրի հիման վրա՝ Բելառուսի տարածքում նրան հայտնաբերելուց և ձերբակալելուց հետո»,- ասված էր հաղորդագրության մեջ:

«Հանուն հանրապետության» կուսակցությունը քարոզարշավն անցկացրել է Կոտայքի մարզում։ Քարոզարշավն ամփոփելիս կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը և Ռուբեն Մերհրաբյանն անդրադարձել են Ծառուկյանի՝ Լուկաշենկոյի մասին արված մեկնաբանություններին․

«Մենք գիտենք 44-օրյա պատերազմից առաջ Բելառուսի վաճառած սպառազինությունը Արդբեջանին, պատերազմից հետո մեզ համար ամենածանր պահին Լուկաշենկոյի հայտնվելը Ադրբեջանում Ալիևի կողքին և նրա խոստովանությունը Ադրբեջանին աջակցելու մասին։ Եթե դու քաղաքականությամբ ես զբաղվում, դու չես կարող հայ ժողովրդի արժանապատվության հաշվին նման հայտարարություններ անել»,- ասել է Բաբաջանյանը։

«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշան անցկացրել է Սյունիքի մարզում։

«Վստահ եմ, որ 10 տարի հետո ՀՀ-ում ամենախիտ բնակեցված վայրը լինելու է Սյունիքը, այս տարածքը լինելու է ամենաթանկ քմ-ով տարածքը»,- նշել է  կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Շնորհապետական» կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանը այսօր քարոզարշավի ընթացքում ներկայացրել է արտաքին քաղաքականության իրենց տեսլականը։ Նա հայտարարել է՝ կարծում է, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից և ԱՊՀ-ից, ռազմավարական աստիճանի հասցնի Եվրամիության պետությունների և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները․ 

«Ադրբեջանի հետ պետք է փորձենք հավասարակշռված խաղաղության հասնել, որ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական շահերը նույնպես նկատի ունենան»,- ասել է Սիմոնյանը։

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի 5-րդ օրը այցելել են Դիլիջանի Շամախյան թաղամաս՝ կուսակցության ղեկավար և վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի գլխավորությամբ։ 

Թաթոյանն ընդգծել է, որ առաջիկա ընտրությունները պատմական նշանակություն ունեն Հայաստանի համար։  «Իսկապես սրանք շատ կարևոր ընտրություններ են, մենք ճակատագրական որոշում պետք է կայացնենք։ Եվ մենք չպետք է թողնենք, որ ուրիշները մեր փոխարեն որոշում կայացնեն, մենք պետք է որոշումը կայացնենք՝ յուրաքանչյուր մարդ»,- նշել է նա: 

«Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությունը հայտարարել է, որ այսուհետ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը պարբերաբար ներկայացնելու է քաղաքական ուժի նախընտրական ծրագրի հիմնարար դրույթներն ու ռազմավարական ուղղությունները։ 

Քաղաքական ուժի այսօրվա հայտարարության մեջ նշվում է, որ նախընտրական ծրագրում ոչ թե դատարկ խոստումներ են, այլ պետականաշինության, արդարության, ազգային արժանապատվության և հզոր Հայաստանի կառուցման հստակ քայլեր։

«Հայաստանի ռազմավարական դաշնակիցը լինելու է այն պետությունը, որը հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը, ոչ թե Հայաստանը դիտում է որպես գաղութ, պրոյեկտ կամ ազդեցության գոտի»,- նշել է Ղուկասյանը։ 

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը վստահ է` ցանկացած փոփոխություն կախված է մարդկանցից։ Քարոզարշավի 5-րդ օրը Պետրոսյանն ամցկացրել է Աշտարակ քաղաքում։

«Ամեն ինչ մարդկանցից է կախված։ Հասարակությունը փոփոխություն է ուզում, որտեղ իր մասնակցությունը չի պահանջվի, բայց տենց փոփոխություն չի լինում»,– քաղաքացիներին ասել է Պետրոսյանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին այսօր իր գործով դատական նիստից առաջ լրագրողները հարց ուղղեցին՝ համարո՞ւմ է, որ Ռուսաստանի հայտարարությունը ճնշում է Հայաստանի վրա․ «Ոչ միայն Ռուսաստանի, բոլոր երկրների ցանկացած հայտարարություն համարում եմ ճնշում և ոչ ճիշտ Հայաստանի համար»,- ասել է նա։

Կարապետյանին հարցրին նաև՝ ինչ քայլեր է արել Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու ուղղությամբ: Կարապետյանը ծիծաղելով պատասխանեց․ «Առավոտը զարթնել եմ, զանգել եմ Վարդևանյանին ու ասել՝ շտապ սկսիր քայլերը: Ես Վարդևանյանին վստահում եմ, այդ հարցով ինչ թուղթ բերում է, ստորագրում եմ»։

«Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավ իրականացրել են Նոր Նորք վարչական շրջանում։

Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը թիմակիցների հետ շրջել է վարչական շրջանում, շփվել, լուսանկարվել քաղաքացիների հետ, քարոզչական թռուցիկներ բաժանել։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էլ այսօր Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենքի մոտ է եղել։

«ՀՀ-ում մարդը շարունակում է մարդը մնալ տուգանքի մատերիալ, մարդուն տուգանում են, եղածը բռնագանձում են, գույքը խլում են, և պետություն չկա, որ այդ մարդուն պաշտպանի։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ հունիսի 7-ին դուք ունեք հնարավորություն այս սարսափը կասեցնելու և փոխելու այս ամեն ինչը։ Երբ որ ձեր բանկային հաշիվները ապօրինի կերպով արգելանքների տակ չեն հայտնվելու», – նշել է կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։

«Հայաստան» դաշինքը հանդիպել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին։ Դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է ընտրություններում հաղթելու դեպքում իրենց գործողությունները։

«Հիմար օրենքը՝ գույքահարկի մասին օրենքը, փոխելու ենք, համաներում է լինելու բոլոր տուգանքների, բոլոր հիմարությունների, որ մեր ժողովրդին սարքել են պարտքերում խրված մի ժողովուրդ։ Էլ վարորդական, էլ չգիտեմ ինչ»,- ասել է Քոչարյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ այսօր հյուրընկալել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությանը։ Հյուրերը հետաքրքրվել են ընտրությունների նախապատրաստական ընթացքից, նախընտրական քարոզչության օրենսդրական կարգավորումներից և առհասարակ ընտրական օրենսդրությունից։

Գլխավոր նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն