Կոչ ենք անում հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ ՄԱԿ-ը՝ Արցախի նախագահական ընտրության մասին

Կոչ ենք անում հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը՝ պատասխանելով հարցին, թե որն է ՄԱԿ-ի դիրքորոշումը Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ։

«Ցանկանում ենք հիշեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք երաշխավորում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և կոչ ենք անում հարգել դրանք ամբողջությամբ։

Գլխավոր քարտուղարը հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարատև կարգավորման ուղղությամբ տարածաշրջանի անվտանգության և խաղաղության համար»,- հայտարարել է Դյուժարիկը։

Հիշեցնենք, որ Արցախում նախագահի ընտրությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ի ԱԺ հատուկ նիստի ժամանակ։ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվել է Սամվել Շահրամանյանը։ Վերջինս պետնախարար էր նշանակվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի օրը։

Արցախում նախագահական ընտրությունը չի ճանաչել ոչ մի երկիր։ Միաժամանակ ԱՄՆ հայտարարության մեջ նշվել է, որ «կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահելի ներկայացուցիչներ այս գործընթացի համար»։

Եվրամիությունը ևս հայտարարել է, որ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որում անցկացվել է Արցախի նախագահի ընտրությունը․ «Միևնույն ժամանակ ԵՄ-ն հավատում է, որ կարևոր է Ղարաբաղի հայերի համար համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որը կարողություն և կամք ունի ներգրավվելու Բաքվի հետ արդյունավետ քննարկումներին։ ԵՄ-ն հանձնառում է աջակցելու այս գործընթացին»։

Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունը դատապարտել են Ադրբեջանը, Թուրքիան, Ուկրաինան և մի շարք այլ երկրներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով