Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 22․04․2020 (թարմացվող)

21:35- Ռուսաստանն այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում 10-րդն է։ Երկրում, մինչ այս պահը գրանցվել է վարակի ուղիղ 58 հազար դեպք։ Ընդհանուր առմամբ, մահացել է 513 մարդ, առողջացել 4,420-ը։ |worldometers|

21:00- Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդների հետ հեռախոսային բանակցությունների ժամանակ նրանց աջակցությանն է դիմել կորոնավիրուսի համավարակի պատճառների միջազգային հետաքննության անցկացման համար:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, սակայն, նրան ասել է, որ մեղավորներ փնտրելուց առաջ անրաժշետ է շտապ հաղթահարել համավարակը: |news.am|

20:35- Իսրայելում COVID-19 ախտորոշմամբ հիվանդների թիվը հասել է 14326-ի. մեկ օրում 384 նոր դեպք է հայտնաբերվել: 24 ժամում մահացել է երեք մարդ, վիրուսից մահացությունների ընդհանուր թիվը 187 է: 148 պացիենտ ծանր վիճակում է, 111-ին միացված են արհեստական շնչառության սարքեր: Երկրում կորոնավիրուսից բուժվել է 4961 մարդ: |РИА Новости| |shantnews.am|

20:20- Չինաստանի կոմունիստական կուսակցությունը ժամանակին չի հայտնել կորոնավիրուսի բռնկման մասին: Նրանք նաև մի ամբողջ ամիս չեն հայտնել մարդուց մարդուն վիրուսի փոխանցման դեպքերի մասին: ԱՀԿ-ն ակնհայտորեն ձախողել է համաճարակի բռնկման վերահսկողության հարցում: [ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեո] |24news.am|

18:45- Իսպանիայում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 21 հազար 717-ի, առողջացել է 85 հազար 915 մարդ։ Երկրում, ընդհանուր առմամբ, վիրուսով վարակվել է 208 հազար 389 մարդ։ |worldometers|

18:18- «New York Times» թերթն առաջ է քաշել այն վարկածը, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, թաքցնում է կորոնավիրուսի պատճառով գրանցված մահերի իրական թիվը։ 

Պարզվել է, օրինակ, որ 2020թ․ մարտի 9-ից մինչև ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում միայն Ստամբուլում վերջին երկու տարիների նույն ժամանակահատվածի միջին ցուցանիշի համեմատ 2․100 -ով ավելի շատ մահվան դեպքեր են գրանցվել։ Այլ կերպ ասած՝ նշված 5 շաբաթների ընթացքում մահվան դեպքերը նախորդ տարիների համեմատ աճել են շուրջ 30 տոկոսով։ Միայն ապրիլի առաջին երկու շաբաթներին գրանցված մահվան ընդհանուր դեպքերի թիվը 50 տոկոսով գերազանցել է նախորդ տարիների միջին ցուցանիշը։

Ընդ որում՝ մահվան դեպքերի աննախադեպ աճը գրանցվել է Թուրքիայում կորոնավիրուսից մահվան առաջին պաշտոնապես հայտարարված դեպքից՝ մարտի 17-ից դեռ շաբաթներ առաջ։ |ermenihaber.am|

18:10- Լիտվան շարունակում է կանգնած մնալ իր Արևելյան գործընկերների կողքին։ Կառավարությունը որոշել է հատկացնել 100 հազար եվրո` լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների ձեռքբերման և դրանք որպես մարդասիրական օգնություն Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային փոխանցելու նպատակով, որը կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին։ [Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչիուս] |armenpress.am|

18:05- Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 585 հազար 195-ի, մահացածների թիվն անցել է 179 հազար 800-ից, ապաքինվել է 705 հազար 691 մարդ: |worldometers|

16:26-  ՈՒԵՖԱ-ն հերքում է լուրերն այն մասին, որ ԱՀԿ-ն հորդորել է եվրագավաթային խաղերը վերսկսել միայն 2021 թվականին: Ավելի վաղ տեղեկություն տարածվեց, ըստ որի` ԱՀԿ-ն եվրոպական ֆուտբոլային ասոցիացիային հորդորում է ավարտին հասցնել միայն ներքին առաջնությունները, իսկ Եվրոպայի և Չեմպիոնների լիգայի խաղարկությունները սկսել միայն 2021 թվականից: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտից դադարեցված են եվրոպական բոլոր առաջատար առաջնությունները: |armenpress.am|

 

15։12- Ուկրաինայի կառավարությունը հավանության է արժանացրել մի նախագիծ, ըստ որի` մինչև 2020 թ. մայիսի 11-ը երկարաձգվում է կարանատինի ժամկետը, սակայն որոշ մեղմացումներով: Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվծաների թիվը կազմում է 6 հազար 592 մարդ, մահացածներինը՝ 174: |armenpress.am|

 

14։42- ԱՄՆ Վարակների կառավարման և կանխարգելման տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդը զգուշացրել է, որ կորոնավիրուսի վարակի 2-րդ ալիքը ԱՄՆ-ի համար կարող է լինել ավելի դժվար, քան առաջինը։ Ռեդֆիլդի խոսքերով՝ եթե վարակի 2-րդ ալիքը սկսի ձմռանը, ապա դա կհամընկնի սեզոնային գրիպի բռնկման հետ, երբ առողջապահական ողջ համակարգն, առանց այն էլ, գերծանրաբեռնված ռեժիմով է աշխատում։ |theguardian.com|

 

14։38- Այսպես կոչված հայցը անհեթեթ է ու չունի որևէ փաստական կամ իրավական հիմք։ Բռնկումից ի վեր Չինաստանը գործել է բաց, թափանցիկ ու պատասխանատու, և ԱՄՆ կառավարությունը պետք է վերջ դնի այսպիսի դատական պրակտիկային։ [Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գեն Շուանը՝ ի պատասխան Միսսուրի նահանգի կողմից Չինաստանի դեմ հարուցված հայցին] |apnews.com|

 

14։28- Իրանում կորոնավիրուսի ապրիլի 22-ի վիճակագրական տվյալները․

Վարակակիրների թիվն ավելացել է 1.194-ով
Ընդհանուր՝ 85.996
Մահացածների թիվն ավելացել է 94-ով
Ընդհանուր՝ 5.391
Ծանր վիճակում է գտնվում 3.311 անձ
Ապաքինվածների թիվն ավելացել է 2.148-ով
Ընդհանուր՝ 63.113
Մինչ այժմ թեստավորվել է 377․396 անձ։ 
[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

13։48-  Գերմանիան հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական հետազոտություններին: Այս մասին տեղեկացնում է Պատվաստանյութերի դաշնային ինստիտուտը։ 18–55 տարեկան 200 առողջ մարդ կմասնակցի փորձարկումներին, կստացվի պատվաստանյութի մի քանի տարբերակ, որպեսզի գիտնականները կարողանան որոշել, թե որ տարբերակն է ամենաարդյունավետը։ ԱՀԿ-ն հայտնում է, որ այս պահին մշակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առվազն 20 տարբերակ։ |independent.co.uk|

 

12։39-  Ֆրանսիայում դպրոցներ ու մանկապարտեզներ երեխաների վերադարձը կսկսվի մայիսի 11-ից: Գործընթացը կկազմակերպվի փուլային տարբերակով: Սկզբում կբացվեն մանկապարտեզները, նախապատրաստական ու տարրական դասարանները: Մայիսի 18-ին դասընթացները կվերսկվեն քոլեջներում, դպրոցներում: Մայիսի 25-ից սովորական ուսումնական պրոցես կլինի բոլորի համար: |armenpress.am|

 

12։27-  Լիբանանի արևելյան հատվածում գտնվող պաղեստինցի փախստականների համար նախատեսված ճամբարում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը: Ախտանշաններով անձը տեղափոխվել է Բեյրութ, որտեղ համապատասխան թեստավորումից հետո հաստատվել է վարակվածությունը: Ճամբարում բնակվում են Սիրիայից եկած 55-60 հազար պաղեստինցի փախստականներ: Լիբանանում կորոնավիրուսով վարակվել է 677 մարդ, վարակի հետևանքով 21-ը մահացել է: |armenpress.am|

 

12։09-  Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու 5 236 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 57 999։ Այս պահի դրությամբ առողջացել է 4 420 մարդ, 513 հոգի մահացել է։ |tass.ru|

 

11։59-   ԻԻՀ ու ՌԴ նախագահներ Հասան Ռոհանին և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը մանրամասն քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի խնդիրները՝ ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը։ Այդ կապակցությամբ Ռոհանին շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ Իրանին տրամադրված օգնության համար։ |kremlin.ru|

 

11։32- ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունն իր անհամաձայնությունն է հայտնել Գլխավոր ասամբլեայի ընդունած` «Կորոնավիրուսի դեմ պայքարում բժշկության, պատվաստանյութերի ու բժշկական սարքավորումների հասանելիության երաշխավորմանը միտված միջազգային համագործակցությունն» ստեղծելու որոշմանը։ Ըստ որոշման՝ ԱՀԿՆ-ն պետք է լինի այս համգործակցության հիմնական դերակատարը, ինչն էլ ԱՄՆ-ի անհամաձայնության պատճառն է դարձել։ Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի որոշման համաձայն՝ ԱՄՆ-ն դադարեցրել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը։ 
|usun.usmission.gov|

 

11։24- Ապրիլի 22-ի  դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 411: Պաշտոնապես բուժված է համարվում 98 պացինետ: Կորոնավիրուսից այս պահի դրությամբ մահացել է 4 մարդ: Վրաստանի տարբեր շրջաններում գործող կլինիկաներում այս պահին կորոնավիրուսից բուժվում է 310 պացիենտ: |aliq.ge|

 

11։14- ԱՄՆ Միսսուրի նահանգը դարձավ առաջինը, որը Չինաստանի դեմ դատական հայց ներկայացրեց՝ կորոնավիրուսի մասին «ստի քարոզարշավ» կազմակերպելու համար։ Հայցի մեջ ասվում է, որ Չինաստանը պատասխանատու է հսկայական թվով մահացությունների, տառապանքների ու տնտեսական կորուստենրի համար, որոնք նրանք պատճառել են ամբողջ աշխարհին՝ ներառյալ Միսսուրիի բնակիչներին։  |usatoday.com|

 

10։42-  Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ մարդկանց վրա փորձարկումները կսկսվեն այս շաբաթվա վերջին։ Այս մասին երեկ հայտնել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթթ Հենքոկը։ Պատվաստանյութը ստեղծել են Օքսֆորդի համալսարանի գիտնականները, թեստավորումը նախատեսված է սկսել հինգշաբթի օրը։ Մեթթ Հենքոկն ասել է․ որ սովորական պայմաններում այս փուլին հասնելու համար անհրաժեշտ կլինեին տարիներ, և ինքը հպարտ է, որ աշխատանքն արվել է այսքան արագ։ |cnbc.com|

 

10։40- Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Քևին Հասսեթը երեկ Fox News հեռուստատեսության հետ հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ նավթի ներկայիս բացասական գները պայմանավորված են կորոնավիրուսի համավարակով, և ԱՄՆ-ն կարող է  2020թ․ երկրորդ եռամսյակի ՀՆԱ-ի պատմականորեն ամենցածր ցուցանիշը գրանցել։ |reuters.com|

 

10։36-  Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը համաձայնեցին, որ կորոնավիրուսի համավարակին պետք է տրվի համաշխարհային համակարգված արձագանք։ Հայտարարությունները հետևեցին 2 առաջնորդների միջև կայացած հեռախոսազրույցին։ Թրամփն ու Ջոնսոնը վերահաստատեցին  G7 և G20 շրջանակներում իրենց սերտ համագործակցությունը, որ նպատակ է հետապնդում վերաբացել համաշխարհային տնտեսությունները ու ապահովել բժշկական օգնության և պարագաների հասանելիությունը բոլոր նրանց, ովքեր դրա անհրաժեշտությունն ունեն։ |reuters.com|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․04․2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․04․2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21․04․2020

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն