Խնդիրն այլևս միայն գիտությանը տրվող գումարի չափը չէ, այլ գիտության նկատմամբ շատ օղակների մոտեցումը. Արթուր Մովսիսյանը՝ պաշտոնից հեռանալու պատճառների մասին

Խնդիրն այլևս միայն գիտությանը տրվող գումարի չափը չէ, այլ գիտության նկատմամբ շատ օղակների մոտեցումը. Արթուր Մովսիսյանը՝ պաշտոնից հեռանալու պատճառների մասին

Արթուր Մովսիսյանը, որը այսօրվանից, իր դիմումի համաձայն, այլևս չի զբաղեցնում ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, հանդես է եկել հայտարարությամբ, որում նա շնորհակալություն է հայտնել Կոմիտեի նախկին նախագահ Սարգիս Հայոցյանին, ԿԳՄՍ նախկին նախարարներ Արայիկ Հարությունյանին, Վահրամ Դումանյանին, ինչպես նաև Ժաննա Անդրեսասյանին իրեն վստահելու համար:

Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել նաև կոմիտեի թիմին և ամբողջ անձնակազմին, ինչպես նաև գիտնականներին:

«Շնորհակալություն եմ հայտնում նաև կառավարությանը, որը հավատացել է գիտության ներուժին, հզոր գիտակրթական համակարգով ուժեղ Հայաստան ունենալու տեսլականին և վերջին տարիներին էական ներդրումներ է կատարել ոլորտում՝ ապահովելով շոշափելի արդյունքներ։

Յուրաքանչյուրի ներդրումը անուրանալի է, առանց դրա բարեփոխումները չէին հաջողվի։ Իմ գնահատմամբ՝ այս տարիներին Հայաստանի գիտության ոլորտում թռիչքային առաջընթաց ենք արձանագրել։ Այդուհանդերձ, դեռ հեռու ենք մեր երազանքից։ Կառավարության ծրագրով և գիտության զարգացման ռազմավարությամբ սահմանված նպատակներին հասնելու համար բոլոր օղակներում երկարատև ու հետևողական աշխատանք է անհրաժեշտ»,- գրել է նա:

Ապա Մովսիսյանը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմումի պատճառների մասին՝ նշելով, որ հիմնական պատճան այն է, որ իերնց աշխատանքն ու ծրագրերի իրականացումը չեն համապատասխանում Կառավարության, նախարարության, կոմիտեի և անձամբ իր խոստացած զարգացման տեմպին. «Դրա վկայությունն են 2026 թվականին խոստացված, բայց չհատկացված ֆինանսավորումն ու, դրա հետևանքով, թերի իրականացված ծրագրերը։ Նույն մտահոգությունն ունեմ 2027 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ․ այս տեսքով հաստատվելու դեպքում բազմաթիվ ծրագրերի իրականացումը կվտանգվի»։

Պատճառների վերաբերյալ առավել մանրամասն Արթուր Մովսիսյանը հայտնել էր «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում, որը կարող եք կարդալ այստեղ:

Մովսիսյանը նշել է, որ պաշտոն թողնելու որոշումը կայացրել էր ավելի վաղ, երբ բյուջեի նախագիծը արդեն կառավարությունում էր, սակայն Սակայն Հայոցյանի հրաժարակից հետո մնացել է և վերջին երեք շաբաթում կոմիտեի նախագահի պարտականությունները կատարելիս իր լիազորությունների շրջանակում արել է իրենից կախված ամեն ինչ, որ ճգնաժամային իրավիճակ չլինի, հայտարարված և որոշ ամփոփված ծրագրեր այս տարի ֆինանսավորում ստանան, մի շարք սարքերի պայմանագրերը չչեղարկվեն:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 15-ի նիստում հավանության է արժանացրել որոշման նախագիծ, որով Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրին հատկացվել է լրացուցիչ 2․35 մլրդ դրամ։ Սա վերաբաշխում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջեում․ 2․35 մլրդ դրամը վերցված է Ակադեմիական քաղաքի կառուցման համար ճշտված բյուջեով նախատեսված մոտ 5 մլրդ դրամից։

«Վերջում քննադատությունս ուղղում եմ կառավարությանը, սուտի ընդդիմադիրները թող չառիթավորվեն, ես քննադատում եմ իմ կառավարությանը, որին ընտրել եմ և առնվազն այդ իմաստով իրավունք ունեմ։

Սիրելի կառավարություն, այժմ ժամանակն է մեր խոսքը գործով հաստատելու։ Գրեթե վստահ եմ, որ Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ընթացքում գիտության ֆինանսավորումը որոշ չափով կավելանա։ Սակայն խնդիրն այլևս միայն գումարի չափը չէ, այլ գիտության նկատմամբ շատ օղակների մոտեցումը։ Գիտությունը պետք է ֆինանսավորել ոչ թե մնացորդային սկզբունքով կամ շնորհակալության ակնկալիքով, այլ գիտելիքահեն տնտեսություն ունենալու հստակ նպատակով։ Այդ դեպքում այսօրվա ծախսը կդառնա վաղվա ներդրումը։

Զարգացման տեմպը պահպանելու համար անհրաժեշտ են որոշ համակարգային փոփոխություններ։ Խնդիրը նաև գործընթացների կազմակերպման և բոլոր ներգրավված օղակների՝ ոլորտի հանդեպ պատասխանատվության ու հանձնառության (ownership) մեջ է։
Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, ես ուզում եմ Հայաստանի Հանրապետությունում ունենալ գիտության այն մակարդակը, որը Դուք եք պատկերացնում, ներկայացնում Ձեր խոսքում և ամրագրել էք Ձեր ղեկավարությամբ հաստատված փաստաթղթերում։ Ավելին չեմ ուզում…

Ես շատ եմ սիրել իմ աշխատանքը, հավատացել և հավատում եմ այն ճանապարհին որով գնում ենք, չեմ հոգնել և շարունակելու եմ գիտելիքներս և փորձս ծառայեցնել ոլորտի զարգացմանը․․․

Շատ դժվար է եղել այս որոշման կայացումը, գործընկերներից, գիտական համայնքից և ընկերներից շատերը համաձայն չեն որոշմանս հետ, սակայն որպես գիտության ոլորտում որոշակի լիազորություններ ունեցող և ամենօրյա ռեժիմով գիտական հանրույթի հետ ամենաշատ շփվող պաշտոնյա, կարծում եմ, որ պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն պաշտոն ստանձնելով․ այն ենթադրում է նաև տրված խոստումները չկատարելու դեպքում, առանց մեղավորներ փնտրելու, պահել սկզբունքայնությունը և պատասխան տալ սեփական խոսքի համար։ Ես խաբել չեմ կարող»,- գրել է Մովսիսյանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հոկտեմբերի 15-ի նիստին նշել էր, որ գիտության ֆինանսավորման շուրջ իրեն ուղարկվող «նամակներին ընդհանրապես ուշադրություն չի դարձնելու, մինչև էդ բոլոր նամակների հեղինակները նույն տեմպով ՀՀ-ում չպատմեն, թե գիտության ոլորտում ինչ է տեղի ունեցել վերջին տարիներին»:

Ավելի վաղ «Ինֆոքոմ»-ը գրել էր, որ 2027-ի բյուջեի նախագիծը հնարավորություն չի տալիս նոր գիտասարքեր ձեռքբերելու, դրամաշնորհային նոր մրցույթներ հայտարարելու, ռազմավարական ծրագրով նախատեսված նոր ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անտեսում է պետության կարիքներից բխող հետազոտությունները։ Հարցին, թե ինչպես է այս պայմաններում հնարավոր լինելու հասնել Կառավարության հանձնառած ռազմավարական թիրախներին, պաշտոնից արդեն հեռացած Արթուր Մովսիսյանը պատասխանել էր՝ հնարավոր չի լինելու։

Լուսանկարը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կայքից

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն