photo_2026-05-18_23-28-08

Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 11-րդ օրը

Այսօր հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 11-րդ օրն էր։ Այն անցավ բավականին լարված։

Արաբկիրում քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հունից դուրս եկավ մի քաղաքացու հետ զրույցի ժամանակ, երբ կինը, մոտենալով իրեն, մեղադրանքներ հնչեցրեց Փաշինյանի հասցեին՝ հիշատակելով իր անհետ կորած եղբորը, Արցախի կորուստը եւ այլն։ Նա հայտարարեց, թե Փաշինյանն իրենց փորձել է կզացնել, բայց չի կարողանալու։ Փաշինյանն ի պատասխան հայտարարեց՝ «Եթե դուք Ռոբն եք, ձեզ կզացնելու ենք. Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու»։

Կնոջ հետ վեճի ժամանակ Փաշինյանն անդրադարձավ նաեւ համացանցում տարածված տեսանյութին, որտեղ դիմակավորված և զինված անձինք սպառնում են Փաշինյանին՝ նշելով, որ գիտեն, թե նա որ փողոցնելով է քայլում: Փաշինյանն ասաց. «Ղարաբաղի ակցենտով մասկավորվածներ, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկեքը, այ ստահակներ, այ փախածներ, դուք վախկոտ համբալներ եք, որ փախել եք մարտադաշտից: Հանեք ձեր մասկեքը Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուգա… Չոքցնելու եմ սաղիդ, հատ-հատ մասկեքներդ կոխելու եմ համապատասխան տեղը»:

Տեսանյութի տարածումից հետո հայտնի դարձավ, որ Նախաձեռնվել է քրեական վարույթ մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ: «Ստացված հաղորդման համաձայն՝ ինքնություններն անհայտ անձինք (…) որսացել են համակարգչային ցանցում պահվող ընդհանուր օգտագործման համար չնախատեսված տվյալը (…) ուղիղ եթերի ժամանակ խուլիգանական դրդումներով զուգորդված՝ ՀՀ վարչապետի նկատմամբ տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ»,- հայտնում են ՔԿ-ից:

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ դիմակավորված անձանց տեսանյութի հեղինակը հենց Փաշինյանն է.

«Այս տեսանյութը, ըստ որի՝ իբր մի խումբ արցախցիներ դիմակներով սպառնում են իրեն, վերցրել է, ընկել փողոցները ու սրան հղում անելով՝ աջ ու ձախ սպառնալիքներ է հնչեցնում ու ընդդիմությանը մեղադրում այդ երեւույթի հետ կապ ունենալու համար:  Այս մարդու մոտ բան չի փոխվել: Այս նույն ձեռագիրն է ու վառված ձեռագիրն է: Այս նույնը արել է պատերազմից հետո, դիմադրության շարժման ժամանակ, «Սրբազան շարժման» ժամանակ: Հենց նեղն է ընկնում, իր դեմ ահաբեկչության, սպանության փորձի բեմադրություն է կազմակերպում, որ նախ վախ սերմանի ժողովրդի մեջ, հետո դրանով արդարացնի ընդդիմության նկատմամբ իր ապօրինի քայլերը, ձերբակալությունները եւ երկրի սահմանադրական կարգի տապալումը»,- ասել է Սաղաթելյանը:

«Վիրավորում է, որովհետև ասելու բան չունի, ծրագիր չունի»,- արձագանքելով Փաշինյանի հայտարարություններին՝ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի վարչապետի պահվածքը, ԲՀԿ առաջնորդը պատասխանել է, որ չի պատրաստվում իջնել նույն մակարդակին և վիրավորանքներին պատասխանել նույն ոճով։ «Եթե ինքը ծրագիր ունենար, ժողովրդին կներկայացներ իր ծրագիրը շատ հանգիստ։ Ես էլ տարբեր հանդիպումների ժամանակ, երբ ինձ մոտենում են նույնիսկ ՔՊ-ականներ՝ կին, տղամարդ, ես ասել եմ՝ եթե քննադատությունը տեղին է, ես կընդունեմ, դա ամոթ չէ։ Բայց ոչ թե պիտի գոռգոռաս կամ նյարդայնանաս»,- նշել է նա Սյունիքի մարզում քարոզարշավի ընթացքում։ 

Գագիկ Ծառուկյանի համոզմամբ՝ իշխանության հիմնական նպատակը հասարակական քննարկումը իրական խնդիրներից շեղելն է և այն փոխակերպելն անձնական վիրավորանքների ու սկանդալների դաշտի։ 

Ավելի ուշ Փաշինյանի հետ վիճած կնոջ՝ Արփինե Սողոյանի դուստրը հայտնել է, որ պոլիկլինիկայում իր մայրիկին առաջարկել են աշխատանքից ազատման դիմում գրել։ «Մայրս դիմում չի գրել, այս պահին աշխատանքից հեռացված չէ։ Երբ կլինի իրավական ակտ դեպքի վերաբերյալ, արդեն մեկնաբանություններ կարող եմ տալ»,- ասել է  Արփինե Սողոյանի դուստրը՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Մինչդեռ քաղաքապետ Տիգրան Ավինյանը բացառում է Փաշինյանի հետ վիճած կնոջն իր քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատելը։

Այսօր մեկ այլ միջադեպ է եղել Փաշինյանի ու Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանի միջեւ, երբ վերջինս քարոզարշավի ժամանակ Փաշինյանին մեղադրել է Արցախի՝ իր խոսքով կոռուպցիոն իշխանություններին սատարելու եւ այլ բաների մեջ։ Փաշինյանը բորբոքվել է ու վիրավորել Օսիպյանին, երբ նա պահանջել է մատ թափ չտալ իր վրա եւ ցածր խոսել՝ ասելով՝ «Գնայիր, զոհվեիր, դու խի ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»։ 

Միջադեպից քիչ անց փաստաբան Ռոման Երիցյանը հաղորդել է, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է, եւ որ ընտանիքի անդամները նրա գտնվելու վայրից տեղյակ չեն, հայտնի չէ նաեւ Օսիպյանի դատավարական կարգավիճակը։ 

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցել են, որ արդեն ՆԳՆ-ից ստացել են Արթուր Օսիպյանին վերաբերյալ նյութերը։ Ենթադրվում է՝ վարույթ կնախաձեռնվի։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Էդմոն Մարուքյանը ևս անդրադարձել Փաշինյանի և կնոջ միջադեպին՝ հայտարարելով, թե «Փաշինյանի այսօրվա սրացումները և խայտառակ հայտարարությունները ընդամենը մեկ պատճառ ունեն․ նա հասկանում է, որ չի հաղթում ընտրություններում»։ 

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն այսօր Բռնադատվածների հուշահամալիրի մոտ էր: Էդմոն Մարուքյանը դատապարտեց Փաշինյանի քարոզչական մեթոդը՝ նշելով, որ դրանով փորձում են սեպ խրել ժողովրդի տարբեր հատվածների մեջ: 

Անդրադառնալով նախկին նախագահներին դատելու Փաշինյանի հայտարարություններին՝ Մարուքյանը նշեց՝ Փաշինյանը սկսել է 2021թ. նոր խաղերը, տինտիրիտները, որովհետև տեղը նեղն է:

ԼՀԿ ղեկավարն այս ամենը անվանեց նախընտրական քարոզչական թատրոն՝ ընդգծելով՝ [հասարակության] բևեռացումը միայն Նիկոլ Փաշինյանին է ձեռնտու. «Նա ցանկանում է առաջին հերթին հաղթել ընտրություններում, երկրորդ՝ ունենալ էն պառլամենտը, որը էսօր կա, էսօրվա պառլամենտից բեթար պառլամենտ կարող է ունենալ: Այս սրացումները թատրոնի մի հատվածն են, ժողովուրդը չպետք է տրվի սրան, որ 2021թ. կրկնությունը տեղի չունենա»:

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարել է, որ իրենց ղեկավարման դեպքում պատերազմի հավանականությունը վերանալու է։

«Հիմա այս իշխանությունը պատերազմի համար «էստի համեցեք» է, որովհետև թույլ է, չի հասկանում նման պրոցեսներից։ Պետք է ունենալ մարտունակ բանակ և վերականգնել հարաբերությունները հզոր դաշնակցի հետ։ Այս երկու հանգամանքները միասին երաշխավորելու են, որ որևէ մեկը չի համարձակվի պատերազմ սկսել»,- ասել է Քոչարյանը։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ներկայացրել է իր նախընտրական ծրագրի՝ Հավասարակշռված արտաքին քաղաքականություն և «Երկիր-կամուրջ» հայեցակարգը՝ նշելով, որ արևմուտք-Արևելք գլոբալ աշխարհաքաղաքական հակամարտության մեջ Հայաստանը չպետք է որևէ կողմ բռնի. «Հնարավոր է վստահելի հարաբերություններ ունենալ միաժամանակ և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի ու Եվրոպական Միության, և՛ Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի հետ, եթե առաջնորդվում ես քո իրական շահերով։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն արդյունավետ կիրականանա հենց այս ուժեղ, հավասարակշռված դիրքերից»:

Իսկ «Նոր ուժ» կուսակցությունը խոստանում է շրջանառության հարկը 10 տոկոսից նվազեցնել մինչև 5 տոկոս և մասնագիտացված ծառայությունները վերադարձնել շրջանառության հարկի ռեժիմ։ Ըստ կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանի՝ որքան հարկերը քիչ են, այնքան մարդիկ ավելի շատ են աշխատում և ավելի մեծ գումարներ տալիս պետությանը:

«Միասնության թևերն» էլ ներկայացրեց թոշակի անցած մասնագետների ներուժն արդյունավետ օգտագործելու ծրագիր, որի համաձայն՝ թոշակի անցած փորձառու մասնագետները կկարողանան պետական հատուկ ծրագրերի միջոցով ներգրավվել կրթական, հանրային և մասնագիտական ոլորտներում՝ փոխանցելով իրենց փորձը երիտասարդ սերնդին։ 

«Միասնության թևեր» կուսակցությունն այսօր նաև հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց դատախազություն։ Հաղորդումը վերաբերում է ավելի վաղ Արման Թաթոյանի հրապարակած ձայնագրությանը, ըստ որի՝ Արմավիրի տարածաշրջանային քոլեջում ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ քարոզարշավին։

Նարեկ Կարապետյանն ամփոփեց «Ուժեղ Հայաստան»-ի վերջին օրերին իրականացված քարոզարշավային այցերը մարզեր։ Նրա խոսքով՝ Արմավիրի մարզում արձանագրել են ինչպես դրական, այնպես էլ բացասական երևույթներ։

«Դրական բանն այն էր, որ գյուղերի բնակիչները պատրաստ էին աշխատելու, աճեցնում էին այնպիսի տեսակի մրգեր և բանջարեղեն, որի պահանջարկը շատ մեծ է և կարելի է շատ շահավետ վաճառել։ Բացասականն այն է, որ կա ջրի խնդիր, չկա մթերում, և պետությունը տնտեսական հարց չի լուծել։ Միայն ասֆալտով տնտեսությունը չի զարգանում»,- ասել է նա։

ՀՀ ԱԺ նախագահ, ՔՊ պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանն էլ կարծիք էր հայտնել, թե ընդդիմությունն անելանելի վիճակում է, ըստ նրա՝ 3 ընդդիմադիր հիմնական ուժ համարվող կուսակցությունները նվազագույն շեմը հատելու խնդիր ունեն։

«Գագիկ Ծառուկյանը մասնակցում է [ընտրություններին] կուսակցությունով, որ 4%-ն իր հին ռեսուրսի հաշվին փորձի հատել: «Հայաստան» դաշինքն ակնհայտ է, որ չի հատելու. ինքը 100 հազար ձայն ՀՀ-ում անհնար բան է, վստահ եմ: «Ուժեղ Հայաստան» այդ կազմակերպությունն էլ բացի նրանից, որ այդ մարդը չի կարող ՀՀ-ում որևէ պաշտոն զբաղեցնել, նաև պատկերացում չունի՝ ինչից է խոսում։ Ուստի տակը մնում է՝ եկեք վիրավորենք, սադրենք, տեսնենք իշխանությունն ինչ է անում, որ լրագրողները հարցնեն»,- նշեց Սիմոնյանը ՔՊ քարոզարշավի ընթացքում:

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը հայտնեց, որ իրենք առաջիկա ընտրություններին մասնակցելով՝ իշխանափոխության նպատակ չեն դնում, այլ ցանկանում են գնալ խորհրդարան՝ որպես իրական ընդդիմություն։

«Մենք գնում ենք  ԱԺ-ում չաշխատող, ծույլ, ամեն օր վեճեր սարքող, հայհոյանք թափող, օրական անվստահության գործընթաց ու միտինգ հրահրող անօգտակար ընդդիմությանը  փոխարինելու»,- նշեվ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը։

«Հանուն հանրապետության» կուսակցության առաջին համար Արման Բաբաջանյանն էլ հայտարարեց՝ «ընդդիմությունը ծրագրել է ոչ թե հաղթել ընտրություններում, այլ երկիրը տանել ցնցումների հետընտրական ժամանակաշրջանում»: 

«Այ սա պետք է լինի մեր հիմնական անելիքը՝ թույլ չտալ, որ պետությունը հայտնվի հետընտրական նորանոր ցնցումների մեջ, որը կարող է մեր պետությունը տեւապես հետ գցել բնականոն զարգացման ընթացքից: Որքան քիչ ձայն ստանան մեր պետականության թշնամիները, Պուտինը, այնքան անհնար կդառնան մեր պետությունը հետընտրական ցնցումների ենթարկելու սրանց մտադրությունները»,- նշեց նա։

Ազգային ժողովրդավարական բևեռն էլ այսօր քարոզարշավ իրականացրեց Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, ինչպես նաև Վանաձոր քաղաքում։ Քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտարարեցին․

«Օրվա իշխանությունների քաղաքականության արդյունքում մենք կորցրել ենք ոչ միայն Արցախը, այլ կորցնելու ենք մնացյալ Հայաստանը։ Եթե մենք մնանք մեր տներում, չցուցաբերենք ակտիվություն, այսօրվա իշխանությունները կկործանեն մեր երկիրը։ Օրվա իշխանությունները Ադրբեջանի հրահանգով կրճատում են հայկական բանակը»։

«Ռեֆորմիստների» կուսակցության անդամները Աշտարակում ընտրողների հետ հանդիպում-քննարկումներ են անցկացրել։

«Հաճախ է խոսվում կուսակցությունների անցնելու, չանցնելու, փոշիացնելու մասին։ Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ ապագա խորհրդարանում լինելու են երեք կամ չորս կուսակցություն։ Մարդկանց հիսուն տոկոսը չգիտի, թե ում է ընտրելու»,- իր հրապարակած տեսանյութում ասել է կուսակցության ներկայացուցիչ Վահան Բաբայանը` հավելելով, որ «Քաղաքացիական պայմանագիր»,  «Ուժեղ Հայաստան», կուսակցությունները, «Հայաստան» դաշինքը ունեն հստակ ընտրազանգված, իսկ մյուս կուսակցությունները կարող են ստանալ այդ չկողմնորոշված մարդկանց ձայները։ 

Քննչական կոմիտեն էլ այսօր հայտնել է, որ Նորաշենում և Մեծավանում ՔՊ քարոզարշավը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 6 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 3 անձի վերաբերյալ դատական նիստ դեռ չի կայացել։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այսօր հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանք, անհանդուրժողականություն, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորում։

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ և վտանգավոր է գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսույթում տարածվող` վիրավորանք, անհանդուրժողականություն և բռնություն քարոզող խոսույթը, որը խորացնում է հասարակական բևեռացումը, խաթարում հանրային համերաշխությունը և վտանգում խաղաղ համակեցության մթնոլորտը։

Առանձնակի մտահոգիչ է, որ քաղաքական ուժերի և հանրային գործիչների կողմից կիրառվող ագրեսիվ ու վիրավորական բառապաշարը տարածվում է հասարակության տարբեր խմբերում՝ նպաստելով լարվածության և անհանդուրժողականության խորացմանը։

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում քաղաքական բոլոր ուժերին, նրանց ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց և հանրային գործիչներին դադարեցնել վիրավորանք, անհանդուրժողականություն և բռնություն քարոզող խոսքի ցանկացած դրսևորում, բացառել հասարակությունը բևեռացնող և լարվածությունը խորացնող խոսույթի տեսակները, իսկ քաղաքական պայքարը կառուցել բացառապես ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և փոխադարձ հարգանքի հիման վրա»,- նշված է ՄԻՊ հաղորդագրությունում։

Այսօր հասարակական մի շարք կազմակերպություններ անդրադարձել են «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում քաղաքացի Ա. Հովհաննիսյանի ինքնասպանությանը։ 

«Տեղի ունեցած դեպքն արձանագրում է մարդու հիմնարար իրավունքների մի շարք աղաղակող համակարգային խնդիրների մասին:

Հերթական անգամ փաստվում է Հայաստանում քրեաիրավական գործիքակազմի անօրինական, կամայական և անհամաչափ կիրառում՝ ըստ քաղաքական նպատակահարմարության:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք. 

  • Գլխավոր դատախազությունից և քննչական կոմիտեից կատարել անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն ոչ միայն Ա. Հովհաննիսյանի ենթադրյալ ինքնասպանության հանգամանքների, այլև նրան ազատությունից զրկելու և հոգեկան առողջության պահպանման կենտրոնում տեղավորելու իրավաչափության շուրջ՝ ապահովելով տուժողի իրավունքների պաշտպանությունը,
  • Պատասխանատվության ենթարկել Ա. Հովհաննիսյանի իրավունքների խախտումներ թույլ տված բոլոր պաշտոնատար անձանց,
  • Ապահովել պատշաճ հանրային հաշվետվողականություն վարույթի ընթացքի և արդյունքների վերաբերյալ»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ։

Դեպքին անդրադարձել է նաև «Անկախ դիտորդ» դաշինքը․

«Անկախ դիտորդ դաշինքը խիստ մտահոգիչ է համարում իրավապահ մարմինների անհամաչափ և ոչիրավաչափ գործողությունները, որոնք հագեցրել են պետության անմիջական հսկողության տակ գտնված անձի մահվանը և պահանջում է ՀՀ Գլխավոր դատախազությունից, ՀՀ քննչական կոմիտեից իրականացնել անհապաղ, արդյունավետ ու ամբողջական քննություն, մահվանը հասցրած բոլոր հանգամանքները բացահայտելու, իրավական գնահատական տալու և պատասխանատվության ենթարկելու քաղաքացու մահվան մեջ մեղավոր պաշտոնատար անձանց»,- ասված է հայտարարության մեջ։  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն