ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ Կարեն Շաբոյանը հրաժարվում է անդամությունից

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ Կարեն Շաբոյանը հրաժարվում է անդամությունից։ Այս մասին տեղեկանում ենք Կարեն Շաբոյանի ֆեյսբուքյան գրառումից։

 «Տեղեկացնում եմ, որ հրաժարվում եմ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամությունից։

Երեկ՝ «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպման ընթացքում, ՀՀ ոստիկանության կողմից կիրառված բռնի և անհամաչափ ուժի հետևանքով ձերբակալվել են հայկական ֆուտբոլի 9 նվիրյալ երկրպագուներ։

Հանդիսանալով ՖԱՖ-ի հիմնադիր անդամ՝ 18 տարվա ընթացքում ես երբեք չեմ հանդիպել նման վերաբերմունքի, երբ 9 երկրպագու ձերբակալվում է, 72 ժամով կալանավորվում, և նրանց դեմ հարուցվում է քրեական գործ։

Մինչ այժմ, զերծ եմ մնացել հանրային կերպով դիրքորոշում արտահայտելուց՝ նախընտրելով հարցերը լուծել անհատական շփումների միջոցով։

Առաջարկել եմ ՀՖՖ ղեկավարությանը հանդիպել երկրպագուների հետ, անկեղծորեն քննարկել ստեղծված խնդիրները և ֆիքսել հստակ ժամանակացույց՝ ընթացիկ ծրագրերը ավարտին հասցնելու և անցնցում հեռանալու համար։ Ցավոք, այս առաջարկը չի ընդունվել», – նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման խաղասկզբում ֆուտբոլային թիմերի ֆան ակումբների անդամները ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականի պահանջով ներխուժել էին խաղադաշտ։

Ավելի վաղ պարզ դարձավ, որ 9 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։

Տեղի ունեցած քննադատել է նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել երկրպագուներին, որոնք երեկ երեկոյան ձերբակալվել են և գտնվում են անազատության մեջ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով