Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրը | 1lurer.am

Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրը

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակիչներից մեկը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։

«ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից իրականացրել են ջրի նմուշառում։ Ստացված լաբորատոր հետազոտության արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է:

Հաշվի առնելով արձանագրված ցուցանիշի բարձր մակարդակը և այն հանգամանքը, որ նախկինում իրականացված քիմիական հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել՝ կրկնակի նմուշառումներ են իրականացվել չորս կետից, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։

Սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել են նույն ցուցանիշները։

Բոլոր պատկան մարմինները զգուշացվել են արձանագրված շեղման մասին` ապահովելու բնակչության ջրապահովման կարիքները:

Մինչև ջրի որակի վերականգնումը, Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու և կենցաղային նպատակներով:

Բնակիչների շրջանում առողջական վիճակի հետ կապված ախտանշաններ չեն արձանագրվել, սակայն մեր կողմից կիրականացվեն համայցեր կանխարգելիչ միջոցառումների շրջանակում:

Կառավարությունը և համայնքը միջոցներ կձեռնարկեն, մինչև խնդրի կարգավորումը, գյուղի բնակիչներին անհրաժեշտ անվտանգ ջրի մատակարարումն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ միջոցներ են ձեռնարկվում ջրի ախտահարման պատճառը պարզելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն