Կառավարությունը հավանություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկություններին։
Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց․
««Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 29-րդ հոդվածի 7.1-ին մասը, որով սահմանվում է Երևանի ավագանու նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը: Այս կետը համարում ենք անընդունելի հետևյալ պատճառաբանությամբ.
Երևանի ավագանու նիստը հրապարակային է, դրանք առցանց հեռարձակվում են Երևանի պաշտոնական համացանցային կայքում:
Օրենքով ավագանու նիստերին մասնակցելու և ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակի հստակ ամրագրումն ինքնանպատակ չէ, այլ ուղղված է ավագանու նիստի բնականոն ընթացքի ապահովմանը, ինչը կարող է խոչընդոտվել ավագանու նիստերին մասնակցության մուտքը ցանկացած քաղաքացու համար ազատ լինելու դեպքում»։
Նա նաև նշեց․ «Ենթադրենք Երևան քաղաքի մեկ միլիոն չափահաս բնակչից հազարը այդ օրը ցանկանա մասնակցել նիստին, ու սահմանափակում չլինի, մենք խնդիրներ կունենանք, ավագանու բնականոն նիստը չի կայանա։
Այդ պատճառով կա հետևյալ կարգավորումը․ ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ ավագանու նիստերին կարող են մասնակցել միայն համայնքի ավագանու կողմից հրավիրված լինելու դեպքում։
Հաշվի առնելով թե՛ անվտանգությունը, թե՛ նիստի բնականոն ընթացքը՝ մենք այս առաջարկը մերժում ենք»։
Ըստ Պապիկյանի՝ նախագծով ներկայացված առաջարկը՝ լրագրողների՝ նիստերին մասնակցելու վերաբերյալ մասամբ է բավարարվել։ Թույլատրվել է հետևյալը․ «Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս իրավունք ունեն ներկա գտնվելու ավագանու հրապարակային նիստերին՝ ավագանու նիստերի դահլիճին անմիջապես կից առանձնացված տեղում, որտեղից ուղղակիորեն տեսանելի և լսելի է ավագանու նիստը»,- ասաց նա։
Սուրեն Պապիկյանը նաև հիշեցրեց, որ նախորդ տարի փոփոխություն էր տեղի ունեցել, ըստ որի՝ լրագրողների համար սենյակ էր հատկացվել՝ հագեցած տեխնիկայով, և լրագրողների մուտքը ավագանու նիստերի դահլիճ, ըստ էության, կասեցվել էր։ «Այս պարագայում Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերները հնարավորություն են ստեղծում լրագրողների համար՝ ներկա լինելու նիստերին դահլիճին կից, փոքրիկ հարթակով առանձնացված տեղում»,- նշեց նախարարը։
Իսկ նախագծի վերջին կետը, որով առաջարկվում է վերացնել Երևանի քաղաքապետի՝ Երևանի քաղաքապետարանում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաև Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում մամուլի ասուլիսների, ճեպազրույցների անցկացման կարգերը սահմանելու լիազորությունը, կառավարությունը համարեց ընդունելի: