1lurer.am Հուլիսի 28-ի գիշերը Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել են հարյուրավոր ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, որոնց մեծ մասը ոչնչացվել է ՀՕՊ ուժերի կողմից, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Ժամը 20:30-ից մինչև առավոտյան 6:30-ը Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչում էր ավելի քան 390 անօդաչու թռչող սարք։ Դրանց մեծ մասը չեզոքացվել է ՀՕՊ ուժերի կողմից», – գրել է նա։
Նահանգապետ Անդրեյ Վորոբյովի խոսքով՝ Չեխովում անօդաչու թռչող սարքը հարվածել է Զեմսկայա փողոցում գտնվող բնակելի շենքին։ Հարվածից վնասվել է շենքի ճակատային մասը և երկու բնակարան։ Ոչ ոք չի տուժել։
Բացի այդ, Վաուլովո գյուղի Դուբրավա այգեգործական համայնքում մասնավոր տուն է հրդեհվել։ Ռոմաշկինո այգեգործական համայնքում (Դուբնա գյուղ) անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են ամառանոցը։ Երկու դեպքում էլ տուժածներ չկան։
Գիշերը Մոսկվայի մարզում նաև հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի տագնապ, Մոսկվայի ժամանակով ժամը 6:41-ին արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է դրա վերացման մասին: Մոսկվայի երեք օդանավակայան՝ Վնուկովոն, Ժուկովսկին և Դոմոդեդովոն, թռիչքաների սահմանափակումներ են մտցրել: Ժուկովսկին ներկայումս ընդունում և ուղարկում է չվերթներ՝ համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելով:
Մոսկվայի մարզից բացի, հուլիսի 28-ի գիշերը հարձակման է ենթարկվել նաև Ռոստովի մարզը։ Հակաօդային պաշտպանության ուժերը Տագանրոգի ծոցի ջրերում ոչնչացրել են անօդաչու թռչող սարքեր, հայտնել է մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը։
Լենինգրադի մարզի օդային տարածքում անօդաչու թռչող սարքի հարձակման մասին տագնապ է հայտարարվել, ինչից հետո Պուլկովոյի օդանավակայանը սկսել է ընդունել և ուղարկել չվերթներ` նախնական պայմանավորվածությամբ։