Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին | news.am

Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին | news.am

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսիսյանի և վեց եպիսկոպոսների (արքեպիսկոպոսների) վերաբերյալ քրեական գործը հանձնվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Այսօր հայտնի է դարձել, որ նախնական դատալսումների առաջին նիստը նշանակվել է 2026թ. օգոստոսի 7-ին ժամը 16:00-ին, Էջմիածին քաղաքում (Էջմիածին, Սբ. Գրիգոր Լուսավորչի փող., 15 շենք, թիվ 1 դահլիճ):

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեղադրվում է այն արարքի համար, որ նա, հանդիսանալով նաև Գերագույն Հոգևոր Խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, իբրև խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Էդգար Հովհաննիսյանի) որոշման կատարմանը:Այդպիսի խոչընդոտում է համարվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Վոլոդիայի Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ընդունված տնօրինությունը:

Միջազգային և ներպետական օրենսդրությամբ Հայ Առաքեալական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին չմիջամտելու պարտավորություն ունեցող պետության մեջ իշխանությունը մեղադրյալի կարգավիճակ է շնորհել Հայոց Հայրապետին՝ եկեղեցական գործառույթ իրականացնելու համար:

Սա պատմական ամոթալի իրադարձություն է։

Վերջին հարյուր տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ պետական իշխանությունը քրեական կամ բռնի ճնշման թիրախ է դարձնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Առաջին նման դեպքը կապված էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի հետ: Նա խորհրդային հակաեկեղեցական բռնաճնշումների տարիներին գործել է աննախադեպ ճնշումների պայմաններում, իսկ 1938 թվականի ապրիլի 6-ին Պետանվտանգության գործակալները Խորեն Ա Մուրադբեկյանին խեղդամահ են արել:2018 թվականից ի վեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացված քայլերը, ձևավորել են եկեղեցու նկատմամբ շարունակական պետական ճնշումների պատկեր, որոնց թվում են՝• եպիսկոպոսների դիվանագիտական անձնագրերի չեղարկումը (2018 թ.),• Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցող պետական ոստիկանական պահպանության դադարեցումը (2020 թ.),• «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը հանրակրթական առանձին ուսումնական ծրագրից (2020 թ.),• քրեակատարողական հիմնարկներում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր ծառայության դադարեցումը (2024 թ.),• զինված ուժերում եկեղեցու ինստիտուցիոնալ ներկայության էական սահմանափակումները և Հայ Առաքեալական Սուրբ Եկեղեցուն բանակից հեռացնելը (2024–2025 թթ.),• Անմահ և Սուրբ Պատարագների խմբագրման փորձերը (2025–2026 թթ.),• Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխելու և նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հրապարակային քաղաքական նախաձեռնությունների մեկնարկը (2025–2026 թթ.),• բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումների և սահմանափակող միջոցների կիրառումը (2025–2026 թթ.),• և այժմ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումները (2026 թ.)»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն