armenpress.am: Միացյալ Նահանգները կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անհավանական առաջընթաց են գրանցել և երկար ճանապարհ են անցել բանակցություններում, այդուհանդերձ, խաղաղության համաձայնագրին հասնելը կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ կատարել։
Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադբրեջանի միջև բանակցություններում հավանական առաջընթացին վերաբերող հարցին։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկրների և տարածաշրջանի խաղաղության, կայունության և անվտանգության համար: Մենք, իսկապես, կարծում ենք, որ համաձայնությունը հնարավոր է, բայց դա երկու կողմերից պահանջում է կատարել որոշ բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ, և այն, ինչ մենք պատրաստվում ենք անել՝ շարունակելն է նրանց առաջ մղել՝ լուծելու այդ վերջնական տարաձայնություններն ու հասնել համաձայնության», – իր խոսքում նշել է Միլլերը՝ չցանկանալով, սակայն, հավելյալ մանրամասներ հայտնել Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ:
Մեթյու Միլլերը վստահեցրել է, որ, թեև, դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել, այդուհանդերձ ԱՄՆ-ը չի պատրաստվում կանգ անել, քանի դեռ նման համաձայնագիր չկա։