23։45- ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել, որով ապրիլի 20-ին և 21-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները 24 ժամով արգելել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Արուս Արզումանյան» Ա/Ձ, ք. Երևան, Ջրվեժ, Բանավան 19
2) Ա/Ձ «Սասուն Ավագյան», ք. Վեդի, Ա. Սիմոնյան 10
3) Ա/Ձ «Քաջիկ Ավագյան», ք. Վեդի, Ա. Սիմոնյան 10
4) Ա/Ձ «Արթուր Վարդազարյան», ք. Արարատ, Իսահակյան 22
5) «Աշկար» ՍՊԸ, ք․ Եղեգնաձոր, Եղեգնաձորի զ/կ։
23։08- Նոր կորոնովիրուսային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարի հանձնարարականով՝ նախարարության ենթակա շրջանային բուժհիմնարկների տարածքներում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ մասնագետներն իրականացնում են ախտահանման աշխատանքներ, որոնք կրելու են շարունակական բնույթ: [Արցախի տեղեկատվական շտաբ]
22։54- Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և «Уральские авиалинии» ընկերության միջև ձեռքբերված պայամանավորվածության համաձայն՝ ս/թ․ ապրիլի 23-ին (ժամը՝ 12․00-ին) տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը։
Մոսկվայից նշյալ չվերթով Հայաստան կմեկնեն դեսպանությունում ցուցագրված 254-ից 360 համարի ներքո նշված քաղաքացիները։ Խնդրում ենք նշյալ քաղաքացիներին «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը՝ 08։30-ից (հաշվառման սեղաններ՝ 34-36 )։
Մեկնող քաղաքացիներին խնդրում ենք նախապես պլանավորել ժամանակը, չուշունալ չվերթից՝ նկատի ունենալով նաև այն, որ այսօր կայացած չվերթին մոտ քսան հաստատված քաղաքացի չի ներկայացել։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]
22։14- 3 ծայրահեղ ծանր վիճակում եղած պացիենտ այսօր բուժումից հետո դուրս են գրվում Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ։ [Արսեն Թորոսյան]
21:37- «Վարակի հաղթահարմանն աջակցության» 900005001947 հաշվի մուտքերն, ապրիլի 22-ի ժամը 20-ի դրությամբ, կազմել են 1 մլրդ 032 մլն 684 հազ. 502.1 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3871: [ՀՀ ֆինանսների նախարարություն]
21:22- Վերջին մեկ շաբաթվա ընթացքում օրական հաստատված դեպքերը` 48, 42, 47, 43, 48, 62, 72: Մեկ շաբաթ առաջ տանը չմնալու արդյունքը երևում է այսօր, և մեկ շաբաթից էլ կերևա այս մի քանի օրվա տանը չմնալու արդյունքը: Գիտեմ, որ ձանձրալի է, գիտեմ, որ աշխատել եք ուզում, սակայն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում տանը մնալով` դուք կոտրում եք վարակի տարածման շղթան:
Հաճախ տեսնում եմ դժգոհություններ այն մասին, որ պետությունը խիստ չի, բայց վստահեցնում եմ ձեզ` ինչքան էլ ոստիկանությունը բոլորին տուն ուղարկի, միևնույն է, մարդիկ շարունակում են շենքերում իրար հետ շփվել, տնետուն գնալ, բակերում հավաքվել... [Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյան]
21:15- Իրավիճակը վերահսկելի է, և օրական անցկացվող թեստերի քանակը հասցվել է 1000-ի: [Տիգրան Ավինյանը՝ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպման ընթացքում]
19:55- ԱՀ Պարետի նոր որոշմամբ, Արցախի քաղաքացի հանդիսացող՝ բեռնափոխադրող վարորդների և նրանց ուղեկիցների վրա տարածվող ինքնամեկուսացման պահանջը հանվում է: [Արցախ/տեղեկատվական շտաբ]
19:35- Ծաղկաձորում ունենք մեկուսացման 9 վայր, որտեղ մեկուսացման մեջ է գտնվում մոտ 750 քաղաքացի, այսօր էլ պատրաստվում ենք ընդունել ՌԴ-ից ժամանած մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք անցկացնեն իրենց 14-օրյա մեկուսացումը։ Ուզում եմ հավաստիացնել, որ մեկուսացման բոլոր վայրերում իրականացվում է պատշաճ հսկողություն, բուժօգնություն։ [Արսեն Թորոսյան]
18:45- Այս պահի դրությամբ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազար 531 իրավաբանական անձ եւ մոտավորապես 639 հազար 592 ընտանիք:
Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում տեղաբաշխվել է 29 միլիարդ 900 միլիոն դրամ: [Նիկոլ Փաշինյան]
18:11- Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի։ Վարակվածները բոլորը Վարդենիսում են, նրանցից 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են, որոնցից մեկը բժիշկ է։ Պոլիկլինիկայում ունենք 9 դեպք, որոնցից 2-ը ևս բժիշկ են։ Մենք դեռ խնդիր ունենք վարակի տարածման սկզբնաղբյուրի հետ կապված։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան] |tert.am|
17:45- «S7» ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի։ Հայաստան են տեղափոփվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու մեր հայրենակիցների կողմից հումանիտար օգնության շրջանակներում հավաքագրված առաջին անհրաժեշտության պարագաները։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]
17:23- Հաշվի առնելով ՀԾԿՀ-ի հայտարարությունն առ այն, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը ապրիլի 22-ից համարվում է վերացած, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2020 թ․ի փետրվար և մարտ ամիսներին բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում: Ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի: [«Գազպրոմ Արմենիա» ]
17:01- Լեհաստանում ՀՀ դեսպանության ունեցած տեղեկություններով՝ այս պահին ունենք 1 վարակակիր ՀՀ քաղաքացի, նա հոսպիտալացվել է: Մինչ այս պահը հնարավոր է եղել կազմակերպել սահմանափակ թվով ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան, սակայն այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են՝ հարևան երկրների օդային հաղորդակցության գործող հնարավորություններն օգտագործելու առումով: ՀՀ քաղաքացիներից շատերը նախընտրում են սպասել Վարշավա-Երևան ուղիղ չվերթների վերականգնմանը։ [Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը` «Օրեր» եվրոպական ամսագրին տված հարցազրույցի ժամանակ]
16:05- «Ռուսաստանի հայերի միությունը» Շիրակի մարզին տրամադրել է 2000 սննդային փաթեթներ։ 1500 սննդային փաթեթները բաշխվելու են գյուղական համայնքներում՝ համայնքապետարանների կողմից։ 500 սննդային փաթեթներից 400-ը կտրամադրվի «Պարենային շտապ օգնություն» ծրագրին՝ գրանցված շահառուներին հատկացնելու նպատակով, իսկ 100 փաթեթը կտրվի Հայաստանի կույրերի միավորման «Գյումրու ուսումնա-արտադրական ձեռնարկությանը»։ [Շիրակի մարզպետարան]
15:54- Հայկական Կարմիր խաչի ընկերությունն Արարատի մարզպետարանի աջակցությամբ Արտաշատ քաղաքի և 36 համայնքների միայնակ տարեցներին և խոցելի ընտանիքներին բաժանել է առաջին անհրաժեշտության 418 սննդի փաթեթ։ Փաթեթներն ընտանիքներին են հասցրել մարզի կամավորները։ Առաջիկայում ընկերությունն օգնություն կտրամադրի նաև մարզի մյուս տարածաշրջանների անապահով ընտանիքներին։ [Արարատի մարզպետարան]
14։45- Սոցիալական նույն կարգավիճակում գտնվող տարբեր ընտանիքների տարբեր քաղաքացիներ ծրագրերին դիմում են, մեկին աջակցություն հասնում է, մյուսին՝ ոչ: Դիմում են քաղաքացիներ հետևյալ խնդրով՝ ունեն 3 և ավելի երեխա, սակայն, օրինակ, 2 երեխայի դեպքում ծրագիրը հաստատում է աջակցությունը, իսկ մյուսների համար՝ ոչ։ [«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը` սոցիալական աջակցության ծրագրերի թերություններ մասին]
|armenpress.am|
14։08- ԱԺ-ն ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է հարկային պարտավորությունների չկատարման դեպքում իրականացնել տույժերի կրկնակի նվազեցում:
13։57- Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում նախատեսվում է առաջիկա երկու ամիսների ընթացքում առնվազն 30 դրամաշնորհի տեսքով աջակցություն տրամադրել 30 վերամշակող կազմակերպությունների՝ արտադրական կարողությունների վերազինման և սննդի անվտանգության պայմանների բարելավման համար։ [Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյան]
13։42- Պարետի որոշմամբ սահմանվել են հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներ, որոնց շրջանակներում, ի թիվս այլոց, արգելվել են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հիշատակի միջոցառումները: Այս տարի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանալու: Հորդորում ենք մեր համերկրացիներին՝ առաջնորդվել արտակարգ իրավիճակի ռեժիմը կանոնակարգող իրավական ակտերով և զերծ մնալ ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող խմբերով գնալու մտադրությունից: [Արցախի տեղեկատվական շտաբ]
13։39- Հաշվի առնելով, որ
ՀԾԿՀ-ն բոլոր բնակիչ- բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարում է վերացած։ [ՀԾԿՀ]
13։27- Տրված պայմանները և այն չափորոշիչները, որոնք դրված են, խնդիր են առաջացնում այն ուսանողների համար, ովքեր իսկապես դրա կարիքը ունեն։ Օրինակ, բարձր ՄՈԳ-ը․ դրա տակ ընկում են այն մարդիկ, ովքեր կա՛մ արդեն անվճար են սովորում, կա՛մ արդեն օգտվել են այլ զեղչերից, իսկ այն ուսանողները, ովքեր կարիք ունեն իսկապես զեղչման, չեն կարողանում օգտնվել այս աջակցության ծրագրից։ Եվ հետո մասնավոր բուհերի դեպքում որևէ ձևով հնարավորություն չկա օգտնվել այս ծրագրից։ [ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը` ուսանողներին տրամադրվող աջակցության ծրագրի մասին]
11։22- Հայաստանում կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել: Ապաքինված 70-ից բարձր տարիքի անձանց շրջանում ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին է: Նրա առողջական վիճակը սկզբում եղել է միջին ծանրության, որից հետո դրական դինամիկա է գրանցվել: Նրանից երեք տարով փոքր՝ 1930 թվականի (90 տարեկան) ծնված մեկ այլ կին ևս ապաքինվել է և դուրս է գրվել ապրիլի սկզբին: |armenpress.am|
11։17- Նախօրեին թեստավորված 3 քաղաքացու հետազոտության արդյունքներն արդեն հայտնի են: Կրկնակի թեստավորվել էին Քարվաճառում օրեր առաջ նոր կորոնավիրուսի վարակով հաստատված երկու վարարակիրները, որոնցից մեկի մոտ թեստավորման արդյունքը եղել է բացասական: Երկրորդ քաղաքացու թեստավորման արդյունքը դեռևս դրական է, ինչը նշանակում է, որ նա շարունակելու է բուժման գործընթացը: Երրորդ քաղաքացու թեստավորման արդյունքը ևս բացասական է։ [Արցախի տեղեկատվական շտաբ]
10։59- Թարմացվել է 22.04.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1473
Նոր դեպքեր- 72
Առողջացածներ - 633
նոր առողջացածներ- 24
Փաստացի բուժվողներ - 816
Ընդհանուր թեստեր - 14966
Մահվան ելքեր - 24
Մահվան նոր դեպքեր չկան [ԱՆ]
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23․04․2020
comment.count (0)