armenpress.am Երևանի քաղաքապետարանը հերթական մաքրման աշխատանքներն է իրականացրել Երևանյան լճում։ Քաղաքապետարանից վստահեցնում են, որ լճի ափամերձ հատվածների մաքրումն իրականացվում է պարբերաբար՝ յուրաքանչյուր 15 օրը մեկ, իսկ ջրային ավազանի ներկայիս վիճակը գնահատվում է բավարար։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը նշեց, որ վերջին օրերին համացանցում տարածված տեսանյութերում երևացող աղբի կուտակումները վերաբերում են Երևանյան լճի այն հատվածին, որտեղ Հրազդան գետը միախառնվում է լճին։
Նրա խոսքով՝ ներկայում լճի հիմնական մակերեսը մաքուր է, իսկ վիճակը՝ բավարար, հատկապես հաշվի առնելով, որ օգոստոսին ջրի մակարդակի և ջերմաստիճանի հետ կապված խնդիրներն առավել ակնառու են լինում։
«Մեզ հաջողվել է տարվա ամենաշոգ ժամանակահատվածում լիճը պահպանել հնարավորինս լավ վիճակում, ինչը կարևոր է նաև Երևանի համար՝ որպես փոշին կլանող մեծ ջրային մակերես»,- ասաց Բեգոյանը։
Բեգոյանն ընդգծեց, որ ափամերձ հատվածում կուտակված աղբի զգալի մասը բնակիչների կողմից գետ նետված թափոններն են, որոնք Հրազդան գետի հոսանքով հասնում են լիճ։ Բեգոյանը կոչ արեց քաղաքացիներին չաղտոտել գետն ու լիճը՝ նշելով, որ տնտեսավարողների կողմից թույլ տրվող խախտումների դեպքում քաղաքապետարանը կիրականացնի վարչարարություն։
ՀՈԱԿ-ի տնօրենը նշեց, որ մի քանի տարի առաջ ամռան այս շրջանում Երևանյան լիճը վերածվում էր ճահճացած տարածքի, մինչդեռ այժմ այն դարձել է հանգստի և ժամանցի վայր, որտեղ հաճախում են ձկնորսներն ու քաղաքացիները։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանի հետագա ծրագրերով նախատեսվում է բարեկարգել նաև լճի մյուս ափը։
Անդրադառնալով ջրի կանաչավուն երանգին՝ Բեգոյանը պարզաբանեց, որ այն պայմանավորված է ջրի ցածր հոսքով և բարձր ջերմաստիճանով։ Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին ոռոգման նպատակներով իրականացվող ջրաբաշխման հետևանքով Երևանյան լիճ քիչ ջուր է մուտք գործում, ինչի պատճառով ջրի շրջանառությունը նվազում է, իսկ ափամերձ հատվածներում առաջանում են ջրիմուռներ։ (Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում)
Նշենք, որ օրեր առաջ կենդանաբան, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը ահազանգել էր, որ Երևանյան լճի էկոլոգիական վիճակը գնալով վատթարանում է։
Նա լուսանկարներ էր հրապարակել լճից՝ նշելով, որ լճի ջուրն ամբողջովին «ծաղկած է» միաբջիջ ջրիմուռներով, առափնյա շրջանում առկա են կենցաղային աղբի մեծ կուտակումներ։
«Առանձին հատվածներում, որտեղ կոյուղաջրեր են լիճ թափվում (հատկապես ամերիկյան դեսպանատան մերձակայքում), լճի առափնյա մակերեսը ամբողջովին պատված է բորբոսած աղբով ու գարշհոտությամբ (առանց շունչդ պահելու չես կարողանում քայլել ափով)։ Լճի մակերեսին կան բազմաթիվ սատկած կենդանիներ՝ ձկներ, ջրլող թռչուններ (հայկական որորներ)։ Որոշ դեպքերում էլ որորները անհասկանալի կերպով սկսել են սատկել (այսօր լճից երկու խեղդվող որոր եմ հանել, որոնք չէին կարողանում լողալ)։ Գուցե՞ հիվանդ են կամ թունավորված ինչ-որ բանից»,- գրել էր նա։


