kristine-vardanyan

Կան առողջ քննարկումներ, որոնց արդյունքներն առաջիկայում կդրսեւորվեն․ Քրիստինե Վարդանյանը՝ Սամվել Կարապետյանի առաջարկի մասին | aravot.am

aravot.am  ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությունը չմասնակցեց ԱԺ վերջին նստաշրջանի աշխատանքներին։

Նա ասաց, որ իրենց ընտրողները տարբեր պահանջներ ունեն իրենցից։ «Ընդդիմության հարցերի շնորհիվ է, որ դուք իմացել եք՝ Հայաստանից քանի քկմ տարածք է օկուպացված, ընդդիմության հարցերի շնորհիվ է, որ հանրությունն իմացել է ճշմարտությունն Ադրբեջանի հետ նախաստորագրված փաստաթղթի մասին, որը հրաժարվում էին հրապարակել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխաններին էլ չեն մասնակցել ընդդիմադիր խմբակցությունները վերջին շրջանում, Քրիստինե Վարդանյանն ասաց․ «Դա մարտավարություն է, որը մենք ազատ ենք որդեգրել՝ ուզո՞ւմ ենք մասնակցել, թե՞ չենք ուզում մասնակցել, ուզո՞ւմ ենք այդ պահին Նիկոլ Փաշինյանին անսահման հարթակ տալ, թե՞ չենք ուզում տալ։ Դուք ի վերջո նաեւ տեսաք վերջին նիստին, թե որտեղից է գալիս հիստերիան, ագրեսիան։ Չէ՞ որ, երբ ընդդիմությունը մասնակցում է, հավասարության նշան են դնում, ասում են՝ երկուսդ էլ իրար արժանի եք, մի սրեք, այս բառապաշարը չենք ուզում լսել։ Ընդդիմությունը վերջին նիստերին չկար, բայց կար հիստերիան, կար վիրավորանքը, կար գոռգոռոցը»։

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առաջարկին՝ ընդդիմադիր դաշտը միավորելու մասին, Քրիստինե Վարդանյանն ասաց, որ իրենք են եղել այն ուժը, որն այդ թվում՝ նախընտրական շրջանում ասել է՝ այո, համագործակցություն անհրաժեշտ է, որովհետեւ չկա մի քաղաքական ուժ կամ անհատ, որը կարող է ստեղծված իրավիճակը միայնակ լուծել։ «Ուրախ ենք, որ հիմա գնում ենք այդ ճանապարհով։ Թույլ տվեք ասել, որ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններում ու հռետորիկայով ամբողջությամբ նպաստում է, որ ընդդիմությունը հասկանա իրականությունը եւ գնա այդ ճանապարհով։ Ավելի կոնկրետ դետալներ չեմ կարող ասել, հիմա կան առողջ քննարկումներ, որոնց արդյունքները, կարծում եմ, առաջիկայում կդրսեւորվեն։ Ես գնահատում եմ եւ կարեւորում եմ, որ կա այդ քննարկումը եւ համագործակցության անհրաժեշտության գիտակցումը, որովհետեւ դա է միակ ճանապարհը»,- ասաց նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն