Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, աշխարհ, 30․03․20 (թարմացվող)
00:38 - 31 մարտի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, աշխարհ, 30․03․20 (թարմացվող)

23։31- Վրաստանում կորոնավարակակիրների թիվը 100-ից հասել է 103-ի: Ապաքինվել է 20 մարդ: Կարանտինում մնում է 5 114 մարդ, ստացիոնարում` 263: Նոր վարակվածների վարակի աղբյուրը դեռևս անհայտ է: |aliq.ge|


22։34- Նյու Յորք նահանգում հիվանդների թիվը հասել է 66 487-ի, 1 218 մարդ մահացել է։ [Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմո]


21։40- Պարագվայի իշխանությունները կրճատում են պաշտոնատար անձանց աշխատավարձերը 20% -ով և սկսում են պետական ապարատի բարեփոխումը`կորոնավիրուսի դեմ պայքարի համար լրացուցիչ միջոցներ ազատելու համար: 
Պարագվայի նախագահ Մարիո Աբդո Բենիտեսը որոշել է իջեցնել պետական հատվածի աշխատավարձի ֆոնդը՝ առողջապահության համար: Հայտարարության մեջ նշվում է, որ հնարավոր կլինի խնայել մոտ 52 միլիոն դոլար ՝ աշխատավարձերը կրճատելով 10 և 20 տոկոսով երեք ամսվա ընթացքում:
Նվազելու են նաև արտաժամյա վճարումները, վառելիքի փողը և այլ ավելորդ ծախսեր: |ria.ru||armenpress.am|


20:44- Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Մեծ Բրիտանիայում կարող է կարգավորվել մոտ կես տարուց։ Այս մասին հայտարարել է երկրի գլխավոր բժշկի տեղակալ Ջեննի Հարրիսը։ Նա պարզաբանել է կառավարության ծրագիրը․ սոցիալական մեկուսացման միջոցառումները ատիճանաբար կնվազեցվեն, 3 շաբաթից կառավարությունը կտեսնի, թե ինչպես է զարգանում հիվանդությունը, որից հետո 2-6 ամսվա ընթացքում բոլոր սահմանափակումները աստիճանաբար կհանվեն։ Հարրիսը նաև ընդգծել է, որ չի կարելի արագ վերադառնալ սովորական կյանքին, քանի որ դա կզրոյացնի բոլոր ջանքերը։ |bbc.com|


20:14- Լատվիայի իշխանությունները մտադիր են արտակարագ դրության ռեժիմի սահմանափակումները չպահպանելու համար նախատեսված տուգանքը դարձնել 1000 եվրո և ավելի: Այս մասին տեղեկացրել է երկրի ՆԳ նախարար Սանդիս Գիրգենսը: Նա ցավով նշել է այն, որ Լատվիայի բնակիչները չեն պահպանում արտակարգ ռեժիմի պայմաններում սահմանված կանոնները, սոցիալական տարածությունը: 


20:11- Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անօրինական ճանապարհով երկիր մուտք գործած Սիրիայի քաղաքացիները կպահվեն կարանտինում, այնուհետև քրեական պատասխանատվության կենթարկվեն: Նախարարության հայտարարության մեջ նաև նշվում է, որ քաղաքացիների՝ երկիր ապօրինի մուտք գործելու գործընթացին աջակցելը ևս իրավական պատասխանատվություն է ենթադրում: Սիրիայում կորոնավիրուսի վարակվածության 9 դեպք կա: Երկրում գրանցվել է մահվան առաջին դեպքը: Մարտի 22-ին ՆԳՆ-ն հայտարարել էր, որ պետք է փակել երկրի բոլոր անցակետերը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: |armenpress.am|


19:13- Աթլետիկայի աշխարհի 2021 թվականի առաջնությունը հետաձգվել է: 
Քանի որ ՄՕԿ-ը որոշել է մեկ տարով հետաձգել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը, ելնելով այդ որոշումից Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան ևս փոխել է առաջնության ժամկետները: Այն ի սկզբանե պլանավորված էր 2021 թվականի օգոստոսի 6-15-ը ԱՄՆ-ում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: |armenpress.am|


18:50- Նյու Յորք նահանգում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է հազարը, վարակի հաստատված դեպքերի թիվը 60 հազար է։ |nytimes.com|


18:30- Վրաստանում արգելվում է հանրային տրանսպորտով երթևեկությունը, այդ թվում նաև մետրոն՝ Թբիլիսիում: Թույլատրվում են միայն մարդատար ավտոմեքենաները, ներառյալ տաքսիները, այդ էլ այն դեպքում, եթե հաշվի են առնված Առողջապահության նախարարության առաջարկությունները. մեքենայում ընդամենը երեք անձ, ներառյալ վարորդը, հետևի նստատեղում ընդամենը երկու հոգի: [Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա]|aliq.ge|


18:16- Մեծ Բրիտանիայի թագաժառանգ, 71-ամյա արքայազն Չարլզն ապաքինվել է ու դուրս եկել ինքնամեկուսացունից։ |independent.co.uk|


17:33- Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասավ 100-ի: Կարանտինում է 4978, հատուկ ուշադրության ներքո՝ 266 մարդ: 100-ից առողջացել են 18-ը, ծայրահեղ ծանր վիճակում են 2-ը: [Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա]


17:30- Վրաստանում հայտարարվում է համընդհանուր կարանտին: Որոշումն ուժի մեջ կմտնի վաղն առավոտյան՝ ժամը 08:00-ին: Սահմանափակումները հետևյալն են՝
-Երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է տանից դուրս գալ
-70-ից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում է տանից դուրս գալ
-Արգելվում է 3-ից ավելի մարդկանց հավաքվել ցանկացած հանրային վայրում, բացի դեղատնտերից և մթերային խանութներից
-Պարտադիր է տանից դուրս գալու դեպքում ունենալ անձը հաստատող ID քարտ։ [Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա] |aliq.ge|


17:00- Թուրքիայի քաղաքներից 15-ում կարանտինային ռեժիմ է սահմանվել, որը կտևի 14 օր։


16:30- Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1063-ով և հասել 11 899-ի: Երկրում մեկ օրվա ընթացքում մահացել է 82 մարդ, մահացածների ընդհանուր թիվը 513 է։


15։34- Նյու Յորքի Կենտրոնական այգու տարածքում կառուցվում է հիվանդանոց՝ կորոնավիրուսով վարակվածների համար։ Հիվանդանոցը նախատեսված է 68 հիվանդի համար, շինարարությունը նախատեսված է ավարտել 2 օրում։

14։49- Կորոնավիրուսից վարակվածության թվով Իսպանիան անցավ Չինաստանին: Հաստատված դեպքերի թիվը կազմում է 85 հազար 195: Այստեղ մեկ օրում 5 հազար 85 նոր դեպք է հաստատվել: Իսպանիայում մահացության ցուցանիշը ևս բարձր է: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 340 մարդ: Մեկ օրում գրանցվել է 500-ից ավելի մահ: Չինաստանում կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր թիվը 81 հազար 470 է: |armenpress.am|

 

14։41- Իրանում մարտի 30-ին, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 3 հազար 186-ով: Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը Իրանում կազմում է 41 հազար 495: Մահացածների ընդհանուր թիվը մարտի 30-ի դրությամբ կազմում է 2 հազար 757: Մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 117-ով: |armenpress.am|

 

13։41- Նյու Յորքում կորոնավիրուսից 69 տարեկան հասակում մահացել է երաժիշտ, I Love Rock 'N' Roll երգի հեղինակ Ալան Մերիլը։

 

12։50- EasyJet ավիաընկերությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով 2 ամսով կասեցրել է բոլոր թռիչքները, աշխատակիցները ուղարկվել են արձակուրդի՝ պահպանելով աշխատավարձի 80 %-ը։

 

11։43- Մարտի 30-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 97-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքէջում: Վրաստանում պաշտոնապես բուժված է համարվում 18 պացիենտ: Կարանտինային գոտում է գտնվում 4876 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 264 պացիենտ: |aliq.ge|

 

11։41- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Անկարան դադարեցնում է բոլոր արտաքին չվերթները: Թուրքիայի քաղաքների միջև տեղաշարժը  պիտի իրականացվի միայն  տեղական ինքնակառավարման մարմինների թույլտվությամբ։ Նա նաև նշել է, որ Թուրքիայի 81 նահանգներում ստեղծվելու են հատուկ հանձնաժողովներ, որոնք պետք է հետևեն ստեղծված իրավիճակին և միջոցներ ձեռնարկեն: |ermenihaber.am|

 

11։37- Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության մոտ 20 000 նախկին աշխատակից վերադարձել է աշխատանքի՝ միանալու կորոնավիրուսի դեմ պայաքարին։ Այս մասին ասել է վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի մոտ ևս ուրբաթ օրը ախտորոշվել է կորոնավիրուս։

 

11։34- Նիդեռլանդների կառավարությունը հետ է ուղարկում Չինաստանից ստացած մոտ հարյուր հազար բժշկական դիմակ, քանի որ դրանք չեն համապատասխանում ստանդարտներին։

 

10:16- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 723 հազարը: կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 33 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 151 հազար 798: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր: |armenpress.am|

 

09:46- Թուրքիայում մարտի 29-ի դրությամբ կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 131-ի։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ 24 ժամվա ընթացքում իրականացված 9․982 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1.815 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 23 դեպք։ |ermenihaber.am|

 

09։34- Մարտի 30-ից Մոսկվայում ուժի մեջ կմտնի համընդհանուր ինքնամեկուսացման ռեժիմ, հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները։ Տնից կթույլատրվի դուրս գալ միայն աշխատանքի, մոտակա խանութ կամ դեղատուն գնալու համար, հնարավոր կլինի դուրս գալ նաև աղբ թափելու և կենդանիներին զբոսանքի տանելու նպատակով։ Տրանսպորտի տեղաշարժի սահմանափակում չի լինի, քաղաքից ելումուտը չի փակվում։ Կորոնավիրուսի պատճառով աշխատանքը կորցրած անձինք պարբերաբար փոխհատուցում կստանան մոսկովյան իշխանություններից։ |civilnet.am|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 31․03․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․03․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, աշխարհ, 29․03․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել