Այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 24-րդ օրն էր։ Հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրություններից մեկ շաբաթ առաջ քաղաքական ուժերը մարզերում և մայրաքաղաքում քաղաքացիների հետ քննարկել են իրենց նախընտրական ծրագրերը, Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական հիմնախնդիրները։
Նորք Մարաշում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն արդեն մտել է գործնական իրագործման փուլ։
«Դուք տեղյակ եք, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը կարճ այցով եկավ Հայաստան և Հայաստանի արտգործնախարարի հետ ստորագրեց ԹՐԻՓՓ նախագծի իրագործման վերաբերյալ համաձայնագիրը։ Եվ այդ այցը, որը ի սկզբանե պլանավորված չէր և դրա բնույթը, որ այդ թուղթը նախաստորագրելու համար ընդամենը մեկ ժամով Միացյալ Նահանգների պետքարտուղարը եկավ, պետք է ընդգծի տեղի ունեցածի կարևորությունը»,- ասել է վարչապետը։
Նա վստահեցրել է, որ ԹՐԻՓՓ նախագծով Հայաստանի միջազգային դերակատարումն ավելի է բարձրանալու՝ հիշեցնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումն այն մասին, որ ԱՄՆ-ն ԹՐԻՓՓ-ը դիտարկում է որպես Արևելքից Արևմուտք էներգակիրների տարանցման կարևոր երթուղի։
Գործող վարչապետն անդրադարձել է նաև էներգետիկ խնդիրներին։ Նա նշել է, որ առաջիկա 5 տարիներին Հայաստանի մեծագույն խնդիրներից մեկը լինելու է Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացումը։
«Այսօրվա տեխնոլոգիան այդ հնարավորությունը տալիս է։ Ես ձեզ պատասխանատու ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունն ունի էներգետիկ անսահմանափակ ռեսուրսներ։ Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել էներգետիկ ինքնաբավ պետություն, և մենք արդեն գնում ենք այդ ճանապարհով։ 2018 թվականից ի վեր մենք արևային էներգիայի ոլորտում Մեծամորի ատոմակայանի 2․5 անգամ հզորության կարողություններ ենք ստեղծել Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա Եվրամիության հետ համագործակցության մեր առաջնահերթություններից մեկը կուտակիչ կայանների ստեղծումն է, և մենք կենտրոնանալու ենք այդ խնդրի վրա»,- հայտարարել է Փաշինյանը։
«Քաղաքացիական պայմանագիր»-ը հայտնել է, որ կանցկացնի իր քարոզարշավային ամփոփիչ հանրահավաքը Հանրապետության հրապարակում՝ հունիսի 5-ին` ժամը 20:00-ին։
«Միասնության թևեր» կուսակցության անդամները քարոզարշավի 24-րդ օրը անցկացրել են Կապանում։ Կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Արման Թաթոյանը հայտնել է, որ քաղաքական ուժի դեմ տարածվում է ապատեղեկատվություն։
«Ամեն ինչ անում են ընտրողներին մոլորության մեջ գցելու համար։ Սուտ են տարածել, թե իբր մենք միավորվելու ենք իշխանությունների հետ կամ մեր ձայները տալու ենք նրանց։ Սա բացարձակ սուտ է, կեղտոտ քարոզչություն։ Բնակչության վրա փորձում են ազդել ոչ միայն վախ ներշնչելով, այլև մեր դեմ կեղտոտ քարոզչություն իրականացնելով։ Սոցցանցերում հայտնվել են էջեր, որոնք մեր դեմ սուտ քարոզչություն են անում»,- նշել է Թաթոյանը։
Կապանի բնակիչների հետ հանդիպման ընթացքում Թաթոյանը հայտարարել է, որ մինչ մյուս քաղաքական ուժերը վախեցնում են քաղաքացիներին, «Միասնության թևերը» լուծումներ է առաջարկում։ «Ժողովուրդ ջան, ամեն ինչ լավ է լինելու, մենք կարողանալու ենք հարցերը լուծենք։ Իշխանություն դեռ չեղած՝ արդեն Սյունիքի գյուղերի խնդիրները հասցրել ենք ՄԱԿ։ Ես լցնում եմ միջազգային օրակարգը։ Իմ վարչապետության ժամանակ այն դիվանագիտության անբաժան մաս է լինելու։ Հայաստանի ինքնիշխան տարածքների դեօկուպացիան բանակցությունների առաջնային հարց ենք դարձնելու»,- նշել է Արման Թաթոյանը։
«Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակում եղել են Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում։
«Նոր ուժ»-ի ներկայացուցիչները՝ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության գլխավորությամբ, շրջել են Հրազդանի և Չարենցավանի փողոցներում, շփվել քաղաքացիների հետ, նրանց ներկայացրել իրենց կուսակցության նախընտրական ծրագիրը։
Հայկ Մարությանը քաղաքացիներին հիշեցրել է, որ իրենց ուժի քվեաթերթիկը 5-րդն է՝ կոչ անելով քվեարկել իրենց օգտին։
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը խոստացել է Ադրբեջանի հետ երաշխավորված ու արժանապատիվ խաղաղություն, եթե իր գլխավորած ուժը կարողանա հաջողության հասնել հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում։
Քոչարյանը վստահեցրել է, որ Ադրբեջանը իր ղեկավարած Հայաստանի վրա չի հարձակվելու։
«Ես լավ գիտեմ և՛ պատերազմի գինը, և՛ խաղաղության արժեքը։ Կարող եք վստահ լինել՝ Ալիևը իմ ղեկավարած Հայաստանի վրա չի հարձակվի։ Դա ապացուցված փաստ է։ Խաղաղությունն անպայման լինելու է․ երաշխավորված, արժանապատիվ խաղաղություն»,- հայտարարել է Քոչարյանը «Հայաստան» դաշինքի հրապարակած քարոզչական հոլովակում։
Այսօր Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունեցել դաշինքի հանրահավքը։ Ելույթ են ունեցող քաղաքական ուժի անդամներ, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը։ Նա նշել է, որ գործող իշխանությունները Հայաստանը դրել են նոր տնտեսական խնդիրների առջև։ «Մեր տնտեսությունն էապես կախված է ԵԱՏՄ-ի տնտեսությունից։ Եվ այսօր, փաստորեն, Հայաստանին ուլտիմատում է դրվել՝ որոշե՛ք, թե դուք որտեղ եք։ Սա անհետք չի մնալու մեր ժողովրդի համար, և եթե ինչ-որ հրաշքով այս իշխանությունը մնա, ապա Հայաստանի տնտեսությունը հայտնվելու է խորը ճգնաժամի մեջ։ Հավատացե՛ք ինձ։ Ես գիտեմ՝ ինչ եմ ասում և հանուն ինչի։ Այս ամենը հանուն նրա է, որ մեկ մարդ ուզում է անպայման պահել իր աթոռը, սոսնձվել է այս աթոռին»։
Քոչարյանն ընդգծել է, որ Հայաստանն արհեստականորեն սարքում են Ռուսաստանի թշնամի. «Մեզ տանում են Ուկրաինայի այդ՝ միայն ավերություններ բերող ճանապարհով։ Մեզ դա պետք չէ, ժողովո՛ւրդ ջան։ Մեզ պետք են դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ և շատ լավ հարաբերություններ թե՛ Եվրոպայի, թե՛ Միացյալ Նահանգների հետ»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 24-րդ օրը Վանաձորում է եղել։ Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Ռուսաստանի կողմի հայկական ընկերությունների գործունեության սահմանափակման և ԵԱՏՄ-ից հեռանալու հեռանկարներին։
«Մի բան պետք է հասկանալ, որ տնտեսությունը չի լինում, ասենք թե, իշխանական կամ ընդդիմադիր։ Տնտեսությունը չի լինում ռուսամետ կամ արևմտամետ։ Տնտեսությունը կամ զարգանում է, աշխատում է, կամ միանգամից քանդվում, տրաքում է»,- ասել է Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ տնտեսությունը քանդման եզրին է կանգնած։
«Ժողովրդին ո՞վ է պահելու, ո՞վ է կերակրելու, վարկերն ո՞վ է փակելու։ Մարդկանց ունեցվածքը լրիվ կորցնելու են։ Խոսում են դատարկ-դատարկ՝ «մենք այլընտրանքներ ունենք»։ Այլընտրանք ունեցողը՝ սա փակվեց, մյուսն է բացում, բայց նրանք 10 տարի չեն կարող բացել, որովհետև տնտեսության հիմնական շարժը, առևտուրը, պահանջարկը՝ տարիներ է պետք, որ ծանոթանան ապրանքի հետ, պայմանագրեր կապեն»,- նշել է նա՝ հավելելով, որ դեռ ուշ չէ և քայլ պետք է անել իրավիճակը շտկելու ուղղությամբ։
Գյումրիում գտնվող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է՝ ԼՀԿ-ի ուղերձն այն է, որ ոչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն։
«Մենք ժողովրդին կոչ ենք անում, որ ընտրությունների միջոցով այնպես իր քվեարկությունը կազմակերպի, որ Հայաստանում որևէ ուժ այլևս բացարձակ իշխանություն չունենա։ Մենք տեսել ենք բացարձակ իշխանություն մինչև 18 թվականը՝ մինչև հեղափոխությունը, մենք տեսնում ենք դա 18 թվականից մինչև 26 թվականը, և մենք գտնում ենք, որ խորհրդարանը պետք է ձևավորվի մի շարք ուժերից այնպես, որ ոչ մի ուժ չունենա 50+1 ձայն, և կոմպրոմիսներով ընտրվի Հայաստանի Հանրապետության վարչապետ, որը նախկիններից չի, ներկաներից չի, ես էլ չեմ»,- ասել է Մարուքյանը։
Նա նշել է, որ առաջարկում են բոլոր ուժերին քաղաքական էգոիզմը մի կողմ դնել, և «ձևավորել կոմպրոմիսային պառլամենտ՝ կոմպրոմիսային վարչապետով, ով ուժեղ բանակցային դիրքերից հանդես կգա, որովհետև մի ուժի չի հաշվետու լինի, Հայաստանի ժողովրդին հաշվետու կլինի»։
Գյումրիում քարոզարշավ է արել նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքը։
Կուսակցության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը նշել է, որ Գյումրիի բյուջեն իր մասշտաբների համեմատ շատ փոքր է և խոստացել է ավելացնել քաղաքի բյուջեն։
«Գյումրիի բնակչությունը Երևանի բնակչությունից 8-9 անգամ պակաս է, իսկ բյուջեն՝ 25 անգամ։ Հետևաբար քաղաքում կան ենթակառուցվածքային խնդիրներ, ուստի, չնայած քաղաքի բարեկարգ հատվածներին, դեռևս վերականգնողական աշխատանքների կարիք կա», – նշել է Կարապետյանը։
Նա հավելել է, որ ֆինանսավորում տրամադրելուց հետո պահանջ է դրվելու շատ արագ լուծել բարեկարգման հետ կապված հարցերը։
Կոտայքի մարզում «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավի ընթացքում ելույթ է ունեցել կուսակցության ղեկավար, ընտրական ցուցակի առաջին համար, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։
Սարգսյանն անդրադարձել է ընդդիմադիր որոշ ուժերի կողմից շրջանառվող թեզերին, թե իբր «գործող իշխանությունների վերընտրման դեպքում Հայաստանում 300 հազար ադրբեջանցի է բնակեցվելու»։
«Ռուսական թևի այն կուսակցությունները, որոնք խոսում են 300 հազար ադրբեջանցիներից, չգիտեմ ինչից, ժողովուրդ ջան, Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցիների ո՞վ է բերել։ Ռուսաստանի խաղաղապահները չէի՞ն, որ կանգնած էին, ու ադրբեջանցիները եկան Ղարաբաղ։ Ադրբեջանցիներին Նախիջևան ո՞վ է բերել»,- ասել է Սարգսյանը։
Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում արդեն հասանելի են ընտրողների ցուցակները՝ ըստ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, մայիսի 30-ի տրամադրած տվյալների։
Հակակոռուպցիոն կոմիտեն էլ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ 2026 թվականի փետրվարի 7-ից ՀԿԿ-ում կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործություններով նախաձեռնվել է ընդհանուր շուրջ 70 քրեական վարույթ, որոնցով մինչ օրս քրեական հետապնդումներ են հարուցվել 120 անձի նկատմամբ, ձերբակալվել է նրանցից 110-ը։ Նախաձեռնված վարույթներից 8-ը՝ 34 անձի վերաբերյալ շատ կարճ ժամանակահատվածում ավարտվել և մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան:
«Մեր հորդորն է՝ չներքաշվել ընտրական գործընթացների հետ կապված անօրինական գործողությունների մեջ, չդառնալ ընտրական հանցագործությունների մասնակից»,- ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նիստի ժամանակ Հայտարարել է ՀԿԿ նախագահ Արթուր Նահապետյանը։
Այսօր ուղերձ է տարածել Գարեգին Բ կաթողիկոսը՝ քաղաքական ուժերին կոչ անելով զերծ լինել ատելության խոսքից, դրսևորել զգոնություն ու շրջահայացություն և հեռու պահել ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից.
«Մեր հորդորն է իրավապահ համակարգի ներկայացուցիչներին անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովել արդար ընտրությունների անցկացման և մեր հայրենակիցների ազատ կամարտահայտության համար։Հայց ենք բարձրացնում առ Աստված մեր հայրենիքի անսասանության ու վերազարթոնքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության համար»,- նշել է կաթողիկոսն իր ուղերձում։