tert.am: Խորհրդականս պարզել է, որ «Այբ» հիմնադրամում մեծ պրոբլեմներ կան, ուսումնասիրությունները հանձնել ենք իրավապահներին։ Այս մասին այսօր Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանին։

Պատգամավորը հիշեցրեց նախարարի 2 տարի առաջ արված ֆեյսբուքյան գրառումը, որտեղ Արայիկ Հարությունյանը նշել էր, որ «Այբ» հիմնադրամը և այդ դպրոցի հիմնադիրներից Տեր Մեսրոպ քահանա Արամյանը կրթությանը ամենաշատ վնաս են հասցրել․ «Խոստացել էիք «Այբ»-ում աուդիտ անել, արդյոք կայացե՞լ է աուդիտը»,- հարցրեց Աննա Կոստանյանը։

«Տիկին Կոստանյան, մեր հարցուպատասխանները սերիալի են նմանվում։ Ես կփորձեմ այնպես անել, որ այդ սերիալը որակով լինի, կխնդրեմ նույն էլ դու անեք։ Այո, ես Տեր Մեսրոպի գործունեության հետ կապված արել եմ քաղաքական հայտարարություն։ «Այբ»-ի գործունեության հետ կապված, ես չգիտեմ, զուգադիպել է ձեր հարցը, թե ոչ, գուցե դատախազությունում նաև աղբյուրներ ունեք։ Ես նոր խորհրդական ունեմ, որը ուժային կառույցներում աշխատանքի բավականին մեծ փորձ ունի և նմանատիպ գործերը քննելն իրեն եմ հանձնարարել։ Վերջերս նա զեկուցեց, որ իսկապես այդտեղ մեծ պրոբլեմներ կան, թեպետ, նախկինում էլ ուսումնասիրվել էր։ Հիմա համապատասխան մարմիններին ենք դա հանձնել»,- նշեց Արայիկ Հարությունյանը։