Ենթարկելու եմ պատասխանատվության․ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի նախկին տնօրենը՝ infocom․am-ի լրագրողի ուսուցիչ ծնողին
18:24 - 10 փետրվարի, 2020

Ենթարկելու եմ պատասխանատվության․ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի նախկին տնօրենը՝ infocom․am-ի լրագրողի ուսուցիչ ծնողին

2020 թվականի փետրվարի 7-ին infocom.am-ի լրագրող Արփի Ավետիսյանը հարցում է ուղարկել «Արդշինբանկ» ՓԲԸ՝ տեղեկանալու, թե ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության նախկին պետ Արմեն Գարեգինի Աշրաֆյանը ներկայումս ի՞նչ պաշտոն է զբաղեցնում «Արդշինբանկ» ՓԲԸ-ում։

Արմեն Աշրաֆյանը Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանի հայրն է։ Արդեն նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանն այսօր առավոտյան այցելել է թիվ 19 դպրոց և նույն դպրոցի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Սահակյանին, որը հարցում ուղարկած լրագրողի՝ Արփի Ավետիսյանի մայրն է,  սպառնացել է պատասխանատվության ենթարկել աղջկա գործունեության համար։

Տեղի ունեցածի մասին զրուցել ենք Սուսաննա Սահակյանի հետ․

«Երրորդ դասաժամից հետո ներս մտա ուսուցչանոց, քանի որ ինձ մոտ ազատ ժամ  էր, որոշեցի տետրեր ստուգել։ Այդ պահին ուսուցչանոցում էր դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը և ուսմասվարներին հարցնում էր , թե որքան բացակա կա դպրոցում, ուսմասվարներն էլ իրեն հաշվետվություն էին տալիս։ Շրջվեց, տեսավ որ այդտեղ եմ, ասեց՝ «Ընկեր Սահակյան, ես Ձեզ հետ անձնական բնույթի խոսակցություն ունեմ», բայց այդ անձնական բնույթի խոսակցությունը տարվեց հրապարակավ՝ ուսուցչանոցում։ Եվս 3 հոգի կային՝ ուսմասվարները և ռուսաց լեզվի ուսուցչուհին։

Հարցրեց՝ Արփի Ավետիսյանը Ձեր աղջի՞կն է։ Արփի Ավետիսյանը ի՞նչ գործ ունի իմ ընտանիքի անդամների հետ։ Ասում եմ՝ ի՞նչ գործ ունի։ Ասում է՝ չգիտեմ, հարցումներ է անում, հետաքրքրվում է, թե ով որտեղ, ինչ է աշխատում։ Ենթադրենք իմ հայրը դռնապան է, դա իր ինչ գործն է։ Ասեցի՝ եթե Արփի Ավետիսյանը հետաքրքրվում է, ուրեմն իր աշխատանքի բնույթն այնպիսին է, որ ինքը իրավունք ունի հետաքրքրվելու, իսկ ես Ձեր ընտանիքով ընդհանրապես չեմ հետաքրքրվում, որովհետև ինձ բացարձակ հետաքրքիր չի Ձեր ընտանիքը։

Ասաց՝ այդ դեպքում ես խնդրում եմ Արփիին  ասել, որ իմ ընտանիքի հետ գործ չունենա, իսկ ես երկուսիդ ենթարկելու եմ պատասխանատվության, դիմելու եմ ոստիկանություն։

Ես նշեցի, որ եթե Արփի Ավետիսյանի հետ հարց ունեք, պարզեք իր հետ, ես իմ աղջկա գործերին չեմ խառնվում, ինքն էլ իմ գործերին։ Ինքը թե՝ լկտիությունը հասել է իր գագաթնակետին։ Ասեցի՝ իսկ Դուք  գիտե՞ք այդ բառի իմաստը։ Ասեց՝ այո գիտեմ, ասեցի ՝ Դուք մե՞ր մասին էիք խոսում, Դուք կարո՞ղ եք պատասխան տալ, ես էլ Ձեզ եմ պատասխանատվության ենթարկելու»,- մասնավորապես նշեց տիկին Սահակյանը։

Տիկին Սահակյանը երկար տարիներ է աշխատում է Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում։ Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ խնդիրներ է արձանագրել այս ընթացքում։ 

«Ճիշտն ասած, մինչ օրս ես որոշել եմ չեզոք մնալ, որովհետև մտածել եմ, որ ամեն ոք չի, որ ուզում  է բարձրաձայնել դպրոցում առկա խնդիրները և, երբ սա դարձավ հրապարակային քննարկման թեմա, ես ինքս որևէ սոցիալական ցանցում չկամ, բայց տեղյակ եղա դպրոցի ներքին խոհանոցին և շատ ցավ ապրեցի, երբ իմացա դրանք ,որովհետև ես չգիտեի, որ դպրոցը այդքան մեծ ֆինանսավորում ունի։

Նման ֆինանսավորում ունենալու դեպքում մենք իսկապես կարող էինք տեխնիկապես զինված կաբինետներ ունենալ, էլ ավելի ստեղծագործաբար մոտենալ մեր աշխատանքին, որովհետև մինչև հիմա, ինչ դասեր էլ որ եղել են  նոր մեթոդներով, եղել են ուսուցիչներիս  համառ, տքնաջան աշխատանքի շնորհիվ։  

Կարծում եմ, որ բարձր դասարաններում ուսման նկատմամբ անտարբերությունը դրանց միջոցով կհարթվեր։ Երբ նախկին տնօրենը ինձ հարցրեց՝ ինչ ունեք իմ դեմ, ես պատասխանեցի, որ ոչինչ չունեմ։ Այնպես, ինչպես հանրապետության բոլոր քաղաքացիներն են տեղյակ այս գործերից, այդքանով էլ  ես՝ որպես երկար տարիներ այս դպրոցում աշխատող  և դպրոցի համար մտածող, որպես ՀՀ քաղաքացի, իրավունք ունեմ իմ կարծիքը արտահայտել։ Ես ասում եմ՝ այո՛, ես կարծում եմ, որ կարող էինք ավելի լավ աշխատել։ Երբ ծանոթացա հաստիքացուցակին, տեսա, որ այնտեղ աշխատողներ ունենք գրանցված, որ մենք չունենք, ես այսօր ինձ իրավունք վերապահեցի այս հարցերն ուղղել, բայց որևէ սպառիչ պատասխան չստացա։ Ընդհակառակը, ասաց, որ տարիներ շարունակ դպրոցը քաղաքապետարանից և անձամբ տնօրենը շնորհակալություն են ստացել այդքան գումար տնտեսելու համար։

Այդ գումարը կարող էր չտնտեսվել  և նպատակային գործածվել, եթե իրոք այն տնտեսվել է։ Ես չգիտեմ, թե քաղաքապետարանում սա ինչպես է կարգավորվում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել