Մեկնարկել է Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը

Մեկնարկել է Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը

Այսօր՝ օգոստոսի 2-ին, մեկնարկել է Ազգային ժողովի 9-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը։ Մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը նիստը վարում է նորընտիր խորհրդարանի տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը։

Նիստին մասնակցող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը բացման ելույթում նշեց․ «Այսօր իր աշխատանքն է սկսում Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորված նոր Ազգային ժողովը։ Սա մեր պետական կյանքի հերթական կարևոր հանգրվանն է, որը վերահաստատում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքը․ իշխանությունը բխում է ժողովրդից և իրականացվում է նրա կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով»։

Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։

Կնյազ Հասանովը հորդորեց հետևել կանոնակարգին․ «Դուք եկել եք խանգարելու համար․ էսպես չի կարելի»։

Սա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Ամենայն Հայոց կաթողիկոսը չի մասնակցում ԱԺ մեկնարկային նիստին։

Նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Կնյազ Հասանովը հաստատել էր, որ կաթողիկոսին հրավեր չի ուղարկվել։

Իններորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 64, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ․ խորհրդարանը կունենա, ընդհանուր առմամբ, 105 պատգամավոր։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն