Հայաստանի իշխանությունների՝ Եվրոպական միությանն անդամակցելու հայտ ներկայացնելու մտադրության մասին հայտարարությունները հակասում են հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ Այս մասին «Lenta.ru»-ին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։
Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ եվրաինտեգրման վերաբերյալ Պաշտոնական Երևանի հայտարարություններում «ստվերում է մնում» Եվրամիության ռազմականացումն ու Մոսկվայի հետ ուղիղ ռազմական դիմակայության նախապատրաստումը։ ԱԳՆ-ում հիշեցրել են նաև Ռուսաստանին «ստրատեգիական պարտության» մատնելու անհրաժեշտության մասին ԵՄ ներկայացուցիչների հայտարարությունների, ինչպես նաև Ուկրաինային ցուցաբերվող շարունակական ռազմական ու ֆինանսական աջակցության մասին։
«Համոզված ենք, որ նման ագրեսիվ հակառուսական դաշինքին անդամակցությունը կհակասեր Հայաստանի ժողովրդի երկարաժամկետ շահերին», — հայտարարել են ռուսական դիվանագիտական գերատեսչությունում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը առաջիկայում մտադիր է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել։ Նրա խոսքով՝ Եվրամիությանը և ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության հարցով հանրաքվեն տեղի կունենա Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհային քարտեզի մշակումից հետո։