Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.04․20 (թարմացվող)
00:55 - 17 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.04․20 (թարմացվող)

23։53- Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ ՀՀ տարածք մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը կրճատվել են։

Կարգավորմամբ՝ առանձնահատուկ դեպքերում ՀՀ տարածք մուտք գործելու արգելքից բացառություն կարող էր արվել առողջապահական, տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքների առկայության, ինչպես նաև պաշտոնական այցերի դեպքում կամ հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականներին:

Այսօրվա որոշման համաձայն՝ հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականների մուտքը արգելվելու է։


23։35- Ոստիկանության 8 աշխատակից կա, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուս։  Նաեւ ոստիկանության այդ ծառայողների շրջապատն է մեկուսացված։ Ինչպես առողջապահության նախարարությունն է իրականացնում իր բժշկական հետաքննությունը, նույն կերպ մենք փորձում ենք շփման շրջանակին մեկուսացնել, դրանից հետո նաեւ ստուգման ենթարկել, որպեսզի այս համավարակը իր տարածումը չգտնի ոստիկանության ստորաբաժանումներում։ [ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյան] |news.am|


23։21- Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը Լոռիում ավելացավ ևս 1-ով: Այսօրվա դրությամբ վարակվել է 10 անձ, ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 9-ը, 1-ը բուժվել և տուն է վերադարձել: Համապատասխան ցուցումները չպահպանելու դեպքում այս թվերը կարող են աճել:
Մնացեք տանը, պահպանեք պարետի ցուցումները: Առողջ եղեք։ [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]


22։40- ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սույն թվականի ապրիլի 9-13-ն իրականացրել է ՀՀ-ում ալկոգել արտադրող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում, ինչի արդյունքում պարզվել է հետևյալը.

Թվով 20 տնտեսվարող սուբյեկտների արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում: [ՇՎՏՄ]


22։23- Մեկուսացումից դուրս է եկել շուրջ 1500 մարդ:


20:36- Ապրիլի 15-ին պարետատան կազմակերպած երկրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը: Հայաստան են բերվել ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական զգեստ, 24 000 բժշկական դիմակ, 20 000 KN95 պաշտպանիչ դիմակ, 101 հեռահար ջերմաչափ, բժշկական գործիքներ, բիոքիմիական հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար:

Խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) կողմից, Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների, Իմ քայլը հիմնադրամի, Իզմիրլյան հիմնադրամի, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան, Սուրբ Սարգիս Մարդասիրական Հիմնադրամի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և այլ դոնորների տրամադրած ֆինանսական միջոցներով:

Ինքնաթիռով փոխադրվել են նաև ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, ինչպես նաև չինացի բարերաների նվիրաբերած բժշկական պարագաներ և սարքավորումներ: [Տիգրան Ավինյան]


20:33- Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ հնարավորություն կա օգտվելու Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից։ Ըստ «Բելավիա» ընկերության պաշտոնական կայքի, այս պահի դրությամբ առկա են ապրիլի 24-ի և դրանից հետո ընկած ժամանակահատվածի համար նախատեսված թռիչքների տոմսեր։

Սույն հայտարարությունը կրում է տեղեկատվական բնույթ և Իտալիայում ՀՀ դեսպանությունը պատասխանատվություն չի կրում փոփոխվող հանգամանքների պատճառով Հռոմ-Մինսկ-Երևան թռիչքի հնարավոր չեղարկման համար։ [Իտալիայում ՀՀ դեսպանություն]


20:27- Կրկին խնդրում և հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ զերծ մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվելուց և առաջիկա չվերթին սպասել այլ վայրերում։ Կոչ ենք անում կեցության խնդիր ունեցող քաղաքացիներին օգտվել դեսպանության կողմից հատկացված հյուրատներ տեղափոխվելու հնարավորություններից։ [Ռուսաստանում Հայաստանի դեպանություն]


19:50- Օրվա ընթացքում փորձանմուշ է վերցվել 11 քաղաքացուց, ուղարկվել ՀՀ հետազոտության. արդյունքները հայտնի կլինեն վաղվա ընթացքում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Այս պահի դրությամբ, հանրապետությունում նոր օջախներ չեն ձևավորվել։

Թեստավորված անձանցից 9-ը Արցախում արձանագրված վարակակիրների հետ առնչված քաղաքացիներ են՝ բուժանձնակազմ և ոստիկանության մեկ աշխատակից, որոնց թեստավորել են ապահովության նկատառումներով, 2-ը՝ Քաշաթաղի բուժմիավորումում նոր կորոնավիրուսով հաստատված երկու քաղաքացիներն են, որոնց թեստավորման երեկվա արդյունքը բացասական է եղել։ Դուրսգրումից առաջ, ըստ ԱՀԿ հաստատած ընթացակարգերի, ևս մեկ թեստավորում է արվել: [ԱՀ ԱՆ]


19:30- Գերմանիան COVID-19-ի կանխարգելման նպատակով առայժմ ևս 30 օրով կերկարացնի երրորդ երկրներից դեպի ԳԴՀ ոչ խիստ անհրաժեշտ ճամփորդությունների համար գործող սահմանափակումները: Գերմանիան, ինչպես եվրոպական մյուս պետությունները, կշարունակի կիրառել Շենգենյան գոտի մուտք գործելու վերաբերյալ 2020թ. մարտի 17-ին պետությունների և կառավարությունների ղեկավարների ընդունած սահմանափակումները առայժմ մինչև 2020թ. մայիսի 15-ը: ԳԴՀ տարածք մուտք գործած անձանց նկատմամբ կկիրառվի կարանտին:

ՀՀ այն քաղաքացիները, որոնք կենում են Գերմանիայում, և որոնց վիզայի կամ կացության թույլտվության ժամկետը լրանում է, պետք է նախապես կապ հաստատեն օտարերկրացիների հարցերով իրավասու մարմնի հետ։ [Հայաստանում Գերմանիայի դեսպանություն]


19:05- Նախարար Զարուհի Բաթոյանը վստահեցրել է, որ համանդամություն ունեցող անձինք շարունակելու են համապատասխան թոշակ ստանալ, քանի դեռ կարանտինում են: Ըստ Բաթոյանի, եթե հրատապ փորձաքննության կարիք լինի, դա էլ է արվում, ոչ մի աշխատանք կասեցված չէ: 


18:20- Մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվի մուտքերը, ապրիլի 16-ի ժամը 17։00-ի դրությամբ, կազմել են 967 մլն 936 հազ. 232,2 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3736։ [ՀՀ ֆինանսների նախարարություն]


17։46- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 28 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 23 հիվանդը Շիրակի մարզի բնակիչ է։ Տարածման սկզբից մինչ այս պահը մարզում 8 անձ առողջացել և դուրս է գրվել, 2 անձ բուժումը ստանում է մայրաքաղաքում: Ցավոք հիվանդության արդյունքում ունեցել ենք մեկ մահվան ելք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման ցուցում ունի 148, ինքնամեկուսացման՝ 278 քաղաքացի։ Մարալիկի առողջության  կենտրոնի 10 աշխատակից այժմ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են՝ դրական թեստավորման արդյունքներով, ընդհանուր առմամբ այսօրվա մեջ թեստավորվել են կենտրոնի շուրջ 60 աշխատակիցներ։ [Շիրակի մարզպետարան]

 

17։35-  Այս համավարակը մեծ մարտահրավեր է մարդկության համար, մինչդեռ այն հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերը կարող են նոր լիցք հաղորդել բազմակողմ համագործակցությանը, պատերազմներից և թշնամանքից զերծ, ներառական աշխարհ ստեղծելու համատեղ ջանքերին: Աղետի կանխարգելմանը, թուլացմանը և կառավարմանն ուղղված վստահության ամրապնդման միջոցառումների ձեռնարկումը այս դժվարին ժամանակներում պետք է դիտարկվի որպես հնարավորություն բոլոր ժողովուրդների, այդ թվում հակամարտության կողմերի համար։ [ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին] 

 

17։29-  ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը, «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, մարզպետարանին տրամադրել է 50 հատ հեղուկացիր։ Հեղուկացիրների մի մասը կհատկացվի պոլիկլինիկաներին, մյուս մասը՝ Շիրակի մարզի այն համայնքներին, որտեղ կան բազմաբնակարան շենքեր՝ վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով։ [Շիրակի մարզպետարան]

 

17։16- Ապրիլի 21-ին  flydubai ավիաընկերության կողմից Վրաստանի քաղաքացիների համար իրականացվելու է Դուբայ-Թբիլիսի չվերթը, որով ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության միջնորդությամբ հնարավորություն է տրվել ճամփորդել նաև ՀՀ քաղաքացիներին: Հիշյալ չվերթով Թբիլիսի մեկնող ՀՀ քաղաքացիներն օդանավակայանից ավտոբուսներով կտեղափոխվեն Հայաստան և կգտնվեն 14-օրյա կարանտինային ռեժիմում: Խնդրում ենք ապրիլի 21-ի Դուբայ-Թբիլիսի չվերթով մեկնող ՀՀ քաղաքացիներին իրենց անձնագրային և գործող կոնտակտային տվյալները, ինչպես նաև տոմսի էլեկտրոնային տարբերակն ուղարկել դեսպանության էլ. փոստի հասցեին՝ [email protected]։ [ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն]

 

17։11- Նորաշեն համայնքում այս պահին ունենք 8 հաստատված դեպք, որոնցից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել։ Մնացած կասկածելի աղբյուրներից ստացված տեղեկությունները իրականության հետ որևէ աղերս չունեն։ Համայնքում սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ պարետի որոշումն ուժի մեջ է մինչև 2020 թվականի ապրիլի 18-ը՝ ժամը 23։59։ [Արարաատի արզպետ Գարիկ Սարգսյան]

 

17։06- Կետրոնական բանկի նախագահի ընտրության քվեարկությունն Ազգային ժողովում կանցկացվի ապրիլի 17-ին` կուտակումներից խուսափելու համար։  Այս մասին ապրիլի 16-ի խորհրդարանի նիստում ասաց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Հաշվիչ հանձնախմբի նախագահը պատգամավորներին խնդրեց քվեարկությանը գնալ հերթով և սեփական գրիչներով` կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։ |armenpress.am|

 

16։57- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ և համընդհանուր հրադադարի կոչը՝ հնարավորություն տալու մարդկությանը համախմբվել ընդհանուր թշնամու՝  կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, կարևոր, անհրաժեշտ և պատեհաժամ նախաձեռնություն է: Մենք կիսում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետը, որ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերի կենտրոնում պետք է լինի յուրաքանչյուր մարդու կյանքը: [ԱՀ ԱԳՆ]

 

16։47-  Online.ssa.am կայքում արդեն հասանելի են Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված 8-րդ միջոցառման շրջանակում իրականացված դրամական փոխանցումների վերաբերյալ տեղեկությունները: Այս պահին տեղեկությունները կարելի է ներբեռնել «Բեռնել վճարման ցանկը» կոճակով, ժամեր անց շահառուների համար հասանելի կլինի տվյալների ստուգման ինքնաշխատ գործիքը, որում անհրաժեշտ կլինի ուղղակի մուտքագրել անուն-ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի համարը: [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]

 

16։12- Մի խումբ ՀՀ քաղաքացիներ շարունակում են գտնվել «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Չնայած մեր հորդորներին և հյուրատներում տեղավորելու առաջարկություններին՝ քաղաքացիների մեծ մասը նախընտրում է մնալ օդանավակայանում։  Հաշվի քաղաքացիներին անհրաժեշտ սանիտարահիգենիկ պարագաներով (դիմակներ, ձեռնոցներ, անտիսեպտիկ լուծույթներ) ապահովելու կարևորությունը՝ մեր խնդրանքն ենք ուղղում մեր հայրենակիցներին՝ այս հարցում հնարավորության դեպքում աջակցելու համար։ Օդանավակայանում գտնվողներին վերոնշյալ պարագաների փոխանցման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները կարող են մեզ հետ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 8 (925) 052 -55 -28։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]

 

15։44- Կորոնավիրուսով երկու ամսական երեխան և նրա մայրը դուրս են գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։ |armenpress.am|

 

14։54- Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 210 է։ Առողջացել է 61 քաղաքացի, փաստացի բուժվում է 145 հոգի, գրանցվել է մահվածն 4 դեպք։ Հորդորում և խնդրում եմ լինել զգոն, ուշադիր և պատասխանատու։ Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան]

 

14։25- ՍԱՏՄ-ն, ի լրումն մարտի 27-ին տրամադրված միջոցների, ստացել է հատուկ հանդերձանքի հավելյալ 100 հավաքածու իր երկարաժամկետ գործընկեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ: Այն տրամադրվել է՝ նոր կորոնավիրուսի տարածման ռիսկերը հաշվի առնելով։ [ՍԱՏՄ]

 

14։18-  «Վեոլիա Ջուր» ընկերությունը, կարևորելով կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում մեր բժիշկների և բժշկական հաստատությունների դերը, որոշում է կայացրել հատուկ պայմաններ տրամադրել COVID-19–ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 բժշկական կազմակերպություններին՝ ազատելով նրանց մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձավճարների պարտավորությունից։

 

13։58- ԱՀ ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ 4՝ «Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ», «Կապան-Կովսական» անցակետերում նոր կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել: Ոստիկանության ծառայողները հսկիչ անցակետերում կանգնեցնում են ուղևորվող տրանսպորտային միջոցները, ստուգում սահմանը հատող անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը, բեռնափոխադրման հետ կապված փաստաթղթերը, ՀՀ մեկնող անձանց մոտ ՀՀ տարածքում տեղաշարժվելու համար սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթղթի առկայությունը, ըստ անհրաժեշտության՝ ծանոթացնում են ԱՀՊարետի որոշումներին, ջերմաչափման նպատակով ապահովվում վերջիններիս ներկայանալը բուժսանիտարական հսկիչ կետեր: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

13։08-  ԲՏԱ նախարարությունը առանց մրցույթի որպես դրամաշնորհ 90 մլն դրամ կտրամադրի «Ինժիներական ասոցիացիա» ՀԿ-ին՝ թոքերի արհեստական շնչառական սարքերի  ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության, նախագծման և մակետային նախատիպի մշակման աշխատանքների իրականացման նպատակով։ 

 

12։18- Կառավարության որշոմամբ ընդլայնվեց 3-րդ միջոցառման շահառուների շրջանակը։

Միջոցառման շահառու կհանդիսանան նաև հետևյալ ոլորտներում գործողունեություն ծավալող կազմակերպությունները. 

  • նախադպրոցական կրթություն  (մասնավոր մանկապարտեզներ),
  • սպորտի բնագավառում գործունեություն  (սպորտային ակումբներ, լողավազաններ),
  • զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն,
  • շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն:

 

12։01- Կառավարության որոշմամբ ընդլայնվեց 8-րդ և 9-րդ միձոցառումների շրջանակը։ 

Ընտանիքը 9-րդ միջոցառման շահառու կհանդիսա նաև այն դեպքում, երբ գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ 

8-րդ միջոցառման շահառու կհանդիսանան նաև հետևյալ ոլորտներում ներգրավված քաղաքացիները և անհատ ձեռնարկատերերը. 

  • ցամաքային տրանսպորտի գործունեություն  (երթուղային տրանսպորտ)
  • նախադպրոցական կրթություն  (մասնավոր մանկապարտեզներ)
  • սպորտի բնագավառում գործունեություն  (սպորտային ակումբներ, լողավազաններ)
  • զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն։

 

11։34- Այսօր զրույց ունեցա իմ գործընկերներների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարներ-գլխավոր քարտուղարների հետ:Ներկայումս ունենք նաև հետևյալ վիճակագրությունը. Ուկրաինա՝ 10 պատգամավորի մոտ հայտնաբերվել է Կորոնավիրուս, Մոլդովա 3 աշխատակազմի աշխատակցի մոտ է հայտնաբերվել համավարակը, Հայաստանի և Վրաստանի խորհրդարաններում, ոչ աշխատակազմի, ոչ պատգամավորների մոտ ներկայումս կորոնավիրուսով հիվանդացում չի եղել: [ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյան]

 

11։03- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։ Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում սրտի ռիթմի խանգարում  պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ։
 Ապրիլի 15-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք և 61 առողջացածներ։ [Ան խոսնակ Ալինա Նիկողոսյան]

 

10։56- Թարմացվել է 16.04.2020թ․ ժամը 11։00-ին

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1159
Նոր դեպքեր- 48
Բուժվածներ - 358
Փաստացի բուժվողներ - 783
Ընդհանուր թեստեր - 9632
Մահվան ելքեր - 18 [ԱՆ]

 

09։36- Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում` մինչև մայիսի 14-ը, Ճանապարհային ոստիկանությունը որոշ ծառայություններ կիրականացնի առցանց եղանակով: [ՀՀ Ոստիկանություն]

 

09։24-  Երեկ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի միջև։ Նրանք խոսել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկվող քայլերի շուրջ։ Նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնել կիպրացի եղբայրական ժողովրդին՝ համավարակի տարածման դեմ մղվող պայքարում: [ԱԳՆ]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16․04․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.04․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել