1lurer.am «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ցանկացած՝ լինի մշտակա՞ն հանձնաժողովի, թե՞ այլ կարգավիճակի վերաբերյալ, ոչ թե մեկ, այլ մի քանի թեկնածուներ ունի, որոնք արհեստավարժության տեսանկյունից կարող են ապահովել այն գործունեությունը, որը վերաբերում է խորհրդարանական վերահսկողությանը: Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիանա Մանուկյանի թեկնածության քննարկման շրջանակում «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը:
«Բոլոր դեպքերում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից կատարված գործողությունը ժողովրդավարական չէր: Այն ԱԺ առաքելության՝ Սահմանադրության էությանը չէր համապատասխանում և չէր բխում դրանից»,- ասաց Վարդևանյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն իր ելույթի ժամանակ պարզաբանեց՝ խնդիր են տեսել Հայկ Ֆարմանյանի թեկնածության հետ կապված:
«Հայկ Ֆարմանյանի թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական խոսույթը մեզ բերեց այն համոզման, որ վերջինս կոմպետենտ չէ այդ հանձնաժողովի նախագահը լինելու համար:
Հարցուպատասխանի ժամանակ, նաև երեկվա հարցուպատասխանի ժամանակ, արձագանքները լսելով՝ համոզվեցի, որ մենք շատ ավելի քան հիմնավորված որոշում ենք կայացրել, և եթե խնդիրը սաբոտաժը լիներ, ինչպես ասվում է ձեր ելույթներում (դիմում է խորհրդարանական ընդդիմությանը-խմբ.), մենք Արամ Վարդևանյանին չէինք ընտրի [ԱԺ փոխնախագահ], նույնը չէինք անի Լիլիթ Գալստյանի դեպքում (ընտրվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ-խմբ.)»,- ասաց Մանավազյանը: