ՔՊ-ին նվիրատվություն արած պաշտոնյաների ծախսերի մի մասը չի հիմնավորվում հայտարարագրերով

2025 թվականին 508 պաշտոնյա և պաշտոնյայի ընտանիքի անդամ նվիրատվություն է կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ «Ինֆոքոմն» ուսումնասիրել է ավելի քան 100 000 դրամի նվիրատվություն կատարած պաշտոնյաների հայտարարագրերը՝ նրանց դրամական միջոցները և մյուս ծախսերը նվիրատվությունների հետ համադրելու համար։ 

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը տարեսկզբին իր բանկային հաշվին ունեցել է 4․7 մլն դրամ և 199 000 դրամ կանխիկ։ Մանուկյանն աշխատավարձից, վարձակալությունից և գյուղատնտեսական աշխատանքներից տարվա ընթացքում ստացել է շուրջ 11 մլն դրամի եկամուտ։ 

Հասկանալու համար, թե տարվա ընթացիկ ծախսերը հոգալու համար հայտարարատու պաշտոնյան որքան գումար է ունեցել, անհրաժեշտ է գումարել տարեսկզբին եղած դրամական միջոցները և եկամուտը, ապա արդյունքից հանել տարեվերջի դրամական միջոցների հանրագումարը։ 

 

Ախուրյան համայնքի ղեկավարի դեպքում այդ գումարը 9 593 401 դրամ է։ Հիմա համեմատենք այս գումարը նրա կատարած ծախսերի հետ։

Զավեն Մանուկյանը գնել է 7 մլն դրամ արժեցող ավտոմեքենա, կատարել 2․5 մլն դրամի գյուղատնտեսական ծախս, գրեթե 3 մլն դրամի վարկ է մարել  և 720 000 դրամ նվիրաբերել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ ընդհանուր ծախսը՝ 13 137 691 դրամ։ Զավեն Մանուկյանի՝ ավելի քան 3․5 մլն դրամ գումարի ծագման աղբյուրը, սակայն, հայտարարագրում արտացոլված չէ։ 

 

Ուսումնասիրեցինք նաև նրա կնոջ՝ Աննա Մանուկյանի հայտարարագիրը՝ պարզելու, թե արդյոք վերջինիս դրամական միջոցները Ախուրյան համայնքի ղեկավարին թույլ են տվել  կատարել վերը թվարկված ծախսերը և հոգալ ընտանիքի ընթացիկ կարիքները։

 

Այսպես, Աննա Մանուկյանը տարեսկզբին ունեցել է 2 220 դոլար, որը տարեվերջին նվազել է՝ դառնալով 1 200 դոլար, կանխիկ մյուս միջոցը՝ 1․8 մլն դրամը, նույնպես նվազել է և դարձել 1․5 մլն դրամ։ Ձեռնարկատիրական գործունեությունից նա ստացել է 1 425 320 դրամի եկամուտ։ Կատարած միակ ծախսը 266 000 դրամի վարկի մարումն է։ Այսինքն՝ տարվա ընթացքում ծախսելու համար նա ունեցել է 1 856 810 դրամ։ 

Ամուսիններն ունեն երեք անչափահաս երեխա, և սա է այն գումարը, որը հինգ հոգանոց ընտանիքն ունեցել է տարվա ընթացիկ ծախսերի համար։  

Զավեն Մանուկյան

Ինչպե՞ս է Մանուկյանը կատարել ավելի քան 3․5 մլն դրամի ծախս, ինչո՞ւ եկամտի այդ  աղբյուրները չեն արտացոլվել նրա հայտարարագրում, ինչպե՞ս է հինգ հոգանոց ընտանիքին բավարարել 1 մլն 856 000 դրամն ամբողջ տարվա համար։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար գրություն ուղարկեցինք Մանուկյանին։ Ախուրյան համայնքի աշխատակազմի ղեկավար Սուրեն Աբրահամյանը փոխանցեց, որ համայնքի ղեկավարն ուսումնասիրել է ներկայացված հաշվարկները, սակայն չի հասկանում, թե ինչպես է առաջացել անճշտությունը։

Հայտարարագրով չհիմնավորվող ավելի քան 4 մլն դրամի ծախս էլ կատարել է նվիրատու մեկ այլ պաշտոնյա՝ Եղեգնաձոր համայնքի ավագանու անդամ Մուշեղ Ներսիսյանը։ 

ՔՊ-ին նվիրատվություն արած պաշտոնյաների ծախսերի մի մասը չի հիմնավորվում հայտարարագրերով

Նա տարեսկզբին ունեցել է 2․1 մլն դրամի կանխիկ գումար, որը տարեվերջին նվազել է՝ դառնալով 1․5 մլն դրամ։ Ներսիսյանը տարվա ընթացքում ստացել է 1 մլն 685 000 դրամ  աշխատավարձ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից։ Ավտոմեքենայի վաճառքից ստացել է ևս 2 մլն դրամ՝ թեպետ սա հայտարարագրում չի ներկայացրել որպես եկամուտ։ 

 

Այսպես, հաշվարկի նույն մեթոդաբանությամբ՝ Ներսիսյանը տարեկան ծախսերի համար ունեցել է 5 285 251 դրամ։ 

 

Նա 5․5 մլն դրամ ուղղել է վարկի մարմանը, 4 մլն դրամով ձեռք է բերել մեքենա և ևս 220 000 դրամ նվիրաբերել ՔՊ-ին։ Հետևաբար, կատարված ծախսերից 4 մլն 434 000 դրամի աղբյուրն արտացոլված չէ հայտարարագրում։ 

Ներսիսյանի կինն էլ՝ Աշխեն Հայրապետյանը, տարեսկզբին հայտարարագրել է 60 000 դրամ կանխիկ, որը տարեվերջին դարձել է 200 000 դրամ, հետևաբար, նրա դրամական միջոցների աճը հիմնավորված չէ հայտարարագրված եկամուտներով։ 


Բացի սա, ըստ 2024 թվականի հայտարարագրի, Աշխեն Հայրապետյանի վարկի մնացորդը կազմել է 620 000 դրամ, իսկ 2025 թվականի վերջին՝ 350 000 դրամ։ Այսինքն՝ հայտարարագրով հիմնավորված չէ, թե ինչ միջոցներից է մարվել  270 000 դրամի վարկը։ 

Մեր գրությունը ստանալուց հետո Մուշեղ Ներսիսյանը կապ հաստատեց մեզ հետ, ասաց, որ նախորդ տարի մեքենայի համար չի վճարել 4 մլն դրամ, և այդ գումարը մարելու է այս տարի։ 

Բայց նույնիսկ այս դեպքում ավելի քան 434 000 դրամը չի հիմնավորվում եկամուտով։ Պարզ չէ նաև, թե ինչպես են նրա կնոջ դրամական միջոցներն աճել, ինչպես է մարվել վարկը՝ չունենալով եկամուտ։ Ներսիսյանն ասաց, որ այս հարցերին կպատասխանի գրավոր, սակայն այդպես էլ նրա պատասխանները չստացանք։ 

Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը 2025 թվականի տարեսկզբին ունեցել է 1 276 000 դրամ կանխիկ գումար։ Ստացել է 4 705 593 դրամի եկամուտ։ Տարեվերջին նրա կանխիկը, առանց եկամտով հիմնավորելու, աճել է՝ հասնելով 6 մլն դրամի։ 

Բացի սրանից, Ղուկասյանը նույնպես հայտարարագրով չհիմնավորվող ծախսեր է կատարել՝ ծավալել է 3 մլն դրամի գյուղատնտեսական գործունեության և 100 000 դրամ նվիրաբերել է ՔՊ-ին։ Նրա կնոջ՝ Մարինե Ղուկասյանի հայտարարագիրը դատարկ է։

Ղուկասյանը մեզ պարզաբանեց, որ գյուղատնտեսական աշխատանքներից ստացել է 6-7 մլն դրամ, ինչը չի հայտարարագրել։ Հաջորդիվ այն կարտացոլի հայտարարագրում։ 

Ուսումնասիրության ընթացքում «Ինֆոքոմը» նկատել էր այլ պաշտոնյաների հայտարարագրերում առկա անհամապատասխանություններ ևս։ Այդ դեպքերին, սակայն, չենք անդրադարձել, քանի որ պաշտոնյաների արձագանքից հետո պարզ է դարձել, որ դրանք հիմնականում եղել են հայտարարագիրը սխալ լրացնելու հետևանք։ 

 

Առաջարկում ենք կարդալ՝

Գործարարների աշխատակիցներն ու համակարգված նվիրատվությունները. ովքեր և ինչպես ֆինանսավորեցին ՔՊ-ին 2025-ին

Սինքրոն նվիրատվություններ ՔՊ-ին. 5 օրում՝ առնվազն 23 բժշկական կենտրոնի տնօրեն

 

 

Թողնել մեկնաբանություն