Մայիսի 17-ը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 10-րդ օրն էր։ Ինչպես նախորդ օրերին, քաղաքական ուժերը շրջում էին թե մարզերում, թե մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավթաշենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ զրույցում անդրադարձել է անօրինական տների օրինականացման հարցին։
«Ուզում ենք օրենք ընդունենք, որ հեշտացված կարգով լուծենք այս խնդիրը: Հիմա մեր մոտեցումն այս է՝ թղթերով անօրինական է, բայց մարդը տունը սարքել է, 40 տարի մեջը ապրում է, հո՞ չենք ասելու՝ դուրս եկեք տնից: Քանի որ թիվը շատ է, հատ-հատ մարդիկ դիմում են, հատ-հատով մինչև լուծում ենք՝ տարիներ է տևում: Հիմա փաթեթով ենք լուծում»,- նշել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ օրինականացվելու են այն տները, որտեղ մարդիկ տասնամյակներով ապրել են՝ ընդհուպ մինչև 2021 թվականը։
Քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան՝ ՔՊ ղեկավարը հայտարարել է, որ իրեն թվում է՝ մեկ-երկու տարի անց Հայաստանի քաղաքացիների համար Շենգենյան վիզային ռեժիմը կազատականացվի:
Փաշինյանը նաև հանդիպել և զրուցել է Միկոյան 64 շենքի բնակիչների հետ։ Բնակիչները նշել են, որ պետական կառույցների անգործության հետևանքով իրենք լուրջ խնդիրների առաջ են կանգնել․ «Մենք օգոստոսին դիմել ենք Հակակոռուպցիոն կոմիտե, որ էստեղ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաներով, ապօրինի փաստաթղթերի հիման վրա, տվել են կառուցապատման թույլտվություն»,- նշել են նրանք։
Բնակիչների բողոքներին ու մտավախություններին, որ երաշխիք չկա, որ հողատարածքն ի վերջո կանաչաապատ կլինի, Փաշինյանն արձագանքել է՝ զանգահարելով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին։
«Պարոն Խաչատրյան, Միկոյան 64-ի բնակիչների հետ կապ պահենք, որ մարդիկ տեղյակ լինեն, ինչ ենք անում, ուր ենք հասել, ինչ ժամկետներ ենք պատկերացնում, ինչ ճանապարհ ենք պատկերացնում, որ խնդիրը լուծվի։ Խնդիրը հետևյալն է․ մեկ՝ որ իրենք իրենց տների սեփականության վկայականները ստանան։ Երկրորդ՝ նախնական հաստատված նախագծի համաձայն՝ շենքը կանաչապատ տարածքներով շրջապատված լինի։ Երրորդ՝ հողի բաժնային սեփականության հարցն է, դատախազությունը զբաղվում է։ Արդյունքում՝ դա էլ լուծվի։ Եվ էնտեղ հիշում եք՝ կանխիկ վճարումների հետ կապված հարցեր կան, հասկանանք՝ դրանք ոնց ենք լուծում»,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանն անդրադարձել է նաև մայիսի 16-ին Լոռիում Սուրեն Պապիկյանի քարոզարշավի ժամանակ եղած միջադեպին, որ կապված էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակիրների հետ. «Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես»,- միջադեպի մասին խոսելիս ասել է Փաշինյանը։
Նշենք, որ Քննչական կոմիտեն այսօր հաստատել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նախապես հայտարարված նախընտրական քարոզարշավը Լոռիում խոչընդոտելու առթիվ քրեական վարույթ է հարուցվել․ ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի 10 աջակից։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հանդիպել է Լոռու մարզի բնակիչներին։
«Դուք գիտեք, որ մեր Լոռին կյանքի համար ամենագեղեցիկ, ամենահրաշալի վայրն է։ Բայց այս տարիների ընթացքում այն լրջորեն զրկվել է ուշադրությունից։ Ես նայել եմ մեր թվերը, թե վերջին տարիներին որքան էր Լոռին հայաթափվել։ Սա իսկապես մեծ մտահոգություն է առաջացնում»,- նշել է նա։
Ըստ Կարապետյանի՝ այս տեսանկյունից լուրջ աշխատանք է սպասվում։
«Այսպիսի բնության առկայության պայմաններում մարդիկ անուշադրության են մատնում աճն ու զարգացումը։ Կարծում եմ՝ դուք չեք կասկածում, որ Լոռին լինելու է իմ ուշադրության կենտրոնում»,- ասել է նա։
Մեծամորում էր գտնվում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ Նա հայտարարել է, որ Արարատյան դաշտը հայտնի է իր գինեգործությամբ, սակայն այն նույնպես բախվում է անսովոր խնդրի։
«Արարատի մարզի այգեգործության ոլորտում մենք ունենք մեկ եզակի խնդիր․ աշխարհում ամենաշատ ջուր ունեցող երկրների թվում գտնվող մեր երկրում միջին մարդու հաշվով Հայաստանում ջուրը նորմայից երկու անգամ ավելի է։ Բայց Հայաստանի քաղաքացին օգտագործում է Հայաստանի ջրի ընդամենը 5%-ը։ Սակայն Արարատյան դաշտում, Արմավիրի մարզում ընդհանրապես ժողովուրդը ջրի խնդիր ունի։ Ո՞րն է պատճառը։ Պատճառը ոռոգման համակարգերում է։ Տեղադրված են հին ոռոգման համակարգեր, որոնց վրա ոչ ոք չի աշխատել։ Պատճառն այն է, որ մենք նույնիսկ չենք կարողանում նորմալ կառավարել այն հարստությունը, որը մեզ տվել է Աստված»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը։
Ըստ նրա՝ լուծումը՝ Սևան-Հրազդան կասկադով ոռոգման համակարգն է։
Չարենցավանում այսօր քարոզարշավ անցկացնող «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ վարչապետի թեկնածուն պարտավոր է «փսիխոյի»՝ հոգեկան առողջությունը հավաստող փաստաթուղթ հանել:
«Երեկ երեկոյան հայտնաբերեցի, որ մեր նախընտրական ծրագրում կա մի լուրջ թերություն: Մարդը վարորդական իրավունք ստանալուց, ընդամենը փոքր մեքենա քշելու համար, «փսիխոյի» թուղթ է ստանում՝ հոգեկան առողջության համար թուղթ է հանում, ժողովուրդն ասում ա՝ «փսիխո»: Հիմա պետության ղեկի մարդը, մի պետություն, որն ունի մոտ 3 միլիոն բնակչություն, կարծում եմ, ևս պետք է «փսիխոյի թուղթ» հանի», – հայտարարեց նա։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել՝ արձագանքելով նախորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Հայաստան-Ադրբեջան սահմանազատման վերաբերյալ։
«Անկլավների հարցը սուտ է։ Խաբում են, սահմանազատում չի եղել. միակողմանի մենք դուրս ենք եկել որոշակի տարածքներից, որի անունը դրել են չորս գյուղ, բայց ի՞նչ չորս գյուղ․ չգիտեմ: Եվ պիտի Ադրբեջանն էլ դուրս գար, դուրս չի եկել, ու այնտեղ կառուցել են մի հատ պատ, որը ես կոչում եմ ամոթի պատ: Ամոթ է, որ մենք պայմանավորվենք, մենք մեր մասը անենք, իրանցը չանեն, հետո էլի գան, ասեն՝ դե, սա էլ տվեք, դե, այն էլ տվեք»,- ասել է Մարուքյանը։
Հիշեցնենք, որ Երևանում մայիսի 16-ին քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկը Փաշինյանին հարցրել էր «անկլավների մասին».
«Մենք ինքներս ունենք խնդիր՝ Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է, և մենք չենք կարող հրաժարվել, չենք կարող ասել Արծվաշենը չկա։ Սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անելու։ Կոնֆլիկտը հաղթահարված է, հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույն սկզբունքով ճանաչել ենք, ինչ սկզբունքով իրենք են մեր տարածքային ամբողջականությունը ճանաչել»,- ասել էր Փաշինյանը։
Այսօր ԼՀԿ-ն քարոզարշավ է իրականացրել Արմավիրի մարզում։
Կոտայքի մարզում քարոզարշավ իրականացնող «Շնորհապետական» կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով հայտնել է, որ կուսակցության մասին զրպարտություն է տարածվում, ըստ որի՝ նա ներկայացնում է ներկայիս իշխանությանը։
«Իմ արժեհամակարգը, իմ անհատականությունը ինձ թույլ չի տալու, որ ես մարդկանց քվեն և Հայաստանը վաճառեմ՝ միանալով սրան կամ նրան: Ես հայտարարել եմ, որ մենք չենք միանալու գործող իշխանություններին ոչ մի պարագայում, նրանց հետ միացած չենք եղել երբեք և չենք էլ միանալու, և նախկիններից որևէ մեկին ու նրանց աֆիլացված արբանյակ քաղաքական ուժերին»,- ընդգծել է Սիմոնյանը:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում մայիսի 17-ին շրջել է Երևանի կենտրոնում։
Լևոն Զուրաբյանը շփվել է քաղաքացիների հետ, ներկայացրել իրենց քաղաքական ուժի ծրագրերը և հորդորել գնալ ընտրությունների ու քվեարկել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության օգտին։
Զուրաբյանը վստահեցրել է, որ իրենք ներկայացրել են խելամիտ ծրագիր՝ շեշտելով այն հանգամանքը, որ իրենց կարգախոսն է «Խելամիտ ուղի Հայաստանի համար»։
«Միասնության թևեր» կուսակցության անդամները քարոզարշավի 10-րդ օրը անցկացրել են Արմավիրի մարզում։ Կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հայտարարել է, որ Էջմիածնում պետք է զարգացնել կրոնական զբոսաշրջությունը։
«Ես ինքս շատ եմ եղել Երուսաղեմում, մեր հայ համայնքը, որ այնտեղ կա, հայրենասեր, հզորագույն հայ համայնք, զբաղվել ենք նրանց իրավունքներով, հայրենասեր պահում են։ Բայց ո՞նց են զարգացել։ Կրոնական զբոսաշրջությամբ բերում են ամբողջ աշխարհին ուխտագնացության, ցույց են տալիս իրենց սրբատեղիները։ Նույնը մենք պետք է անենք։ Մենք պետք է ամբողջ աշխարհով հպարտանանք մեր եկեղեցիներով, մեր հոգևոր կենտրոնով, մեր արժեքներով։ Սա նույնպես մեզ համար չափազանց կարևոր է»,- նշել է նա։
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մայիսի 17-ին իրականացրել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում։
Կուսակցության ներկայացուցիչները ցուցակի երկրորդ համար Գևորգ Սաֆարյանի գլխավորությամբ շրջել են փողոցներում, խոսել բնակիչների հետ և թռուցիկներ բաժանել։ Սաֆարյանը կոչ է արել ընտրությունների ժամանակ դրսևորել ակտիվություն։
«Քանի դեռ մենք նստած ենք մեր տներում, քանի դեռ մենք պասիվ ենք, օրվա իշխանությունները մեր անունից հանձնում են մեր երկիրը։ Դավաճանաբար հանձնելով Արցախը՝ նրանք լծվել են ամբողջական Հայաստանի լուծարման գործին։ Թուրք-ադրբեջանական պահանջներով՝ թուլացնում են հայկական բանակը, կրճատում են հայկական բանակի թվաքանակը: Ադրբեջանի պահանջով պատրաստվում են փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը»,- հատարարել է Սաֆարյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ էր իրականացնում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողի հետ զրույցում նշել է, որ այդ պահին իր մտքով նոր անցնում էր Ռուբեն Վարդանյանը․ «Նա ծրագիր ուներ Երևանում մի քանի տեղ ճոպանուղիներ բացելու՝ մեկը Էրեբունիում, մեկը՝ Կասկադում, մեկը՝ Նորքում: Եվ ես հուսով եմ, որ մոտ ժամանակներս իմ ընկերոջը հնարավորություն կտրվի, որ այդ ծրագիրը ինքը կյանքի կոչի»։
Հարցին, թե ինչպես է գնահատում քարոզարշավի ընթացքը Ծառուկյանն ասել է՝ հոյակապ. «Շատ լավ. անմիջական շփում, անմիջական հարց ու պատասխան, ձևական բան չկա՝ պարզ նայելով մարդկանց աչքերի մեջ, խոսելով իրենց խնդիրներից, պրոբլեմներից և լուծումների մասին: Հոյակապ եմ գնահատում, շատ լավ»,- նշել է նա: