ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան հարվածներ են հասցրել Իրաքում գործող խմբավորման` ի պատասխան հարձակումների | armenpress.am

ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան հարվածներ են հասցրել Իրաքում գործող խմբավորման` ի պատասխան հարձակումների | armenpress.am

armenpress.am ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ուժերը հարվածել են Իրաքում Իրանի կողմից աջակցվող խմբավորումների թիրախներին՝ ի պատասխան ամերիկյան ուժերի և թագավորության էներգետիկ ենթակառուցվածքի դեմ հարձակումների։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը և Սաուդյան Արաբիայի զինված ուժերը հուլիսի 28-ին թիրախային հարվածներ են հասցրել Իրանի կողմից աջակցվող ահաբեկիչներին, որոնց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրահանգել էր հարվածել ԱՄՆ ուժերին և Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքին», – ասվում է X-ում հրապարակված հայտարարության մեջ:

CENTCOM-ը նշում է, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կործանիչ ինքնաթիռները հարվածել են Իրաքի արևելքում գտնվող «ահաբեկչական բազմաթիվ լոգիստիկ և զենքի օբյեկտների»՝ որպես վճռական պատասխան վերջին 72 ժամվա ընթացքում անօդաչու թռչող սարքերի ավելի քան 30 հարձակումների, որոնք «ուղղորդվել են ԻՀՊԿ-ի կողմից»:

«Ամերիկյան ուժերի դեմ անհիմն հարձակումներն անհաջող են եղել», – նշել է հրամանատարությունը՝ հավելելով, որ 2026 թ. ապրիլից սկսած՝ «Իրանի կողմից աջակցվող ահաբեկիչ աշխարհազորայիններն ավելի քան 600 հարձակման փորձ են կատարել» ԱՄՆ քաղաքացիների և օբյեկտների դեմ։

«ԻՀՊԿ-ն և նրա ահաբեկիչ պրոքսիները պետք է դադարեցնեն այս հարձակումները՝ խուսափելու ԱՄՆ-ի հետագա ռազմական պատասխանից», – եզրափակել է Կենտրոնական հրամանատարությունը։

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել է, որ ամերիկյան ուժերի հետ համակարգմամբ «թիրախային հարվածներ» է հասցրել Իրաքում Իրանի աջակցությունը վայելող խմբավորումներին, որոնք պատասխանատու էին թագավորության Արևելյան նահանգում նավթային օբյեկտների վրա անօդաչուներով հարվածների համար։ Գերատեսչությունը նշել է, որ էսկալացիա չի ցանկանում, բայց կպատասխանի ցանկացած ագրեսիայի։

Ռազմական գերատեսչությունում Իրանի պետական հեռարձակողի աղբյուրը հերքել է երկրի ներգրավվածությունը հարվածներին։

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ գիշերը ՀՕՊ համակարգերը խոցել են Իրաքից արձակված մի քանի ԱԹՍ, որոնք փորձում էին հարվածել թագավորության Արևելյան նահանգում գտնվող նավթային օբյեկտներին: Սա վերջին օրերին նման երկրորդ հարձակումն էր։ Հուլիսի 27-ին Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը խոցել էին Իրաքից արձակված անօդաչուներ, որոնք թիրախավորում էին Արևելյան նահանգում և մայրաքաղաք Էր Ռիադում թագավորության նավթային օբյեկտները։

Ըստ INA գործակալության՝ Իրաքի «Ժողովրդական զորահավաքի ուժերը» հայտարարել է, որ Բասրայում իր կենտրոնակայանին հարվածի հետևանքով վիրավորվել է խմբավորման երկու անդամ։

Այս նոր հարվածները տեղի են ունեցել վերջին օրերին ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխադարձ գրոհների դադարեցման ֆոնին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն