armenpress.am ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը սուտ է որակել CNN հեռուստաալիքի այն հրապարակումը, թե ամերիկացի զինվորականներն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր սպառել են կալանիչ հրթիռների պաշարների մեծ մասը։ Պենտագոնի ղեկավարը համապատասխան գրառում է արել X սոցիալական հարթակում։
Նա իր էջում տեղադրել է հեռուստաէկրանի լուսանկարը CNN-ի համապատասխան հաղորդումից։ Էկրանի ներքևում գրված է, որ ըստ աղբյուրների՝ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմում օգտագործել է իր կարևորագույն կալանիչ հրթիռների 80%-ը, և որ բարձրաստիճան հրամանատարները նախազգուշացնում են, որ պաշարները «վտանգավոր աստիճանի նվազել են»։
Հեգսեթի խոսքով՝ դա «ճիշտ չէ»։
«Ամոթ ձեզ։ Մենք բավականաչափ չենք ատում կեղծ լուրեր տարածող ԶԼՄ-ները», – հավելել է նախարարը։
CNN-ի աղբյուրների տվյալներով, որոնք ծանոթ են վերջին հաշվետվություններին, ամերիկացի զինվորականները փետրվարի 28-ից ի վեր, երբ սկսվեց Իրանի դեմ հակամարտությունը, օգտագործել են իրենց THAAD հրթիռների գրեթե 80%-ը և Patriot կալանիչների մոտավորապես կեսը։