photo_2026-05-19_19-15-02

Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 12-րդ օրը

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 12-րդ օրը եւս բուռն անցավ։ Նոր կոշտ հայտարարություններ, նոր քրեական գործեր եւ հանդիպումներ քաղաքացիների հետ։

Օրը առանց միջադեպերի չանցավ։

«Կալուգացի օլիգարխը մի 200 հազար տալիս ա, ղրգում ա». այսպես է արձագանքել Նիկոլ Փաշինյանը Սպիտակում քարոզարշավին զինվորական կացարանի հրդեհի մասին խոսող քաղաքացուն, որն ասում էր. «Ես իմ երեխուն եմ ուզում, տարավ-վառեց Ազատ գյուղում»:

 «Ես հրահանգում եմ ոստիկաններին՝ ով խոչընդոտելու համար գալիս է, հանգիստ հեռացրեք, մարդիկ թող գնան իրենց գործին։ (…) Ով որ մեր քաղաքական հայացքները չի կիսում, թող չգա, մեր հավաքները չխանգարի, մենք չենք գնում, իրենց հավաքները չենք խանգարում»,- ասաց Փաշինյանը։ |pastinfo.am|

News.am-ի փոխանցմամբ՝ քաղաքացուն հեռացրել են հանրահավաքի վայրից։

Նախօրեին Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով: Օսիպյանի Պաշտպան Ռոման Երիցյանը հայտնել է, որ, ըստ վարույթի, «Օսիպյանը խաթարել է ՔՊ քարոզարշավը, խանգարել մարդկանց անդորրը, վիճաբանության մեջ մտել վարչապետի հետ և իրեն թույլ տվել անպարկեշտ, վիրավորական արտահայտություններ ու բարձր տոնով է խոսել վարչապետի հետ»:

Ավելի ուշ Երիցյանը նաեւ հայտնել է, որ Արթուր Օսիպյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին, 

«Արթուրը շարունակում է մնալ անազատության մեջ՝ ձերբակալվածի կարգավիճակով, մինչև հիմա Արթուրը զրկված էր իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից»,- գրել է Երիցյանը։

Նա նշել է, որ Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել, և Արթուրը հրաժարվել է ստորագրել ոստիականության բաժնում կազմված արձագրությունը, թե իր մոտ հեռախոս չի եղել։

«Անկախ դիտորդ» դաշինքը պահանջում է անհապաղ վերացնել Արթուր Օսիպյանի ազատության սահմանափակումը:

«Խիստ մտահոգիչ է, որ իրավապահների արձագանքը հաջորդել է ոչ թե ամբողջ միջադեպի համաչափ ու անաչառ գնահատմանը, այլ միայն Օսիպյանի նկատմամբ ազատությունից զրկման միջոցի կիրառմանը։ Մինչդեռ նույն միջադեպի ընթացքում առերևույթ ագրեսիվ վարք դրսևորած և վիրավորական արտահայտություններ հնչեցրած այլ անձանց, այդ թվում՝ իշխանական քաղաքական ուժի աջակիցների նկատմամբ համարժեք տեսանելի գործողություններ չեն իրականացվել»,- գրել է դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

Շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը եւս պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին:

«Դադարե՛ք արցախահայերի հետապնդումները և անպարկեշտ խոսույթը նրանց հասցեին։ Լիովին կիսում եմ Արտուրի տեսակետը, փայլուն տիրապետում է արցախյան հարցին, բանակցային գործընթացին և տեղի ունեցած հանցագործությունների հիմքերին։ […] Նա չի զոհվել զուտ պատահականությամբ, բախտի բերմամբ, այնպես, ինչպես ես, ինչպես մեր շատ մարտական քույրեր և եղբայրներ։ 

Արտուրին անհապաղ ազատ արձակեք, նրա վարքի և խոսույթի մեջ հանցակազմ չկա, նա հալածվում է քաղաքական հայացքների համար, դուք ձեր գործողություններով թաղում եք Հայաստանում ժողովրդավարության համակարգայնացման վերջին հույսը»,- գրել է Սիմոնյանը:

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Արտուր Օսիպյանին, նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ և ներկայացնել իր իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ մանրամասներ։ 

«Այնուամենայնիվ ուսումնասիրվել են հարցին առնչվող հրապարակային տեղեկությունները, Ա. Օսիպյա2026նի  վերաբերյալ կազմված փաստաթղթերը և ազատությունից զրկման վայրում նրա իրավունքների ապահովման վիճակը», – ասվում է հաղորդագրության մեջ։

ՄԻՊ գրասենյակից նշում են՝ իրավական պատասխանատվության կառուցակարգերը պետք է գործադրվեն միասնական տրամաբանությամբ` բացառելով ընտրովիությունն ու «հայեցողական արդարադատության» նվազագույն տպավորությունը:

ՄԻՊ-ը իրավապահ մարմիններից պահանջում է անձին ազատությունից զրկելու իրավական և փաստական հիմքերի առկայության առնչությամբ պատշաճ հանրային հաղորդակցություն` վերը նշված չափանիշների պահպանմամբ: Ավելին, ցանկացած պարագայում, երբ այդ հիմքերն առկա չեն կամ վերացել են, անձը պետք է անհապաղ ազատ արձակվի:

Սպիտակի փոխքաղաքապետն ու քաղաքապետը խոչընդոտել են «Ազատության» աշխատանքը: Լոռիում Սպիտակի համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանն այսօր հունից դուրս է եկել, երբ լրագրողը փորձում էր ճշտել՝ աշխատանքային ժամին ինչու է նա ներկա իշխող ուժի քարոզարշավին: Մաթոսյանը հարվածել է տեսախցիկին ու հայտարարել՝ «աշխատանքի է, բա Հանրապետության վարչապետն է եկել»: Հետ չի մնացել նաև Սպիտակի քաղաքապետը:

«Ականատեսը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ «Ազատության» լրագրողի օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքով։

«Ազատությունը» գրել է, որ Գլխավոր դատախազությունը չի ուսումնասիրում երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրսևորած վարքագիծը՝ համեմված վիրավորական, արտահայտություններով ու սպառնալիքներով:

Ինչո՞ւ՝ իրավական կառույցը չի մանրամասնում: Սակայն իրավապահները նույնատիպ բառապաշարով իշխանությանը դիմած ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ անմիջապես վարույթներ են հարուցում, մեղադրանքներ առաջադրում:

Քարոզարշավի մասնակցող Փաշինյանը երեկ մասնավորապես հետևյալ արտահայտություններն էր հնչեցրել ընդդիմադիրների հասցեին. «Ռոբին կզացնելու եմ, սատկացնելու եմ, կալուգացուն էլ, Սերժին էլ, Գագոյին էլ, չոքցնելու եմ սաղիդ … Հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղերը, հատ-հատ գտնելու եմ, մասկեքներդ մտցնելու եմ համապատասխան տեղերը։ Էլ չեմ ասում այդ ավտոմատի կոթը, կզելու եք»: 

Այսօր Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում Փաշինյանի այցին ընդառաջ անվտանգության մեծ թվով աշխատակիցներ խուզարկություններ են իրականացրել, այդ թվում՝ վարչական ղեկավարի աշխատասենյակում:

Մեծավանի վարչական ղեկավար Հովիկ Մարկոսյանը դուրս է բերվել աշխատասենյակից, որտեղ «անվտանգության աշխատանքներ են իրականացվում»: Փակ էր անգամ սանհանգույցը բոլորի համար:

«Ազատության» հարցին, թե ինչով է պայմանավորված խուզարկությունը, ընդդիմադիր վարչական ղեկավարը պատասխանել էր, որ տեղյակ չէ: Նա նշել է, որ չի թաքցնում իր ընդդիմադիր հայացքները: 

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Տաշիր համայնքի Մեծավան  և Նորաշեն բնակավայրում միջադեպ էր տեղի ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների միջև: 11 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանցից 6-ը կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք:

ՀՀ խորհրդարանական ընտրություններից առաջ ռուսական The Insider-ը հրապարակել է ծավալուն հետաքննություն, որտեղ անվանական ներկայացված են «Կրեմլի հայկական ուղղությունը համակարգող պաշտոնյաներն ու հատուկ ծառայությունների աշխատակից դիվանագետները»։ 

Հոդվածում հիշատակվում են նաև «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«1999-ին Սամվել Կարապետյանը Կալուգայում արտասահմանյան անձնագիր է ստացել, և, համաձայն արտահոսած տվյալների բազաների, նրա անձնագրային գործում «աշխատավայր» սյունակում ՆԳՆ-ի կողմից կատարված նշում կա՝ «Անվտանգության դաշնային ծառայության տեղեկատվական կենտրոն»: Այս նշումը նշանակում է, որ քաղաքացուն ստուգելու դեպքում անհրաժեշտ է նախ դիմել ԱԴԾ: Ինչպես խմբագրությանը բացատրել է ՆԳՆ օպերատիվ աշխատակիցը, սովորաբար այդպես նշվում են գաղտնի գործակալները, կամ էլ այն օտարերկրացիները, որոնք աշխատում են ԱԴԾ վերահսկողության ներքո»,- նշված է հրապարակման մեջ։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանի ԱԴԾ գործակալ լինելու վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին․

«Միջազգային և հայաստանյան հեղինակավոր լրատվամիջոցները տեղեկատվություն են հաղորդում հիմնավորումներով, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում հայտնված կալուգացի օլիգարխը, ոչ ավելի, ոչ պակաս Անվտանգության ֆեդերալ ծառայության աշխատակից է։ 

Սա հաստատում է մեր պատկերացումները, որովհետև ես ընդամենը երկու օր առաջ ասում էի, որ այն մարդը, որն օրակարգ է բերում մի հարց, որը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների քննարկումներում երբեք չի եղել, այդ մարդու գործելակերպն այլ կերպ, քան լրտեսի գործելակերպ, հնարավոր չէ անվանել։ [․․․] Իրենք սկսել են խոսել 300 հազար, հիմա էլ հասել են 1 միլիոն ադրբեջանցիների Հայաստան գալու մասին. սա այլ կերպ, քան գործակալի, լրտեսի գործելակերպ, ես չեմ կարող անվանել»,- ասել է Փաշինյանը՝ եւս մեկ անգամ պնդելով, որ ադրբեջանցիների վերադարձի հարց Հայաստան-Ադրբեջան բանակցություններում ոչ մի անգամ գոյություն չի ունեցել։ 

«Շան տեղ մի դրեք»․ այդպիսին է եղել Սամվել Կարապետյանի արձագանքը ФСБ-ում իր աշխատանքի վերաբերյալ հրապարակմանը։

Այսօր դատարանի բակում լրագրողի հարցին ի պատասխան՝ Սամվել Կարապետյանն ասել է, որ դա «Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է»։ 

«Միայն Նիկոլ Փաշինյանը ФСБ-ի հետ կապ ունի», – ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ ծանոթ չէ հրապարակմանը, իսկ լրագրողին հորդորել է ինքնուրույն մեկնաբանել այն։ Կարապետյանը նաև ընդգծել է, որ ինքը 1993-1994-ին է ստացել ռուսական անձնագիր։ 

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանն էլ լրագրողների հետ զրույցում նույն թեմայի մասին խոսելիս ասել է.

«Այս հոդվածն ո՞վ է պատվիրել՝ կարո՞ղ է ինչ-որ աշխատակազմի ղեկավար պետական ռեսուրսների վատնում է կատարել և սխալ տեղեր է փող ծախսում։ Մեր պետության փողերը, լավ կլինի, որ ծախսեն մարդկանց կարիքների համար։ 

Մարդիկ հարյուրավոր հազարներ են ծախսում՝ սուտ բաներ տարածելու համար, ու դա անում են պետական ռեսուրսներով կամ ստվերային ֆինանսավորումներով»,- ասել է Կարապետյանը։ 

«Հայաստան» դաշինքը դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին՝ կազմակերպելու «անհետաձգելի հանդիպում՝ առավել հանգամանալից քննարկելու, ներկայացնելու և գնահատելու իշխանությունների կողմից որդեգրված հակասահմանադրական ընթացքը»:

«Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ և ակնհայտորեն դուրս է եկել քաղաքական պայքարի շրջանակներից։

Գործող վարչախմբին մերժող և աներկբա թափ առնող հանրային դրսևորումներին զուգահեռ՝ ռեժիմը փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին, չեզոքացնել քաղաքացիների խոսքի ազատությունը, ճնշել ազատ կամարտահայտումը, երկրում խորացնել վախի մթնոլորտն ու ներազգային թշնամանքը։ Խորացող ավտորիտար ռեժիմի կողմից որդեգրված հակասահմանադրական և քրեորեն հետապնդելի վարքն ու գործիքակազմն անհնար են դարձնում ընտրությունների ազատությունն ու մրցակցայնությունը»,- ասվում է դաշինքի հայտարարությունում:

Ախուրյանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ Բաքվում պահվող գերիների ազատ արձակման հարցը կարելի է լուծել ողջամիտ ժամկետներում․ 

«Վստահ եմ, որ դա հնարավոր է։ Վստահ եմ նաև, որ այս իշխանությունները հարցով չեն զբաղվում։ Նրանք ասում են՝ «ավելի լավ է այս թեմայով չխոսել, թեման նուրբ է, մենք դրանով կզբաղվենք լռության պայմաններում»։ Այն, ինչ նա (Փաշինյանը) երեկ ասաց արցախցիների մասին, վկայում է, որ ոչ միայն չեն զբաղվում, այլև ուզում են, որ նրանք այնտեղ մնան, որպեսզի հանկարծ հեղինակավոր մարդիկ այստեղ չհայտնվեն և ինչ-որ նպատակներով ժողովրդին չմիավորեն։ 

Հարցով պետք է զբաղվել։ Ամոթ է, որ փաստաթուղթը նախաստորագրելիս այս թեման նույնիսկ չեն բարձրացրել», – նշել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ իշխանությունները պետք է պայման դնեին՝ ազատ արձակել գոնե մի քանի մարդու։ 

«Հայաստան» դաշինքի անդամ Ագնեսա Խամոյանը հայտարարել է, որ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է հեռարձակել «Հայաստան» դաշինքի նախընտրական տեսահոլովակը.

«Ինչի մասին էր այդ տեսահոլովակը. այն գեներացված էր արհեստական բանականության միջոցով, համապատասխան նշում դրա մասին տեսանյութի վրա կար, և խոսքը այն ապագայի մասին էր, որը մեզ սպասվում է այս իշխանությունների ընտրվելու պարագայում։

ՀՌԱՀ-ը, ինչպես հանրային հեռուստաընկերությանը այնպես էլ մասնավոր հեռուստաընկերություններին, ուղղակի կամ անուղղակի արգելել է մեր տեսահոլովակի եթեր հեռարձակումը ինչի իրավունքը պարզապես չուներ։

Արձանագրենք որ ժողովրդավարության բաստիոնում ՀՌԱՀ–ը զբաղված է ընդդիմադիր ուժերի տեսահոլովակների գրաքննությամբ։ Պարզում է՝ հանրային հեռուստաընկերությունը մեր տեսահոլովակի մեջ գտել է այնպիսի տարրեր, որոնք առերևույթ կարող են ունենալ անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն, որ պատմական իրողություններն են խեղաթյուրվել, մշակութային ժառանգություն և այլն։ Սա Հանրային հեռուստաընկերության արձագանքն է», – նշել է պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը։

Հանրային ՀԸ եթերում ՀԱԿ ցուցակից Արամ Մանուկյանն ասել է, որ Ղարաբաղի հարցը՝ տարածքները բերելու առումով, փակված է: Նա նշել է, որ իրենք ռեալիստ են, և նման հարց չկա:

«Բայց մարդկանց վերադառնալու իրավունքը մնում է ուժի մեջ, թեպետ այսօրվա Ադրբեջանի դիկտատորական պայմաններով որևէ հայ այնտեղ գնալու ծրագիր չի ունենա, և դա ես չեմ էլ համարում ռեալ, ինչը խոստանում են շատ քաղաքական ուժեր»,- նշեց Մանուկյանը:

«Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Արամ Քոչարյանը արձագանքել է Փաշինյանի և ՔՊ այլ ներկայացուցիչների հայտարարություններին, որ ներկայում ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներն ազատորեն արտահայտում են իրենց կարծիքը, մինչդեռ նախկինում դրա համար մարդկանց զուգարանում ծեծելով սպանում էին:

Քոչարյանն ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիները իրենց քաղաքական գնահատականը արդեն տվել են նախկինում այդպես վարված քաղաքական ուժերին և գնահատական կտան նաև այս դեպքում:

«Ոնց մնացած քաղաքական ուժերն են հայտնվել քաղաքական աղբանոցում նման վարքի համար, դուք էլ եք հայտնվելու նույն աղբանոցում: Հերիք է ադալժենիի ձևով խոսեք… (…) [Ժողովուրդը] Արթուր Օսիպյանի համար էլ է ձեզ այդ քաղաքական գնահատականը տալու: Ադալժենի եք անում քաղաքացուն, որ գոհ եղեք՝ ձեզ զուգարանում չենք ծեծում»,- ասել է նա՝ կոչ անելով իշխանությանը, որ եթե ստացվի այնպես, որ քաղաքական բանավեճի բռնվի նրանցից որևէ մեկի հետ, իրեն զուգարանում ծեծեն՝ «ադալժենի» չանեն։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր Ակադեմիական քաղաքի տարածքում է քարոզարշավ արել:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ Ակադեմիական քաղաքի ծրագիրը պետք է չեղարկվի, պատասխանատուներն էլ պետք է վճարեն մինչ օրս ծախսված գումարները: Նա նշեց, որ ամենամեծ կոռուպցիոն ռիսկերը շինարարության մեջ են, և մտավախություն ունի, որ այս ծրագիրը գործող կառավարության կոռուպցիոն սկանդալների շարքին է դասվելու։

«Բայց եթե որևէ բան պետք է այդ տարածքում կառուցվի, քանի որ պետական որոշակի ներդրումներ կան, առաջարկում եմ այստեղ տեղափոխել կառավարական բոլոր շենքերը: Ամեն առավոտ ավտոբուսներով՝ վարչապետն ու նախարարները թող գան աշխատանքի՝ անկախ նրանից, թե ով կլինի վարչապետը»։ Իսկ Երևանի փոքր կենտրոնը՝ իրար կապող բուհերով, առաջարկում է դարձնել ոչ երթևեկելի տարածք, ամբողջությամբ կանաչապատել և դարձնել ուսանողական տարածք․ օդը մաքուր կլինի, քաղաքն էլ կբեռնաթափվի»,- ասել է նա: 

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանն իր ղեկավարած քաղաքական ուժը համարում է դաշտում գործող այլ ուժերի այլընտրանք։

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անցկացված նախընտրական քարոզչության ընթացքում Արտակ Սարգսյանը հայտարարել է. «Մենք միակ ուժն ենք, որ հանդես ենք գալիս հայկական օրակարգով, Հայաստանի, հայ ազգի շահերից»,- ասել է նա։ 

Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը նշել է, որ խորհրդարանական ընտրությունները վերածել են նախագահականի, եւ որ դրանում դիտավորություն կա։

«Խորհրդարանական ընտրությունները բառացիորեն վերածել են մարդու անհատական պայքարի, դա դիտավորություն է, որովհետեւ երկիրը չի ազատագրվել: Իսկ եթե չի ազատագրվել, չի լինի պառլամենտարիզմ»,- ասել է Շիրինյանը՝ հավելելով, որ դիտավորությունը գալիս է Մոսկվայից։ 

 Հակակոռուպցիոն կոմիտեն պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։

Նշվում է, որ դրամական միջոցների շարժի վերահսկումը դժվարացնելու նպատակով ծրագրել են ֆինանսական գործառնությունների համար օգտագործել ռուսական բանկային քարտեր։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

ՆԳՆ ոստիկանությունն էլ հայտնել է, որ Արթիկի բնակիչ 28-ամյա երիտասարդը ապրիլի 11-ին կուսակցություններից մեկի հանրահավաքին մասնակցելու համար մի խումբ համաքաղաքացիների իր «Նիսան» մակնիշի մեքենայով տարել է Երևան, ապա հանրահավաքի ավարտին՝ Արթիկ տեղափոխելուց հետո, տվել է խոստացված գումարը։

Երիտասարդը մայիսի 14-ին Արթիկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ հաղորդում է տվել, որ իր համաքաղաքացին իրեն խոստացել է յուրաքանչյուր անձի դիմաց վճարել 20 հազար դրամ, ինչին ինքը համաձայնել է։ Արթիկ վերադառնալուց հետո 34-ամյա համաքաղաքացին տվել է խոստացած 100 հազար դրամը, որից ինքը բաժին է հանել հանրահավաքին մասնակցած համաքաղաքացիներին, ինչի վերաբերյալ նրանցից երկուսը նույնպես հաղորդում են ներկայացրել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա և 34-ամյա երիտասարդները ձերբակալվել են։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն