factor.am: Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախում տիրող հումանիտար վատթար իրավիճակի և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ։
«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջացքի արգելափակման կապակցությամբ, որը հակասում է հրադադարի համաձայնություններով ստանձնած պարտավորություններին և վնասում է բանակցային գործընթացին։ Ֆրանսիան իր ամբողջական աջակցությունն է հայտնում Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակի վերաբերյալ հուլիսի 26-ի հայտարարությանը»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Փարիզն Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ կիրառել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր են։
«Կոչ ենք անում վերականգնել բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով և բնակչությանը գազով ու էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումով»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԵՄ-ի հետ մեկտեղ՝ Ֆրանսիան լիովին հավատարիմ է մնում տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմանը։
Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 2023 թվականի ապրիլի 28-ին նրանք հայտարարեցին ճանապարհը բացելու մասին, քանի որ ապրիլի 23-ին Լաչինի ճանապարհին արդեն անցակետ էին տեղադրել՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն։
Հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։