Կառավարության հրապարակած՝ 2027-ի բյուջեի նախագծով գիտատեխնոլոգիական գործունեության ծրագրի ընդհանուր ֆինանսավորումն ավելացրել է 5%-ով, սակայն ոլորտի երկու կարևորագույն՝ գիտական դրամաշնորհային և պետության կարիքների հիման վրա իրականացվող ծրագրերի բյուջեն նախորդ տարվա համեմատ չի փոխվել։ Նման որոշումը հարցականի տակ է դնում գիտահետազոտական նոր թիմերի ձևավորման և նոր մրցույթների անցկացման հնարավորությունը․ միջոցներն, ամենայն հավանականությամբ, կբավականացնեն միայն նախորդ տարիներին մեկնարկած ծրագրերի շարունակությունն ապահովելուն (այդ ծրագրերը, սովորաբար, իրականացվում են մի քանի տարով)։
Անփոփոխ է մնացել նաև ռազմարդյունաբերական հետազոտությունների և մշակումների ֆինանսավորումը։
Փոխարենն ավելի քան 36%-ով ավելացել է ակադեմիական քաղաքի կառուցման համար նախատեսվող բյուջեն։
Սա այն դեպքում, երբ Կառավարությունը 2026-ին 2025-ի համեմատ արդեն իսկ 14%-ով կրճատել էր գիտության ֆինանսավորումը։
Ստորև կարող եք տեսնել, թե 2025-2026 թթ․ կառավարությունը որքան ֆինանսավորում է նախատեսել գիտության համար։ Ինչպես երևում է, 2025-ին Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի համար նախատեսված ֆինանսավորումը 0,7%-ով մեծ է եղել 2027-ին նույն ծրագրի համար նախատեսվող ֆինանսավորումից։
Իսկ հաջորդ վիզուալում կարող եք տեսնել, թե գիտատեխնոլոգիական միջոցառումների ծրագրի որ ուղղություններով որքան միջոցներ են նախատեսվում։
Ինչպես երևում է, միայն գիտական ենթակառուցվածքների պահպանման և արդիականացման բյուջեն է ավելացել։ Կարևոր է, սակայն, շեշտել, որ եթե 2025-ի և 2026-ի բյուջեներով միջոցառումը կոչվում էր «Գիտական ենթակառուցվածքների արդիականացում», ապա 2027-ի բյուջեի նախագծով այն կոչվում է «Գիտատեխնոլոգիական գործունեության բազային ֆինանսավորման շրջանակում ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում և գիտական կադրերի պատրաստում»։
2026-ի բյուջեի լրացուցիչ հավելվածով Կառավարությունը խոստանում էր համապատասխան միջոցների առկայության դեպքում գիտահետազոտական ծրագրերին և գիտասարքերի ձեռբերմանը հատկացնել հավելյալ մոտ 7․4 մլրդ դրամ։ Նշված ֆինանսավորումը, սակայն, այդպես էլ չհատկացվեց։ Մինչդեռ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը 2025-ի վերջին անտեղի էր համարում գիտության ֆինանսավորումը կրճատելու մասին մտահոգությունները։
2027-ի բյուջեի նախագծի հրապարակումից ընդամենը երկու օր առաջ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ոլորտը համակարգող կառույցի՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) նախագահ Սարգիս Հայոցյանը։ Վերջինս այսօր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների հաջողությունը միայն ճիշտ քաղաքականությունների և հայեցակարգերի մշակմամբ չի կարող իրականացվել։
ԲԿԳԿ նախկին նախագահը նաև նշել է՝ այս որոշումն արտացոլում է բարեփոխումների հաջող իրականացման համար անհրաժեշտ պայմանների վերաբերյալ իր մասնագիտական գնահատականը, ինչպես նաև՝ ներկա պայմաններում դրանց իրականացման պատասխանատվություն ստանձնելու համար իր սեփական հնարավորությունների գնահատումը։
Տարեսկզբին կառավարությունը հաստատել էր «Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագիրը» և դրա միջոցառումները, ինչպես նաև սահմանել գիտության և տեխնոլոգիաների զարգացման գերակա ուղղություններ։ Այս փաստաթղթերում կառավարությունը հանձնառություն է վերցրել մինչև 2030 թ․ հասնելու մի շարք հավակնոտ թիրախների, այդ թվում՝ ոլորտի ֆինանսավորումը պետական բյուջեից հասցնելու ՀՆԱ-ի 0,75%-ի, հետազոտողների թիվը հասցնելու 6000-ի, միջազգային հեղինակավոր շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում ունենալու տարեկան 6000 հրապարակում։ Մի շարք միջոցառումներ են նախատեսված նաև գերակայությունների ուղղությամբ։ Ռազմավարական ծրագրում շեշտվում է, որ նախատեսված արդյունքային ցուցանիշներին հասնելու համար անհրաժեշտ է նախանշված միջոցառումների ամբողջական իրականացում՝ ներառյալ պատշաճ բյուջետավորումն ու ֆինանսավորումը:
Թե ինչպես է կառավարությունը ֆինանսավորման ընդամենը 5% աճով և գիտահետազոտական երկու կարևորագույն ծրագրերի նույնական բյուջեով հասնելու այս թիրախներին, պարզ չէ։
Ավելին, կառավարությունը նաև փոփոխություններ էր նախաձեռնել պետության կարիքների համար իրականացվող (բյուջեում նշվում է նպատակային կամ թիրախային) ծրագրերում և 2027-ի համար հայտարարված մրցույթով գիտահետազոտական կառույցներից ստացել 600 միլիոն դրամի հայտ։ Մինչդեռ 2027-ի բյուջեի նախագծով նախատեսված միջոցները կրկնակի քիչ են։
Այս մտահոգությունների շուրջ «Ինֆոքոմը» մեկնաբանություն է խնդրել Սարգիս Հայոցյանից, ինչպես նաև ԲԿԳԿ-ից։ Վերջիններիցս պատասխաններ ստանալու դեպքում կհրապարակենք։
Հոկտեմբերի 1-ին՝ 18։46-ին, նյութում կատարվել է փոփոխություն․ տեքստի առաջին վիզուալից առաջ ավելացվել է 2025-ի և 2027-ի բյուջետային հատկացումների համեմատության մասին նախադասությունը։
Գլխավոր նկարը և վիզուալները՝ Անի Ղևոնդյանի