«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը հերքել է մի շարք լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, համաձայն որոնց խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը մասսայական հոսանքազրկումներ են տեղի ունեցել ընտրատեղամասերում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԷՑ-ը։
«Yerkir.am, RadioAurora.am, MAMUL.am, MediaHub.am, AlphaNews.am, Aravot.am, Hayeli.am, Hraparak.am, YerkirMedia.am լրատվամիջոցները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացված իրենց օգտահաշիվներում հրապարակել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության վերաբերյալ՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն։
«Մասնավորապես՝ 13/7, 13/6, 14/4, 13/37, 13/44, 18/14, 15/53, 15/54, 12/49, 14/44 ընտրատեղամասերում իբր տեղի ունեցած մասսայական հոսանքազրկումների առկայության վերաբերյալ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են զրպարտություն՝ արատավորելով ընկերության գործարար համբավը: Ընկերության կողմից վերոնշյալ լրատվական կազմակերպություններին սահմանված կարգով ուղարկվել է հրապարակված տեղեկատվության հերքման պահանջ: Պահանջը չկատարելու կամ այն անպատասխան թողնելու դեպքում ընկերությունն իր իրավունքների պաշտպանությունը կիրականացնի դատական կարգով»,- նշված է հաղորդագրությունում։
ՀԷՑ ՓԲԸ-ն կոչ է արել լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ զերծ մնալ ՀԷՑ-ին առնչվող չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումից, ու պահպանել անաչառ լրագրողական էթիկայի և մասնագիտական պատասխանատվության սկզբունքները։