hetq.am Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի ևս 6 բարձրաստիճան հոգևորականի քրեական գործը 2026թ. հուլիսի 27-ին ուղարկվել է Արմավիրի մարզի դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։ Բոլորին մեղադրանք է առաջադրվել դատարանի որոշման կատարումը խոչընդոտելու համար։ Գործի հիմքում ընկած է Մասյացոտնի թեմի առաջնորդ Արման Սարոյանի (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) պաշտոնանկության և կարգալույծ հռչակելու հանգամանքը, որի ընթացքում, ըստ մեղադրանքի, եկեղեցու բարձրաստիճան հոգևոր դասը գործել է դատարանի արգելքին հակառակ։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտվելով իր պաշտոնեական դիրքից, խոչընդոտել է դատարանի կայացրած որոշման կատարմանը։ Մասնավորապես, 2026թ. հունվարի 15-ին Արման Սարոյանը, ով ղեկավարել է Մասյացոտնի թեմը, դատարան է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել Գարեգին Բ-ի՝ իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին տնօրինությունը և վերականգնել իրեն այդ պաշտոնում։ Նշված հայցադիմումի հետ Արման Սարոյանը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն։
2026թ. հունվարի 16-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել, և նույն օրը որոշում է կայացվել Ա. Սարոյանի միջնորդությունը բավարարելու մասին՝ պարտավորեցնելով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց, առանց խոչընդոտի ապահովելու Արման Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը։ Ինչպես նաև՝ արգելվել է կրոնական կազմակերպությանը և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Արման Սարոյանին, որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, իրականացնելու եկեղեցու կանոնադրությամբ թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում նաև՝ Մասյացոտնի թեմի ֆինանսական հաշիվների (միջոցների) տնօրինումը և թեմի ֆինանսական գործարքների իրականացումը՝ մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը։
Ըստ մեղադրանքի՝ դատարանի այդ որոշման հիման վրա հարկադիր կատարողի կողմից նույն օրը հարուցվել է կատարողական վարույթ, և արդեն հունվարի 19-ին համապատասխան փաստաթղթերը՝ դատարանի որոշման ու կատարողական թերթի պատճենները, պաշտոնապես հանձնվել են Մայր Աթոռին՝ ի դեմս Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարի։
Սակայն, Գերագույն հոգևոր խորհուրդը, որի նախագահը Գարեգին Բ կաթողիկոսն է, անդրադառնալով Սարոյանի հրապարակային ելույթներին և հայտարարություններին, որոնցում նա, ըստ Խորհրդի գնահատականի, զրպարտիչ մեղադրանքներ էր հնչեցրել Մայր Աթոռի, իր ծառայակից եկեղեցականների և Կաթողիկոսի հասցեին, խստորեն դատապարտել է այդ վարքագիծը՝ այն որակելով որպես Մայր Աթոռի հետ կապի խզում և հնազանդության ուխտի խախտում։ Խորհուրդը միաձայն որոշել է առաջարկել Կաթողիկոսին, որպեսզի նա Սարոյանին կարգալույծ հռչակի: Այսինքն՝ զրկել նրան իր հոգևոր աստիճանից ու հետևաբար նաև իրավունքից՝ գործելու որպես եպիսկոպոս կամ թեմի առաջնորդ։ Գարեգին Բ-ն ընդունել է այս առաջարկը և պաշտոնապես կարգալույծ է հայտարարել Սարոյանին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում