Իրավիճակն Արցախում․ թարմացվող

04.04.2022

15։50- Այս պահին Արցախում մեծ բախումներ չկան։ Սակայն երբ մենք խոսել ենք սրա մասին, որ կարող է լարվել, ես միշտ պատասխանել եմ, որ յուրաքանչյուր պահի հնարավոր է, որ էսկալացիայի ալիքը մեծանա, որովհետև մեր խաղաղությունը փխրուն է: Այս պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայանավորված՝ չի բացառվում, որ որևէ պետություն փորձի իրավիճակը ապակայունացնել»։ [ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյան] |news.am|

 

03․04․2022

14:11- Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացիկ փուլում, թե՛ Արցախի ու Հայաստանի իշխանություններից, և թե՛ ընդդիմադիր ուժերից գերզգույշ հռետորաբանություն և գործողություններ են պահանջվում ներքաղաքական հակասությունները չսրելու և ՀՀ ու ԱՀ վիճակն ավելի ևս չբարդացնելու նպատակով։

14:02- ԵԱՀԿ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհրաժեշտ բանակցություններ անցկացնել՝ բոլոր չլուծված հարցերը կարգավորելու համար, ասված է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հայտարարությունում, որն ամփոփում է նրա այցը Հարավային Կովկաս մարտի 29-ից ապրիլի 1-ը։ «Այցը նվիրված էր անվտանգության առկա մարտահրավերներին և կայուն խաղաղության հասնելու ջանքերին, ինչպես նաև ԵԱՀԿ և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև համագործակցության ամրապնդմանը»։

13:58- Ես կրկին վերահաստատել եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու խաղաղ բանակցությունները և արդյունքում՝ խաղաղության պայմանագիր կնքել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո և շրջանակներում։ Տեղեկացրել եմ, որ Ադրբեջանն առաջարկներ է փոխանցել մեզ, որոնք մենք համարել ենք ընդունելի, բայց ոչ ամբողջական, և լրացրել ենք մեր առաջարկներով և բարձրաձայնել ենք մեր պատրաստակամությունն անմիջապես սկսել բանակցությունները՝ այդ ամբողջական սկզբունքների հիման վրա։ [Արարատ Միրզոյանի հայտարարությունը`Իտալիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով] 

02.04.2022

14:35- Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը տեսազանգ է ունեցել ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ Ջավանշիր Ֆեյզիևի հետ։ Կալյուրանդը իր մտահոգությունն է հայտնել նախորդ շաբաթ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա նախահարձակ ռազմական ներխուժման կապակցությամբ, որը 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի խախտում է։ Նա հորդորել է անմիջապես հետ քաշել ուժերը շփման գծից հետ՝ համաձայն ԵԱՀԿ Մինսկի համանախագահ բոլոր երեք երկրների կոչերի։ |armenpress.am|

12:04- Արցախից վերադառնալուց հետո մեր իրականացրած փաստահավաք աշխատանքների հետքերով դիմել էի ՀՀ-ում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի և ԵՄ դեսպաններին։ Դեսպանների ուշադրությունն էի հրավիրել Արցախի Փառուխ համայնք Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ներխուժման վրա, տեղեկացրել, որ Ադրբեջանի հանցավոր գործողությունների արդյունքում ունենք զոհեր և վիրավորներ։ ԵՄ դեսպանի անունից ստացել եմ պատասխան, համաձայն որի լուրջ մտահոգությամբ հետևում են իրավիճակին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ։ Հավաստիացնում են, որ լարված իրավիճակն իսկապես քննարկման առարկա է դառնում ԵՄ հատուկ ներկայացուցիչների, նույնիսկ ԵԽ նախագահի հանդիպումներում, Բաքվում և Երևանում իշխանությունների հետ զրույցներում։ [«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյան]

11:48- 2022 թ.-ի մարտի 24-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով թշնամու բռնազավթման տակ է անցել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շրջակայքը և Քարագլուխ նախկին բնակավայրն ու համանուն բարձունքը, և ադրբեջանական զինված ուժերը միանգամից անցել են բռնազավթված այդ տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման հայտնի ձեռագրին: [Արցախի ԿԳՄՍ նախարարության հայտարարությունը]

11:01- Լիտվա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Վայդոտաս Ուրբելիսի և ներքին գործերի փոխնախարար Կեստուտիս Լանչինսկասի հետ: ԱԽ քարուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող գործողությունները և դրանցից բխող հնարավոր սպառնալիքները: Քարտուղարը նաև ներկայացրել է անվտանգային իրավիճակի կայունացմանն ուղղված հայկական կողմի առաջարկները: [ՀՀ ԱԽ]

 

31.03.2022

21։02- Փառուխում պայմանավորվածություն է խախտվել, այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, շեշտելով՝ ադրբեջանցիներն առաջ են եկել ռուս խաղաղապահների ներկայությամբ: Ստեփանակերտում կարծում են, որ այս իրավիճակից նաև ռուս խաղաղապահներն են անակնկալի եկել: «Հիմա ռուս խաղաղապահները նույնպես, միգուցե առաջին անգամ, տեսել են՝ ով ով է, հասկացել են՝ ինչ է Ադրբեջանը: Եվ իսկապես սա մի իրադարձություն է, որն անակնկալի բերեց նաև ռուս խաղաղապահներին», – հայտնել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը: |azatutyun.am|

20։40- Նիկոլ Փաշինյանը եւ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Վարչապետը ՌԴ նախագահին է ներկայացրել ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը եւ ցավով արձանագրել, որ իրադրությունը ոչ միայն չի կարգավորվել, այլեւ որոշ տվյալների համաձայն՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր են ադրբեջանական ստորաբաժանումների նոր սադրանքներ: [ՀՀ կառավարություն]

17:50- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված գործնական խնդիրների լուծման շեշտադրմամբ։ Վերահաստատվել է 2020 թ-ի նոյեմբերի 9-ի, 2021 թ-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների հետևողական կատարման կարևորությունը», – ասված է Կրեմլի հաղորդագրությունում։ |ria.ru|

17:01- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, նշել է՝ «քանի որ եղավ հարձակում Ադրբեջանի վրա, եղավ նաեւ պաշտպանական պատասխան»․ «Ադրբեջանի գործողությունները լիովին համապատասխանում են եռակողմ համաձայնագրի սկզբունքներին (Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի եւ Վլադիմիր Պուտինի՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրած եռակողմ համաձայնագիրը-խմբ․)։ Ուստի Ադրբեջանի կողմից խախտումներ չկան»,- ասել է նա։

16։35- Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հինգ անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բժշկական հաստատություններում։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից։ Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգներ չկան, երկրորդի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր։ [Գեղամ Ստեփանյան]

14։56- Մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Ֆրանսիայի, ՌԴ-ի, ԱՄՆ դեսպանատների մոտ: Նրանք պահանջում էին կիրառել բոլոր հնարավոր գործուն մեխանիզմներն ու արգելել Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումն ու էթնիկ զտումը: ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ցուցարարները հայտարարեցին. «Գիտեք՝ ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, հատկապես սրված է իրավիճակը վերջին մեկ ամսվա ընթացքում: Միջազգային հանրությունը պետք է բոլոր ջանքերը գործադրի՝ հերթական ցեղասպանությունը կանխելու համար»: |aravot.am|

11։19- Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում։ Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Փառուխ-Խրամորթ հատվածում մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ, և դա պետք է երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Հայկական մի քանի դիրքեր ետ են քաշվել, ՌԴ խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Ցավով ենք արձանագրում սա և այն, որ չնայած ՌԴ ՊՆ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարություններին՝ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի այսօրվա դրությամբ շարունակվում է։ [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]

10։27- Մարտի 30-31-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: ԱՀ իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերն՝ ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն: [Արցախի տեղեկատվական շտաբ]

10։07- ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել «House Democracy Partnership» հանձնախմբի նախագահ, կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ։ Դեսպան Մակունցը կոնգրեսականին է ներկայացրել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը և այդ կապակցությամբ ընդգծել ԱՄՆ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հետագա լարվածությունը զսպելու գործում։ 

02։27- ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ երկկողմ հանդիպում են ունեցել և քննարկել են քաղաքական և անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հարցերի ողջ շրջանակը՝ որպես երկու երկրների առաջնորդների՝ Բրյուսելում 2021թ. դեկտեմբերի 14-ին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումների շարունակություն։ Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում։ Անդրադարձ կլինի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցերի։

 

30․03․2022

20։55- Ադրբեջանական ԶՈՒ հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հինգ անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի Հանրապետության բժշկական հաստատություններում։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից։ Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգներ չկան, երկրորդի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր։ [ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյան]

18։13- Ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով խաթարվել է Խրամորթ և Փառուխ համայնքների բնականոն կյանքը, որի հետևանքով տուժել են ավելի քան 400 անձինք, այդ թվում կանայք, երեխաներ, տարեցներ։ Տեղահանված անձանց մի մասը ժամանակավոր տեղավորվել է հարազատների և բարեկամների բնակարաններում, մի մասն էլ Կառավարության կողմից ապահովվել է ժամանակավոր կացարաններով։ [Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան]

14։42- Արցախում Ազգային անվտանգության ծառայության կազմում կստեղծվի մարտական ստորաբաժանում, ինչը կնպաստի շփման գծի պահպանության գործում մարտական հերթապահությունների ընթացքում ծագող իրավահարաբերությունների կարգավորմանը: ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Նվեր Գասպարյանը:

10։12- Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է․

  • Մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված:
  • Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
  • Արցախի զինված ուժերը զուգահեռաբար իրականացնում են իրենց գործառույթները՝ շարունակաբար բարելավելով Հանրապետության պաշտպանական ամրություններն ու մեխանիզմները: 

 

29․03․2022

22։07- Այսօր ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը, Եվրոպական խորհրդարանում հանդիպումների ժամանակ ներկայացրել են Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Ներկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքներն և ագրեսիվ գործողությունները, կենսական ենթակառուցվածքները վնասելու քայլերը։

21։47- Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին հաղորդագրությունները մտահոգիչ են ու միևնույն ժամանակ ՄԱԿ-ը ողջունում է լարվածությունը նվազեցնելու ջանքերը եռակողմ ձևաչափում, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում առկա լարվածության մասին լուրերով: Մենք ողջունում ենք դեէսկալացիայի ջանքերը եռակողմ ձևաչափում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,- ասել է նա: Դյուժարիկը հավելել է, որ ՄԱԿ-ը «կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման», ինչպես նաև լուծել բոլոր հարցերը «ուղիղ երկխոսության միջոցով»։

21։06- Ադրբեջանն օգտվում է միջազգային մամուլի կենտրոնացումից Ուկրաինայի շուրջ՝ հարձակում գործելով Արցախի վրա: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր, բասկ քաղաքական գործիչ Ջոն Ինյարիտուն: «Ադրբեջանի զինված ուժերն արդեն մի քանի շաբաթ է՝ խախտում են հրադադարի մասին 2020 թ. նոյեմբերի համաձայնությունը։ Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի «սատրապ» Ալիևին»,- նշել է Ինյարիտուն։

19։04- Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ հենվելով երեք երկրների ղեկավարների՝ արդեն իսկ գոյություն ունեցող պայմանավորվածությունների վրա, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական սահմանի սահմազատման և սահմանագծման և տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ: Մենք ակտիվորեն կնպաստենք կողմերի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելուն։ [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] |1lurer.am|

17։46- Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Միրզոյանն անդրադարձել է ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմանը, Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ շարունակական հոգեբանական ճնշումների իրականացմանը և հումանիտար ճգնաժամի ստեղծանն ուղղված գործողություններին։ Ընդգծվել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հսատատված հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանն ներկայացրել է նաև հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ: [ՀՀ ԱԳՆ]

15։43- Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», հայտարարություն են տարածել, որում նշված է. «Մարտի 28-ին Արցախում վերականգնվել է Ադրբեջանի կողմից օրեր շարունակ արհեստականորեն խափանված գազամատակարարումը։ Գազամատակարարումը զուտ մարդասիրական հարց է, իսկ Ադրբեջանն այն օգտագործել է որպես Արցախի ժողովրդի վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու և ահաբեկելու միջոց։ Սակայն արցախահությունը, հերթական անգամ դրսևորելով քաղաքացիական բարձր պատասխանատվություն, կարողացել է հաղթահարել առկա իրավիճակը»։

14:56- Խրամորթի ու Փառուխի բնակիչների (շուրջ 200 երեխա, կին ու տարեց) տարհանման կազմակերպումից հետո հանձնարարել եմ արագորեն գնահատել տարհանված ընտանիքների կարիքները և ցուցաբերել առաջին անհրաժեշտության աջակցություն: Հանձնարարված է կարիքավոր ընտանիքներին ապահովել ժամանակավոր կացարաններով՝ մինչև իրավիճակի կարգավորումը և նրանց վերադարձը հայրենի տներ: Աշխատանքներ են տարվում նաև տարհանված երեխաների կրթության պատշաճ կազմակերպման ուղղությամբ: [ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյան]

14:54- Վերջին օրերին Հանրապետությունում ստեղծված որոշակի լարվածության ֆոնին հանրային լայն շրջանակները, չնայած ունեցած մտահոգություններին, շարունակում են պահպանել սառնասրտություն և հանգստություն: Մասնավորապես, դիտարկելով մարտի 24-29-ը մինչև ժամը 13:00-ն, քաղաքացիների ելքը և մուտքը Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն շարունակվել է բնականոն ու սովորական ռեժիմով՝ որոշակի փոքր տատանումներով: [Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանություն]

14:50- ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ Ալեն Սիմոնյանը բանավիճել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Իր ելույթի ժամանակ Սիմոնյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը։ Իր հերթին, Գաֆարովան հանդիպման եզրափակիչ մասի իր ելույթի ժամանակ խոսք է խնդրել՝ ներկայացնելու Բաքվի դիրքորոշումը։ «Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտման մասին տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը… »,-հայտարարել է Գաֆարովան։ Ի պատասխան՝ Սիմոնյանն ընդգծել է, որ «խախտումներ են արձանագրվել ոչ միայն ՀՀ, այլ նաև ՌԴ կողմից, որը երաշխավորն է այդ տարածքում»։ |factor.am|

13։22- Ադրբեջանի կողմից իրականացվող հումանիտար ահաբեկչությունն արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատության, հնչեցվել են գազամատակարարման վերականգնման բազմաթիվ կոչեր, իրականացվել համապատասխան քաղաքական և դիվանագիտական քայլեր։ Մեծ է նաև ռուս խաղաղապահ առաքելության դերակատարությունը։ Մենք երախտապարտ ենք բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, քաղաքական և հասարակական գործիչներին, ովքեր, հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին և բարոյականության նորմերին, համարժեք գնահատական են տվել Ադրբեջանի գործողություններին և ջանքեր գործադրել այս հումանիտար աղետը վերացնելու ուղղությամբ։ Մարդասիրական խնդիրների քաղաքականացումն անթույլատրելի է ու անբարոյական, ցանկացած նման փորձ մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին։ [ԱՀ ԱԳՆ]

12։03- Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրով: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում: |armenpress.am|

10։59- Մարտի 28-29-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ: Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում: Իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումների կատարումը: [Արցախի տեղեկատվական շտաբ]

00։11- Մարտի 28-ի ընթացքում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված: Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում, և օրվա ընթացքում դիրքային փոփոխություններ չեն արձանագրվել: Արցախի զինված ուժերը ձեռնարկել են նախազգուշական ու զսպող լրացուցիչ միջոցառումներ հատկապես Քարագլխի ուղղությամբ: [Արցախի տեղեկատվական շտաբ]

27․03․2022

22։21- ՀՀ Անվտանգության խորհուրդն այսօր կայացած նիստում քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն` այն գնահատելով խիստ լարված: Իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում ԼՂ ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ ՀՀ-ին մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ: ԱԽ-ն ստեղծված իրավիճակում հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել ՀՀ ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը և Ադրբեջանին առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ: [ՀՀ կառավարություն]

22։10- Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ մարտի 28-ի դրությամբ չեն արձանագրվել։ [ՌԴ ՊՆ]

19։25- Արցախում գազամատակարարումը վերականգնվում է․ տեղեկությունը հաստատեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Հարցին, թե ամբողջակա՞ն վերականգնման մասին է խոսքը, Արցախի ՄԻՊ–ը նշեց․ «Գիտեք, եթե խոսքը վերաբերում է մայր գազատարին, այսինքն՝ այս պահին անգամ որոշ մասերում չկա, ապա հերթով գալու է, այսինքն՝ հերթով վերականգնվելու է»։ Իսկ թե արդյոք խոսքն առհասարակ գազամատակարարման ամբողջական վերականգնման մասին է, Ստեփանյանը պատասխանեց․«Այո, ճիշտ եք հասկանում»։ |news.am|

18։33- Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նախարարը կարևորել է Ադրբեջանի ներխուժմանը ՌԴ համապատասխան գերատեսչությունների տված գնահատականը: Նախարարը ընդգծել է ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից կոնկրետ միջոցների ձեռնարկումը ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար:

17։30- Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ համանախագահ Իգոր Խովաևին: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Ընդգծվել է ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը։ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: Վերահաստատվել է ՄԽ համանախագահության լիարժեք աշխատանքների կարևորությունը։ [ՀՀ ԱԳՆ]

16:18- Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված գործընթացները շարունակվում են: Մենք պարբերական կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ, առաջին հերթին ՌԴ մեր գործընկերների հետ են մեր բանակցությունները: Մենք շարունակում ենք պնդել, որ կոնկրետ գործուն քայլեր պետք է ձեռնարկվեն, որ ադրբեջանցիները վերադառնան ելման դիրքեր: Այս պահին դիվանագիտական բոլոր խողովակները գործի են դրված՝ խնդրին հնարավորինս շուտ հանգուցալուծում տալու՝ թե ռազմական էսկալացիայի խնդիրը վերացնելու, թե Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հարցերը լուծելու համար: [ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան]

14։09- Ռուսաստանը անհրաժեշտ է համարում, որ բոլոր կողմերը պահպանեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին խաղաղապահների լրացուցիչ զորակազմ ուղարկելու հնարավորության մասին հարցը հարկավոր է ուղղել ՌԴ Պաշտպանության նախարարությանը: Ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը․ «Այդ հարցը պետք է տալ մեր զինվորականներին: Նրանք շփման մեջ են հայկական և ադրբեջանական կողմերի հետ: Այժմ գլխավորը բոլոր կողմերի կողմից համապատասխան պայմանավորվածությունների պայմանների կատարման շարունակությունն ապահովելն է»։ |armenpress.am|

12։32- Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում՝ արևելյան հատվածում հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Փառուխ գյուղն այժմ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում է։ Արցախի ԶՈՒ ջանքերի շնորհիվ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։ Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։ [Արցախի տեղեկատվական շտաբ]

12։16- Ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է, ինչը արտահայտված է կից ներկայացված քարտեզներում: Կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա և տրվեն մի շարք հարցերի պատասխաններ: [ՀՀ ԱԳՆ]

 

27․03․2022

22։50- Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ հերքելով ՌԴ ՊՆ-ին։ «Ադրբեջանական բանակի դիրքերը՝ Փառուխ գյուղում և դրան հարակից լեռնային շրջաններում, չեն փոխվել։ Այդ դիրքերից ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դուրսբերման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ։

20։25- Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ «բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն իր ստորաբաժանումները դուրս է բերել Փառուխ բնակավայրի տարածքից»։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ «Ասկերանի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել. փոխհրաձգության արդյունքում յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու անձ»։

15։50- Հունաստանը մտահոգություն է հայտնում ԼՂ-ում վերջին զինված միջադեպերի և զինվորական ստորաբաժանումների առաջխաղացման առնչությամբ: Կոչ ենք անում անհապաղ դադարեցնելու այդ գործողությունները, հետ քաշել ստորաբաժանումները դեպի ելման դիրքեր և հավատարիմ մնալ 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրին: [Հունաստանի ԱԳՆ] |armtimes.com|

15։04- Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-ը վերացրել է ԱՀ գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքները, և մարտի 29-ից Արցախում գազամատակարարումը կվերականգնվի։ Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հայտարարությունը կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն է։ Հայտնում ենք, որ բնական գազը մուտք է գործում Արցախի տարածք միայն մեկ գազատարի միջոցով՝ ՀՀ տարածքից, իսկ գազամատակարարող ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է: Ուստի, հաղորդագրության մեջ նշված ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը կամ դրա դուստր ընկերություն «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չեն կարող ունենալ Արցախ գազամատակարարման գործընթացի հետ։ Դա պարզապես տեխնիկական ու աշխարհագրական առումով էլ բացառվում է: [«Արցախգազ» ՓԲԸ]

12։24- Նամակը նպատակ ուներ ՌԴ նախագահի ուշադրությունը հրավիրելու Փառուխ գյուղի ու Քարագլուխ բարձունքի նկատմամբ իրականացված ագրեսիայի վրա, քանի որ այդ տարածքը ամբողջովին ՌԴ խաղաղապահների պատասխանատվության տակ է: Պետք է քննարկել նաև խաղաղապահ զորակազմի գործառույթների ու մեխանիզմների ընդլայնման հնարավորությունները, որ նրանք ունենան բոլոր անհրաժեշտ լծակները (այդ թվում՝ ռազմական) արդյունավետորեն երաշխավորելու Արցախի բնակչության անվտանգությունը: [ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյան]

10։41- ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերում քննադատական գրառումներ է արել ՄԱԿ-ի և ԵՄ պաշտոնյաների հասցեին։ «ՄԱԿ-ի գրասենյակը Ադրբեջանում և Վլադանկա Անդրեևան [ՄԱԿ-ի ներկայացուցիչը Ադրբեջանում- խմբ․] իրեն հյուրընկալածների հետ խնջույք է անում Շուշիում, երբ բլուրից մի քանի կիլոմետր ներքև՝ Ստեփանակերտում, հայերը ծանր վիճակում են։ Պատգամը տպավորիչ է՝ ՄԱԿ-ի աշխատակիցները տոնում են մարդասիրական ահաբեկչությունը և էթնիկ զտումները: Սրտխառնիչ է»։ |civilnet.am|

10։14- Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները՝ նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ, շարունակվում են: [Արցախի տեղեկատվական շտաբ]

00։03- Ադրբեջանի ՊՆ պնդմամբ՝ ՌԴ ՊՆ հայտարարությունը «միակողմանի» է․ «ՌԴ ՊՆ այս հայտարարությունը հակասում է երկկողմ հարաբերությունների էությանը և երկու երկրների միջև 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին։ Ադրբեջանը հավատարիմ է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը և չի խախտել դրա որևէ դրույթ։ Ցավոք, սույն հայտարարության 4-րդ կետի համաձայն՝ Ադրբեջանի տարածքից հայկական բանակի մնացորդների և անօրինական հայկական զինված խմբավորումների ամբողջական դուրսբերում դեռևս չի իրականացվել։ Ուստի հայտարարության դրույթները խախտում է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։

 

26․03․2022

23։15- Այսօր Արցախում ռազմական դրություն չի հայտարարվել, այն գործում է դեռ 1992 թվականից, այն ժամանակ առ ժամանակ երկրաձգվում էր 1 տարով, իսկ 2005 թվականից անժամկետ է դարձել: Այս պայմաններում, եթե անհրաժեշտություն է առաջանում, նախագահը որոշ գործողությունների հետ կապված հրամանագրեր է ստորագրում։ [Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյան] |news.am|

22։30- Ռուսաստանի արտգործնախարարությունը ծայրաստիճան մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ: Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի գծով երկու կողմերի հետ փոխգործողությամբ անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում տարածաշրջանում իրադրության դեէսկալացիայի համար։ ՌԴ ԱԳՆ-ն կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և ապահովել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ համաձայնությունների պահպանումը: [ՌԴ ԱԳՆ] |azatutyun.am|

22։03- Իսկապես, ես մեծ մտահոգությամբ եմ հետևել շփման գծում տեղի ունեցող վերջին միջադեպերին, խորապես վշտացած եմ նոր զոհերի մասին հաղորդագրություններից։ ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով ներգրավված է իրավիճակի դեէսկալացիայի և տեղում խաղաղ միջավայր վերադառնալու գործընթացում։ [Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը` Արցախում վերջին լարվածության վերաբերյալ] |factor.am|

21։29- ՀՀ ՊՆ-ում ընդունել են ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին: Ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն Արցախում Ադրբեջանի ԶՈւ իրականացված սադրանքի վերաբերյալ: Ընդգծվել է, որ Արցախի ՊԲ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդին հակազդելու ուղղությամբ: Նշվել է նաև, որ, չնայած Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների կողմից գործադրվող ջանքերին, իրավիճակի կայունացման ուղղությամբ տարվող բանակցությունները մինչ այժմ արդյունքի չեն հանգեցրել: [ՀՀ ՊՆ]

20։59- Մարտի 24-ից մարտի 25-ը Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, ԼՂ տարածք և ստեղծել դիտակետ։ Bayraktar-TB2 տիպի ԱԹՍ-ից չորս հարված է հասցվել ԼՂ զինված կազմավորումների ստորաբաժանումներին Փառուխ բնակավայրի տարածքում։ Ներկայում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերը իրենց նախնական դիրքերը վերադարձնելու համար։ Ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է ուղարկվել։ [ՌԴ ՊՆ]

20։04- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին․

  • սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը,
  • արգելվում են գործադուլները և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները,
  • կասեցվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը: [Արցախի տեղեկատվական շտաբ]

18։44- Մարտի 26-ին ադրբեջանական ԶՈւ-ն Փառուխ գյուղ ներխուժումից հետո շարունակել է տեղաշարժերն ու ագրեսիվ գործողությունները ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում՝ Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով: Արցախի ԶՈւ կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ զսպող գործողություններ՝ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Քանիցս տեղի է ունեցել փոխհրաձգություն և թշնամու դիվերսիոն բնույթի գործողությունները կասեցվել են: 17:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ, աշխատանքեր են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Շփման գծի մյուս հատվածներում իրավիճակը հանգիստ է: [Արցախի տեղեկատվական շտաբ]

17։22- Ողջունելի է, որ միջազգային հանրությունը, ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունների, այնպես էլ առանձին քաղաքական ու հասարակական գործիչների մակարդակով դատապարտում է Ադրբեջանի սադրիչ քայլերը՝ ուղղված լարվածության սրմանը և Արցախի բնակչության ահաբեկմանը։ Վստահ ենք, որ Ռուսաստանի խաղաղապահ ջանքերը և միջազգային հանրության հստակ ու համարժեք դիրքորոշումը՝ լրացված քաղաքական միջոցներով, կզրկեն Ադրբեջանին Արցախի բնակիչների իրավունքների համակարգված կոպտագույն խախտումները իր ներքին գործերի շարքին դասելու հնարավորությունից։ [Արցախի ԱԳՆ]

16։21- Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն և հասցեական քայլեր գործարկել Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու փորձերը կանխելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա, ինչպես նաև խաղաղապահ զորախումբը ադրբեջանական ստորաբաժանումները ելման դիրքեր վերադարձնելու հստակ պահանջ ձևակերպի և հրապարակի: Ակնկալում ենք նաև, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ և տեսանելի քայլեր ձեռնարկի իրադրությունը կարգավորելու, նոր զոհեր և մարտական գործողություններ թույլ չտալու համար: [ՀՀ ԱԳՆ]

15։39- Էդուարդ Աղաջանյանը նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցչին․ «Միջազգային խորհրդարանական գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ մինչդեռ միջազգային հարթակներում Ադրբեջանը հանդես է գալիս Հարավային Կովկասում իբրև թե խաղաղության հաստատման դիրքերից, գործողությունների մակարդակում Ադրբեջանը շարունակում է հոգեբանական, հումանիտար և ռազմական տեռորի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ որպես նպատակ ունենալով ամբողջությամբ հայաթափել Արցախը»։

15։16- Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությանը։ Գերատեսչությունը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, վերջին տարիներին «որևէ արդյունավետ քայլ չի ձեռնարկել՝ ուղղված Ադրբեջանի դեմ Հայաստանի գրեթե 30-ամյա ռազմական ագրեսիային վերջ տալուն»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդմամբ՝ «Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի հիման վրա և ապահովել ՄԱԿ ԱԽ բանաձևերի կատարումը»․ «Ներկայումս «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը գոյություն չունի, սակայն կան Արևելյան Զանգազուրի և Ղարաբաղի տնտեսական շրջանները, որոնք Ադրբեջանի կազմում են։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի՝ հայկական կեղծ քարոզչության հիման վրա նման հայտարարություն անելը անպատասխանատու է»,-նշված է հաղորդագրության մեջ։

15։04- Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մարտի 26-ին տեղի է ունեցել խաղաղ հավաք՝ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդրի լուծման պահանջով։ Կազմակերպիչները միջազգային հանրությանն ու կառույցներին կոչ են արել կանխել Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանությունն ու Արցախի հայաթափումը: Հավաքի մասնակիցները միաժամանակ կոչ են արել ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ հանուն փրկության ու անվտանգության: |armenpress.am|

14։01- Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Փառուխ գյուղում ու հարակից Քարագլուխ բարձունքի մի կողմում, իսկ քիչ առաջ այդ հատվածում անհաջող հարձակման փորձ են կատարել մեր մի զինված ստորաբաժանման ուղղությամբ: Երեկ այցելել եմ Խրամորթ գյուղ, այնտեղ իրավիճակը հարաբերականորեն հանգիստ էր, իսկ տրամադրությունը՝ պատշաճ: Ռուս խաղաղապահների հենակետերը շարունակում են գործել Փառուխում և Խրամորթում, և ռուսական կողմը զգալի ջանքեր է գործադրել իր պատասխանատվության տակ գտնվող տարածքում հրադադարի ռեժիմի ապահովման ուղղությամբ: [Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյան]

13։24- Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը՝ ԱՀ ՊԲ ստորաբաժանումների դիվերսիոն գործողությունների փորձի վերաբերյալ, բացարձակ սուտ է, որը սեփական սադրանքները կոծկելու պարզունակ նպատակ է հետապնդում: [ԱՀ ՊՆ]

13։07- ԱՀ Անվտանգության խորհրդի երեկ կայացած նիստում որոշում է կայացվել պաշտոնական գրությամբ դիմելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ելնելով Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից․ «Արցախի ժողովրդին անհրաժեշտ են անվտանգության պայմաններ, որպեսզի բնակվենք մեր պատմական հողում ու զբաղվենք պատերազմի վերքերի բուժմամբ։ Բայց Ադրբեջանի նախահարձակ գործողությունները հնարավոր չեն դարձնում զբաղվել խաղաղ առօրյայով, ուստի գտնում ենք, որ անհրաժեշտ են անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ»։

12։56- ՀՅԴ-ն հայտարարում է, որ այս ծանր օրերին անհրաժեշտ է համազգային ուժերով ամենուրեք դիմադրել Ադրբեջանի և Թուրքիայի հակահայ քաղաքականությանը: Անհրաժեշտ է.
ա) Դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին՝ պահանջելով չանտեսել Արցախի և ՀՀ դեմ Ադրբեջան-Թուրքիա դաշինքի հակահայ քաղաքականությունն ու քայլերը։
բ) Ադրբեջանի և Թուրքիայի դեմ բողոքի տարաբնույթ գործողություններով քաղաքական շրջանակների և հանրային կարծիքի ուշադրությունը հրավիրել նոր թափ առած հակահայ այս քաղաքականության վրա։
Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմից պահանջում ենք ապահովել թշնամի ուժերի՝ իրենց ելման կետեր վերադարձը և խաղաղության պահպանումը։

12։08- Այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել ԱՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Ձեռնարկվում են քայլեր՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ: [ԱՀ ՊՆ]

11։09- ԱՄՆ-ն խորապես մտահոգված է ադրբեջանական զորքերի տեղաշարժով։ Զորքերի տեղաշարժերը և էսկալացիոն այլ միջոցառումներն անպատասխանատու են և անհարկի սադրիչ։ Հայաստանին և Ադրբեջանին ուղղակի անհրաժեշտ է օգտագործել ուղիղ կապի միջոցներ՝ անհապաղ դեէսկալացիայի համար։ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, խորապես հավատարիմ է կողմերի հետ աշխատելու՝ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հասնելու համար։ [ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթեր] |armenpress.am|

10։30- Ֆրանսիան մտահոգ է ԼՂ-ում զորքերի տեղաշարժման մասին լուրերով և կոչ է անում ուժերին վերադառնալու 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության շրջանակներում համաձայնեցված դիրքեր: Ֆրանսիան նաև մտահոգություն է հայտնել ԼՂ բնակիչներին գազամատակարարման խափանումների առթիվ և կոչ արել վերականգնելու մշտական գազամատակարարումը։ [Ֆրանսիայի ԱԳՆ] |1lurer.am|

10։17- ԱՀ ՊՆ-ն ներկայացնում է սահմանին տիրող իրավիճակը՝ ժամը 09։00-ի դրությամբ․

  • Մարտի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
  • Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները՝ նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ, շարունակվում են:
  • Մարտի 25-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած ՊԲ զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, մեկ զինծառայողի վիճակը միջին ծանրության է, ևս տասներկուսինը՝ բավարար:

 

25․03․2022

23։29- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը վարչապետը գնահատել է լարված։ Վերջինս հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին և ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի ԶՈՒ ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը։ Ղեկավարները պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ [ՀՀ կառավարություն]

21։40- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում նոր մարտական գործողությունների մասին հաղորդագրություններով: Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման, և լուծել բոլոր խնդիրները, այդ թվում՝ մարդասիրական բնույթի, ուղղակի երկխոսության միջոցով՝ գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում։ [ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկ] |tass.ru|

21։23- Մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես`Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.): [Արցախի ՊՆ]

20։37- Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Նա նշել է, որ վերջին օրերին Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել, քանի որ ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքի միջոցով ապակայունացնում է իրավիճակը: [ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն]

18։51- Այս պահին ճշտված տեղեկություններով 14 անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ։ 10-ը անձանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է թեթև, 1-ը՝ միջին ծանրության, 1-ը՝ ծանր, 2 անձանց վիճակը ծայրահեղ ծանր է։ Վիրավորների հետ ունեցած առանձնազրույցներից պարզվել է, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերը արձանագրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով։ [Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան]

16։02- Էդուարդ Աղաջանյանը Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հետ հանդիպմանը ընդգծել է Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ բանաձևերն ու կոչերը: Աղաջանյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը:

15։48- Կան հարցեր և հարցադրումներ առ այն, թե արդյոք հնարավոր է, որ սա տեղի է ունենում ադրբեջանցիների և խաղաղապահների միջև որոշակի պայմանավորվածությունների արդյունքում: Ես անձամբ չէի ուզի այդպես կարծել և որևէ հիմք կամ նույնիսկ ցանկություն չունեմ այդ ուղղությամբ մտածել, բայց ,կարծում եմ, որ սա ևս մի խնդիր է, որը պետք է փարատվի մեր ռուս գործընկերների կողմից կոնկրետ գործողությունների գործադրման արդյունքում, որի հետևանքով ադրբեջանական զինված ուժերը կվերադառնան ելման դիրքեր և այս լարվածությունը կնվազի: Դրա արդյունքում ,կարծում եմ, որ մեր հանրության ընկալումները կփոխվեն և նշվածս կասկածները կամ մտավախությունները կփարատվեն։ [Էդուարդ Աղաջանյան] |armenpress.am|

15։32- Չնայած բարձրագույն մակարդակի բանակցություններին՝ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմին հաջողվել է այս փուլում միայն դադարեցնել Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի հատվածում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը և նրանց կողմից տարբեր տրամաչափի զենքերից իրականացվող կրակոցները: Սակայն, միևնույն ժամանակ, ընդգծում ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմին չի հաջողվել լուծել իր առաքելության շրջանակում գտնվող հիմնական խնդիրը, քանի որ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ու հարակից տարածքներ ներխուժած ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ տեղերում: [Արցախի տեղեկատվական շտաբ]

15։21- Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախում իրավիճակի սրացման և գազատամակարարման խափանման վերաբերյալ հայտարարություն է տարածել։ Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի Փառուխ գյուղ ներխուժմանն՝ Ադրբեջանի ԱԳՆ նշել է․ «Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ տարածաշրջանում հստակեցվում են դիրքերն ու տեղակայման կետերը, հիսթերիայի առիթներ չկան»։ Արցախում գազի մատակարարման խափանման վերաբերյալ գերատեսչությունը հայտարարել է, որ «գազամատակարարման հետ կապված խնդիրը կապված է եղանակային բարդ պայմանների հետ»։

15։17- Մարտի 24-25-ի իրադարձությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները գտնվել են ՌԴ պատասխանատվության գոտում. ակնկալում ենք ռուս գործընկերներից հստակ պատասխաններ, թե ինչի արդյունքում են այդ իրադարձությունները տեղի ունեցել: Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացում է արցախահայության իրենց հայրենիքում ապրելու իրավունքից զրկելու քաղաքականություն, և տեղի ունեցողը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման հերթական դրսևորում է, որին ականատես ենք լինում հակամարտության մեկնարկից ի վեր: [ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյան] |armenpress.am|

14։56- Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է: 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ: [ԱՀ ՊԲ]

14։30- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժմանը։ [ՀՀ ԱԳՆ]

14։18- Այս իրադրությունը հիշեցնում է 2020թ․ դեկտեմբերի Խծաբերդի հայտնի դեպքերը, որը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությամբ նույնպես խաղաղապահների պատասխանատվության գոտի էր: Բայց մինչև օրս այդ հատվածում խաղաղապահների գործողությունների կամ անգործության մասին նույնպես պատասխաններ չունենք: Այս պահին կարող ենք ասել, որ գործողությունները ավելի խոսուն են, քան բառերը, որովհետև մենք չեն տեսնում, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումներին իր պատասխանատվության գոտուց դուրս մղելու գործողություններ կատարում է: [ՔՊ խմբ․ պատգամավոր Արման Եղոյան]

14։10- Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Զրուցակիցներտ քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման և Անդրկովկասում անվտանգության պահպանման ուղիները։ [ՌԴ ՊՆ]

14:01- Աշխատանքային ժամերը սկսվելուց անմիջապես հետո մեր միջամտության արդյունքում 15 րոպեի ընթացքում այն (Ուկրաինայի ռադայի գրառումը- խմբ․) ջնջվել է։ Այս մասին հայտնել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը։ Նա նշել է, որ հարցը քննարկել են Ուկրաինայի բոլոր պատկան մարմինների հետ և այն համարում ենք փակված։ Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադան (խորհրդարանը) թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել Արցախում՝ օգտվելով այն բանից, որ «ռուս զինվորականները մեկնել են Ուկրաինա»։ Խորհրդարանը հղում է կատարել «Новини Збройних сил» տելեգրամյան ալիքին, որտեղից, սակայն, արդեն ջնջվել է հաղորդագրությունը` Արցախում ադրբեջանական ԶՈՒ հարձակման մասին։

13:38- Մարտի 24-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը ՄԻԵԴ է ներկայացրել միջանկյալ հրատապ միջոց կիրառելու մասին պահանջ՝ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջին շրջանում Արցախի բնակչության նկատմամբ թույլ տված խախտումների առնչությամբ։ Պահանջվել է Ադրբեջանին պարտավորեցնել դադարեցնել սպառնալիքները, կրակահերթերը և վերականգնել բնական գազի մատակարարումը։

13:33- ԱՀ իշխանությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են: Գործադրվում են բոլոր ջանքերը, որ ռուսական կողմն իր առաքելության շրջանակում բոլոր մակարդակներում համապատասխան միջոցներ կիրառի՝ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատված ներխուժած ադրբեջանական զորքին ելման դիրքեր վերադարձնելու համար: Դրան զուգահեռ՝ Արցախի զինված ուժերը լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում հարակից գյուղերի անվտանգությունն ապահովելու նպատակով: [Արցախի տեղեկատվական շտաբ]

12:57- Ճշտված տեղեկություններով այսօր գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել ՊԲ հինգ պայմանագրային զինծառայող: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ [ԱՀ ՊՆ]

10:59- Լեռնային Ղարաբաղի՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում, երեկ մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է: Ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները նախորդ գիշեր կրակ են բացել ՊԲ հենակետերի ուղղությամբ: Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ: Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի ԶՈՒ ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար, ինչը պիտի նշանակի ադրբեջանական ստորաբաժանումների վերադարձ մարտի 23-ի ելման դիրքեր: [ՀՀ ԱԳՆ]

10:24- Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։ Ժամը 09։00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ [ԱՀ ՊՆ]

09:47- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ զրույցում ներկայացրել է Ադրբեջանի կողմից ԼՂ շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։ [ՀՀ ԱԳՆ]

 

24.03.2022

23:46- Այս ներխուժումը ևս մեկ վկայությունն է այն փաստի, որ շաբաթներ տևող Խրամորթի ու մյուս գյուղերի խաղաղ բնակչության թիրախավորումը չտվեց իր ցանկալի արդյունքը՝ մարդիկ չլքեցին իրենց բնօրրանը, ուստի, Ադրբեջանը կիրառեց իր փորձված վարքագիծը՝ դիմեց սադրանքի։ Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հանցավոր վարքագիծն ու կոչ անում մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին գործել՝ դադարեցնելու Արցախի բնակչության դեմ ուղղված ցեղասպան այս քաղաքականությունը։ [ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյան]

23:29- Սուրեն Պապիկյանը Սերգեյ Շոյգուին ներկայացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու, և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ։ Նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։ Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ դրա խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։ [ՀՀ ՊՆ]

22:49- ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց են ունեցել։ Նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և իրավիճակը Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որտեղ ռուս խաղաղապահները առաջադրանքներ են կատարում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ [ՌԴ ՊՆ]

22:16- Ադրբեջանը բացահայտ, հրապարակային կոնկրետ էթնիկ խմբի ոչնչացման, տեղահանման և հայրենազրկման «վարպետաց դաս» է տալիս աշխարհին, որը նույնիսկ զլանում է դատապարտող հայտարարություն անել: Այդ է պատճառը, որ Ադրբեջանը գրեթե ամեն օր զարգացնում է իր զինանոցը և հանցանքի կատարման գործիքներն ու միջոցները։ Միջազգային հանրության հարգելի ներկայացուցիչներ, փաստերն ու վկայություններն առավել քան բավարար են գործի դնելու ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները կանխելու և դադարեցնելու համար ձևավորված «պաշտպանելու պատասխանատվության» նորմը, ճանաչել Արցախի Հանրապետությունը ու փրկել Արցախի հայությանը էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկվելուց: [Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան]

21:43- Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահ զորքերը, որոնց պատասխանատվության գոտում է տեղի ունենում սադրանքը, միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր և անշեղորեն պահպանեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում հստակ գնահատական հնչեցնել խաղաղության գործընթացը ձախողելուն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների կապակցությամբ և աջակցել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերին: [ՀՀ ԱԳՆ]

21:16- Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։ [Արցախի տեղեկատվական շտաբ]

20:20- Խրամորթում Պաշտպանության բանակի զինծառայողները պատրաստ են դիմակայելու Ադրբեջանի հնարավոր սադրանքներին, տեղի բնակիչները ևս ինքնապաշտպանական ջոկատ են ստեղծել․ այս մասին հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակից Հայկ Ղազարյանը Խրամորթից։ Ըստ Ղազարյանի՝ ադրբեջանցիները Փառուխ գյուղի ուղղությամբ առաջ են շարժվել։ «Եթե բարձունքները վերցնեն, դրանք գերակա դիրք ունեն հարակից գյուղերի՝ Նորագյուղի, Խնաբադի նկատմամբ»։ |civilnet.am|

19:36- Ռուս խաղաղապահներն այժմ բանակցում են գյուղ մտած ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին ասաց Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրի համայնքապետ Վարդան Միքայելյանը։ «Չենք կարողանում մոտենալ գյուղին, որ հասկանանք՝ ինչ է կատարվում, գյուղից 3-4 կմ հեռավորության վրա ենք։ Միայն գյուղն են գրավել, կրակոցներ չեն հնչել, բոլորը տարհանվել են»։ Նրա խոսքով՝ չգիտի՝ ադրբեջանցիները առաջ են շարժվում, թե ոչ։ Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք ու երեխաները ևս տարհանվել են։ Խրամորթի վարչական ղեկավար Զորիկ Աբրահամյանը միայն ասաց՝ «վիճակն էն չի»։ |factor.am|

19:24- Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում: Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: [Արցախի տեղեկատվական շտաբ]

19:21- Ռուսաստանը կապի մեջ է երկու կողմի (Հայաստանի և Ադրբեջանի- խմբ․) հետ էլ։ Մենք կոչ ենք անում ինչքան հնարավոր է շուտ լուծել գազի մատակարարման խնդիրը։ Համապատասխան աշխատանքներ են տարվում ՌԴ ԱԳՆ-ի, ՊՆ-ի, Էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ»-ի կողմից։ Մենք ելնում ենք նրանից, որ չի կարելի սրել առանց այն էլ դժվարին հումանիտար իրավիճակը․ հասարակ բնակիչները չպետք է տուժեն։ [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա]

18:17- Խրամորթում այս րոպեին շատ լուրջ իրավիճակ է: Այս մասին հայտնեց համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել։ «Մի խոսացրեք էլի, էս րոպեին ես կարևոր բան պետք է անեմ ժողովրդի հետ։ Էս րոպեին շատ լուրջ է իրավիճակը։ Ես պետք է գործ անեմ։ Խնդրում եմ, մի ընդհատեք, ճակատագրական հարց է», – ասաց Աբրահամյանը։ |azatutyun.am|

17:31- Մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները: Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է: [Արցախի տեղեկատվական շտաբ]

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն