Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր | factor.am

Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Հայաստանի հունական համայնքների միություն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Պարի դասավանդումը և ցուցադրումը՝ որպես Հայաստանի հույների ինքնության պահպանման ձև» ծրագիրը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Ծրագրի նպատակն է պահպանել և հանրահռչակել Հայաստանի հունական համայնքի ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորումներից մեկը՝ հունական ժողովրդական պարը, ինչպես նաև նպաստել դրա փոխանցմանը երիտասարդ սերունդներին։

Ծրագրի շրջանակում Երևանում, Ստեփանավանում, Գյումրիում, Հրազդանում, Նոյեմբերյանում և Ալավերդիում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման դասընթացներ։ Մասնակիցներին կներկայացվեն նաև պարերի պատմությունը, մշակութային առանձնահատկություններն ու ավանդույթները։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև ավանդական պարային տարազների պատրաստումը, որին կներգրավվեն նաև համայնքի կամավորները։ Նախաձեռնության միջոցով նախատեսվում է ոչ միայն պահպանել ավանդական պարային մշակույթը, այլև այն տարածել տարբեր համայնքներում:

Կրթամշակութային այս ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստանի հունական համայնքի ոչ նյութական մշակութային ժառանգության արժևորմանն ու պահպանմանը, ինչպես նաև տարբեր համայնքներում հունական մշակութային ավանդույթների շարունակականության և կենսունակության ապահովմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն